Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային բոլոր թոշակները հուլիսի 1-ից կավելանան 3000 դրամով. Աշխատանքի և սոցիալական նախարարության վարչության պետ

Հունիս 30,2023 14:18

Հուլիսի 1-ից բարձրանալու են միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում մանրամասներ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Նա տեղեկացրեց, որ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն։ «Բոլոր կենսաթոշակները, անկախ մասնագիտությունից, ստաժից հաշվարկվում են միևնույն մոտեցմամբ. Նույն բանաձևով, որը հաստատված է «Պետական կենսաթոշակների մասին օրենքով»: Երբ բանաձևով հաշվարկում ենք և հաշվարկած չափը պակաս է լինում կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից , ապա կենսաթոշակը վճարվում է ոչ թե հաշվարկված չափով, այլ նվազագույն կենսաթոշակի չափով: Օրինակ, եթե գործող բանաձևով հաշվենք 21 հազար հիմնական կենսաթոշակի չափն է և 9500 դրամ մինչև 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքը, այսինքն` 21000+95000 դրամ, ստացվում է՝ 10 տարվա ստաժի պարագայում կենսաթոշակը կլիներ 30500 դրամ, բայց քանի որ նվազագույն կենսաթոշակը սահմանված է 31600, ուստի հաշվարկվում է ոչ թե հաշվարկային կենսաթոշակով, այլ նվազագույն կենսաթոշակի չափով, այսինքն` 305000-ի փոխարեն 31600 դրամ: Երբ 31600 դրամը դառնում է 36000 դրամ, սկզբունքը նույնությամբ գործում է. հաշվարկվում է բանաձևով, եթե հաշվարկային չափն ավելի քիչ է, քան նվազագույն կենսաթոշակը, ապա վճարվում է նվազագույն կենսաթոշակի չափով, այսինքն` 36000դրամ»,-մանրամասնեց տիկին Գալստյանը

Նրա խոսքով, աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ՝ 21,000 դրամի փոխարեն։ Սա նշանակում է, որ բոլոր աշխատանքային թոշակներն առնվազն հիմնական կենսաթոշակի տարբերության չափով՝ 3000 դրամով ավելանում են:

Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ 1,600 դրամի փոխարեն։ Փոփոխություններ կան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերում։ Մասնավորապես, ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 50,600 դրամ՝ 46,000 դրամի փոխարեն։ Ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 41,400 դրամ՝ 36,000 դրամի փոխարեն։ Ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 38,000 դրամ՝ 33,000 դրամի փոխարեն։ Ծերության նպաստի չափը դառնում է 36,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն։ Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանվում է 39,000 դրամ՝ 31,600 դրամի փոխարեն)։

« Ունենք շուրջ 580 հազար շահառու և 1000 դրամ թոշակը, նպաստն ավելացնելու դեպքում անհրաժեշտ կլինի շուրջ 7 մլրդ դրամ։ Հիմա, մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը 79 հազար դրամ է, մեր բարձրացումների արդյունքում կենսաթոշակի չափը կդառնա 49 հազար դրամ։ Ինչպես տեսնում ենք, 30 հազարով պակաս։ Եվ եթե այդ ցուցանիշին հասնենք, ուրեմն պետք է դա բազմապատկենք 7 մլրդ-ով։ Որևէ դեպքում 200 մլրդ-ից ավելի ծախսային ուղղության վրա դնելը իրատեսական չէ։ Քայլերը պետք է հիմնավորված լինեն տնտեսական կարողություններով»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930