Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մեկ շանս ունի միայն պատմության առաջ դույզն-ինչ պարզերես լինելու՝ եթե հրաժարվի այն քաղաքականությունից, որ վարում է. «Ազգ»

Հունիս 30,2023 10:49

Փաշինյանը պատերազմում պարտությունից եւ դրանից հետո տեղի ունեցած բազմաթիվ ցավալի իրադարձություններից հետո մեկ շանս ունի միայն պատմության առաջ դույզն ինչ պարզերես լինելու՝ եթե նա հրաժարվի այն քաղաքականությունից, որ վարում է հիմա եւ հետեւողականորեն որոնի այն ճանապարհը, որով Արցախը չի հայտնվելու Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանից էլ տարածքներ չեն զիջվելու Ադրբեջանին: Դրա համար հայկական կողմն ունի դիվանագիտական բավարար գործիքներ եւ պատմական փաստաթղթերի բավարար իրավական հիմք:

Պարզ է, որ մեր կողմից մատնաշվող ճանապարհը դյուրին չէ եւ վտանգներից նույնպես զերծ չէ, բայց այն ճանապարհը, որով այժմ ընթանում է իշխանությունը, հեռանկարի առումով ավելի վտանգավոր ու կորստաբեր է եւ որ ամենակարեւորը՝ ընդունելի չէ հայերի մեծ մասի համար, եւ սրա հետ հաշվի չնստելով՝ Փաշինյանն, ուրեմն, կրակի հետ է խաղում: Եթե քարը փեշից թափելու ցանկություն հանկարծ ու դրսեւորի Փաշինյանը եւ փորձի գնալ հայկական իրավունքների առաջադրման իրավապատմական ճանապարհով, ապա իր շրջապատը նա պետք է համալրի իրոք հարցի լայն հնարավորությունները պատկերացնող մասնագետներով, որոնք ինչ-որ չեն երեւում ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ գործադիրում, իսկ իր շրջապատում առկա եւ արդեն հանրության համար անհաճո դարձած մի շարք դեմքերից նա ստիպված է լինելու ազատվել, փորձելով ուղղել բոլոր այն սխալները, որոնք տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ինքն ու իր թիմն են արել: Ուրիշ շանս նա չունի եւ չի ունենա, կարծում եմ՝ հասկանում է մեր կողմից ասվածի բարեխղճությունը, այն, ինչ նա չի լսի իր մոտիկ շրջապատից: Իսկ եթե նրան այլեւս ոչ մի կերպ հասու չեն սթափ ուղերձները, ապա դրանում նա միայն ու միայն իրեն պետք է մեղադրի:

Մի հընթացս նկատառում եւս. լեգիտիմ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանի այն հարցադրումը, թե միգուցե արժեր, որ նախկին բոլոր նախագահները հավաքվեին եւ ներկայացնեին իրենց պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ: Այս նկատառումը կիսաբերան հնչեց ԱԺ քննիչ հանձնաժողովի վերջին բաց նիստում եւ սահուն անտեսվեց, քանի որ հավանաբար քննիչ հանձնաժողովի բաց նիստերի շարժառիթն այն նախաձեռնողի մասով բոլորովին այլ է: Բայց, խոստովանենք, շատ զարմանալի է, որ անգամ խիստ վտանգավոր ներկա վիճակը ՀՀ նախկին նախագահներին չի ստիպում իրենց քաղաքական բաստիոններից դուրս գալ, միմյանց հանդեպ ատելությունն ու սերը մի կողմ դնել եւ դրանք իրենց գրասենյակների ղեկավարների ուղերձներում արտացոլելու փոխարեն՝ հավաքվել ու փորձել խելք-խելքի տալով մշակել այն քայլերը, որոնց հերթագայությամբ հնարավոր կլինի դուրս գալ Արցախի, եւ ինչու չէ՝ Հայաստանի համար ներկա վտանգավոր վիճակից: Այսինքն՝ ձեւավորել պետության արտաքին քաղաքականության քայլերի փաթեթ եւ որպես միակ քաղաքականություն առաջարկել վարչակարգին: Այդպես կվարվեին իրոք պետությամբ մտահոգ մարդիկ, անձնական մոտիվները մի կողմ դնելով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930