Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատենադարանի տնօրենի՝ դոկտորի գիտական աստիճան և գիտական որոշակի վաստակ ունենալու հարցը շատ կարևոր է»

Հունիս 30,2023 13:20

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 29-ին Մատենադարանում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում եղավ նաև քննարկում տնօրենի առաջիկա ընտրության հարցի շուրջը։ Ելույթ ունեցողները նշեցին, որ Մատենադարանի տնօրենի ընտրության հետ կապված զարգացումները որոշակի մտահոգություններ են առաջացնում։

Առաջինն այն է, որ փոխվել է տնօրենի ընտրությունն իրականացնող Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, նախկին 24 անդամի փոխարեն՝ որոնցից 11-ը Մատենադարանի աշխատակիցներ էին, այժմ 13 անդամ են,  որոնցից 2 հոգի է Մատենադարանի աշխատակից։

Երկրորդն այն է, որ եթե նախկինում գործող՝ Մատենադարանի տնօրենի ընտրության կանոնակարգում նշած էր, որ «Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի դոկտորի գիտական աստիճան (պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության) և առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքի փորձառություն» (3.2), ապա հոգաբարձուների նորակազմ խորհրդի կողմից կատարվել է այս կետի փոփոխություն՝ դոկտորի աստիճանի պահանջի վերացումով։ Նոր խմբագրության մեջ այդ մասին նշվում է. «Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական կամ փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության կամ գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային փորձառություն» (տե՛ս տնօրենի ընտրության մասին հայտարարությունը Մատենադարանի կայքում)։ Գիտական աստիճան է նաև գիտությունների թեկնածուն։ Սա նշանակում է, որ գիտական առումով իջեցվել է Մատենադարանի տնօրենին ներկայացվող պահանջների նիշը։

Նիստում արծարծվեց նաև այն հարցը, որ, ըստ գործող կանոնադրության, Մատենադարանի «Գիտական խորհրդի նախագահը Մատենադարանի տնօրենն է» (51)։ Սա նշանակում է, որ գիտությունների թեկնածուի՝ որպես Մատենադարանի տնօրեն ընտրվելու դեպքում, Մատենադարանի գիտական խորհուրդը կարող է գլխավորել գիտությունների թեկնածու։ Նշվեց նաև, որ Հոգաբարձուների խորհրդի հրապարակած՝ Մատենադարանի տնօրենի ընտրության հայտարարության մեջ բացակայում է տնօրենի թեկնածուների կողմից՝ իրենց հրապարակած աշխատությունների ցանկի ներկայացման պահանջը, որն առկա էր նախկինում գործող կանոնակարգում (2.4, ը.)։

Նշված հարցերի առնչությամբ ելույթ ունեցողները նշեցին, որ Մատենադարանն առաջին հերթին հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ է, այդպես է հիմնադրվել և գործել տասնամյակներ շարունակ, ուստի նրա տնօրենի՝ դոկտորի գիտական աստիճան և գիտական որոշակի վաստակ ունենալու հարցը շատ կարևոր է։

Ելույթ ունեցողներից մի քանիսը, ինչպես գիտխորհրդի անդամներ, այնպես էլ դռնբաց նիստին մասնակցող գիտաշխատողներ (պատմական գիտությունների դոկտորներ Վահան Տեր-Ղևոնդյան, Էռնա Շիրինյան, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյան, արվեստագիտության թեկնածու Էդդա Վարդանյան, պատմական գիտությունների թեկնածուներ Արսեն Հարությունյան, Լուսինե Թումանյան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, տոմարագետ Ջուլետա Էյնաթյանը), առաջարկեցին որպեսզի 2018 թ. մարտից Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն և 2023 թ. մարտից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը մասնակցի Մատենադարանի տնօրենի ընտրությանը, նշելով, որ գիտնականի նրա անցած ճանապարհը և վարչական, կազմակերպչական աշխատանքի այն արդյունքները, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսներին, թույլ են տալիս նրան համարելու այս պահին Մատենադարանի տնօրենի առավել նպատակահարմար թեկնածու։

Նիստի վերջում ելույթ ունեցավ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ իր նկատմամբ ցուցաբերված չափազանց մեծ պատվի և վստահության համար։

Մատենադարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930