Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամը, Նիկոլը և մեր չորս հերոսները. Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 30,2023 12:34

Եվ դարձյալ արտահերթ ու ակամա մարտիրոսված մեր չորս ոսկետղերքն էին Իլհամի և Նիկոլի պայմանավորված քաղաքականության թիրախում։

Անհուն կսկիծով կիսում եմ Արմոյի, Սամվելի, Երվանդի և Գագիկի ընտանիքների ու ծառայակից ընկերների անասելի վիշտը։ Նրանց կենդանի հիշատակը մեզ՝ ժառանգորդիներիս, թող լույս-ճշմարտություն բերի, իմաստնություն ու կամք, հատուցում և ողնաշարի ուղղում։

Քանի չարաբաստիկ զույգը կա՝ չեն լինելու խաղաղություն, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, կենսական ազգային շահ: Չեն լինելու սահմանադրական իրավունք ու տարրական արժանապատվություն, ՄԱԿ-ում ծածանվող պետական դրոշին վայել տեղ ու դեր՝ այս տարածագոտում և աշխարհում։

Լինելու են լոկ կրկնվող շարաններ զինվորական և քաղաքացիական տևական սպանությունների, հայրենի հողի զիջումների ու կորուստների՝ դավադիր գործարքների կամ պարտադրված նախահարձակումների, հայ մարդու ստորացման և հանրության ամլացման: Լինելու են, վերջին հաշվով, Հայաստանի պետական կործանում և Արցախի ոչնչացում, իսկ լավագույն դիպաշարում՝ նրանց վերածում անկամ ու ենթակա, հաշմված ու խեղված, ոչ մեկին չվերաբերելի միավորների։

Իրենց Մուհամեդ և Քրիստոս երևակայողները կամ՝ առնվազն Նապոլեոն ու Մանդելա, միգուցեև՝ Ռաբին ու Սադաթ, կարող են հոգեկանի աշխարհում խաղաղության հեղինակավոր մրցանակներ ըղձալ, բայց իրենց չարիքի և հանցագործությունների համար՝ Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագույնս արդարադատության ատյանի առջև է. մեկը՝ միջազգային, մյուսն՝ ազգային։

Մեր Հայրենիքի, պետականության, ազգի ու ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի, Արարատի ու Արագածի, մեր ողջ պատմության և ապագայի ցանկացած հնարավորության ճակատագիրը հենց այսօր դրված է զոհասեղանին։

Բացառիկ պայմանակարգով պիտի հետաձգենք անհատական և հատվածական, մեծ ու փոքր, հին ու նոր շարժումների, հոսանքների կամ կուսակցությունների գերակայությունը և փոխարենը ազգովի, հասարակավ, քաղաքացիական հզոր ալիքով, ապաև պետականորեն գնանք մեծ համախմբման՝ մեկ անգամ և վերջնականապես լուծենք սերունդների ու հայկական քաղաքակրթության բազմադարյա պատմագրության թնջուկը՝ Հայոց մեծ հարցը։

Մեր օրերին կամ երբեք։ Մենք կամ ոչ մեկ։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930