Միգրենը նյարդաբանական բնույթի խանգարում է, որի առաջացումն, ամենայն հավանականությամբ, ժառանգական գործոնով է պայմանավորված։ Միգրենի նոպաների ժամանակ մարդկանց համար շատ դժվար է լինում նորմալ կենսագործունեություն ծավալելը, և դեղորայքային բուժումից զատ կենսակերպում մի շարք շտկումներ է հարկավոր կատարել՝ քրոնիկ միգրենից կամ խնդրի սուր դրսևորումներից խուսափելու համար։
Միգրեն ունեցող մարդու համար կարևոր են հետևյալ քայլերը՝
Քնի որակի բարելավումը․ քունն ամենամեծ նվերն է, որը կարող եք մատուցել միգրեն ունեցող մարդն ինքն իրեն։ Քնի և արթնության մշտական կայուն գրաֆիկը միգրենի դեմ պայքարում հաջողության հասնելու նախապայմաններից մեկն է։ Դա նշանակում է, որ պետք է ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին, անգամ՝ հանգստյան օրերին։ Մեծահասակների համար քնի արդյունավետ չափաբաժինը 7-9 ժամն է։
Ֆիզիկական վարժությունները․ ֆիզիկական կանոնավոր վարժությունները բարձրացնում են ցավազրկող ազդեցություն ունեցող բնական հորմոնների՝ էնդորֆինների մակարդակը։ Այդ հորմոնները նաև օգնում են նվազեցնել սթրեսը, պայքարել տագնապի ու դեպրեսիայի դեմ և կանոնավորել քունը։ Մինչ ձեզ համար նախընտրելի տարբերակ ընտրելը քննարկեք բժշկի հետ, թե որ տեսակի վարժություններն են առավել հարմար ձեր օրգանիզմի համար։
Կարդացեք նաև
Լավ տարբերակներ են քայլքը, լողը, մկանային զանգվածն ավելացնող ուժային վարժությունները, յոգան։ Կարևորը կանոնակարգված կերպով մարզվելն է, իսկ սկսել կարելի է ավելի թեթև վարժություններից՝ աստիճանաբար մեծացնելով ծանրաբեռնվածությունը։
Սննդակարգի ընտրությունը․ միգրենի դեպքում կարևոր է կանոնավոր սնվելը՝ արյան մեջ շաքարի մակարդակի նվազումից խուսափելու համար։ Խորհուրդ չի տրվում օգտագործել վերամշակված մթերքներ, որոնք կարող են վատացնել միգրենի ախտանշանները։ Թեև չկան հավաստի ապացույցներ, որ այս կամ այն տեսակի սնունդը միգրենի ախտանշաններ է առաջացնում, մասնագետներն, այնուամենայնիվ, առաջարկում են շրջանցել այս մթերքները ևս՝
- ասպարտամ արհեստական քաղցրացուցիչ պարունակող հյութերը, մթերքները,
- շոկոլադը,
- նատրիումի գլուտամատ պարունակող համեմունքները, չինական խոհանոցի արագ պատրաստվող ուտեստները,
- սուլֆիտներով վերամշակված մսամթերքը, հատկապես բեկոնն ու սալյամին,
- ոգելից խմիչքները (հատկապես կարմիր գինին)։
Կոֆեինի դեպքում կարևորը չափի պահպանումն է, քանի որ չափավոր օգտագործման դեպքում այն կարող է կանխել գլխացավը, իսկ չարաշահելու դեպքում՝ գլխացավի պատճառ դառնալ։ Եթե սովորել եք առավոտը մեկ բաժակ սուրճով սկսել, ապա բաց մի թողեք սուրճ խմելու ձեր ժամը՝ գլխացավից խուսափելու համար։
Ջրազրկումից խուսափելը․ անգամ թեթև ջրազրկումը կարող է գլխացավ առաջացնել։ Ուստի աշխատեք ձեր ձեռքի տակ միշտ ջուր ունենալ, քանի որ որոշ դեպքերում միայն ջուրը բավարար է գլխացավը կանգնեցնելու համար։
Սթրեսի կառավարումը․ մարդը չի կարող ամբողջովին խուսափել սթրեսից, բայց այն որոշակիորեն կառավարել կարող է։ Միգրեն ունեցող մարդկանց 50 – 70% -ը նշում է, որ սթրեսն իրենց մոտ վատացնում է միգրենի ախտանշանները, ուստի հակասթրեսային միջոցառումները, ինչպիսիք են դանդաղ, խորը շունչ քաշելը, վարժությունները և այլն, կարող են նպաստել միգրենի դրսևորումները թեթևացնելու հարցում։
Միգրենի դեմ պայքարում կարևոր դեր ունի նաև խնդրի առաջացմանը նպաստող տրիգերների հաղթահարումը, դրանք են՝ առկայծող, վառ լույսից, ուժեղ հոտերից խուսափելը, եղանակային փոփոխությունների ժամանակ բարենպաստ միջավայրում գտնվելը և այլն։
Ցավազրկող դեղահաբերը, իհարկե, կարող են թեթևացնել ախտանշանները, սակայն դրանց չարաշահումը կարող է հանգեցնել գլխացավի ուժեղացման։ Քրոնիկ միգրեն ունեցողների գրեթե կեսն իրենց սկսում են ավելի լավ զգալ, երբ հաջողվում է խուսափել ցավազրկողների չարաշահումից և կենտրոնանալ կանխարգելման և բուժման այլ մեթոդների վրա։
Արևմտյան երկրներում խորհուրդ է տրվում քրոնիկ միգրենի դեպքում օրագիր պահել և մանրամասն նշել գլխացավի առաջացման օրերը, ցավի դրսևորման աստիճանը, դեղամիջոցների օգտագործումը և այլն, որպեսզի այդ տեղեկություններն օգնեն հասկանալ միգրենի զարգացման օրինաչափություններն ու ցավի առաջացման հիմնական պատճառները։
Միգրենի հաղթահարմանը կարող են նպաստել նաև այս քայլերը՝
Ասեղնաբուժություն․ չինական բժշկության այս վաղեմի մեթոդը միգրենի դեմ պայքարում պացիենտների մոտ 60 տոկոսի շրջանում լավ արդյունքներ է արձանագրել գրեթե քսան գիտական հետազոտություններում։
Սննդային հավելումներ․ խորհրդակցեք բժշկի հետ սննդային հավելումների ընդունման անհրաժեշտությունը հստակեցնելու համար․ միգրենի դեպքում արդյունավետություն են ցուցաբերել մագնեզիումը, վիտամին B2-ը, կոէնզիմ Q10 հակաօքսիդանտը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ