Մեր քաղաքական գործիչները սիրում են բացականչել՝ «ես ոչ արեւմտամետ եմ, ոչ ռուսամետ, ես հայամետ եմ»: Ինչ խոսք, դա կուրծք ծեծելու հրաշալի տարբերակ է, եւ, ինչպես ցանկացած դատարկ կարգախոս, գեղեցիկ է հնչում:
Ի հեճուկս այդ խրոխտ հայտարարությունների՝ ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է ունենա գաղափարական, արժեքային կողմնորոշում: Այդ իմաստով ազատության, հանդուրժողականության, լուսավորության գաղափարները, որոնք հռչակվել են Եվրոպայում 17-18-րդ դարերում, ինձ շատ ավելի մոտ են, քան «Երրորդ Հռոմի» կամ «ռուսական ոգեղենության» այն էկլեկտիկ տեսությունները, որոնք շրջանառության մեջ են այսօրվա Ռուսաստանում: Ընդ որում, 19-րդ դարի, 20-րդ դարի առաջին տասնամյակների ռուս գրողների ու փիլիսոփաների մտքերը, որոնք սիրում են վկայակոչել ժամանակակից կայսրական խավարամիտները, շատ ավելի խորն են ու հետաքրքիր, քան քարոզչական տափակ կլիշեները, որոնք դրանցից փորձում են դուրս բերել: Դոստոեւսկիով կամ նույնիսկ Իլյինով արդարացնել Ուկրաինայի վրա հարձակումը՝ մոտավորապես նույնն է, ինչ Նիցշեով բացատրել գերմանացի նացիոնալ սոցիալիստների հանցագործությունները:
Մի խոսքով՝ արեւմտյան արժեքային կողմնորոշումն այսօր, իմ կարծիքով, շատ ավելի գերադասելի է, քան ռուսականը: Քաղաքականությունն այլ բան է. այստեղ պետք է ընտրել այն, ինչը քո պետության համար տվյալ պահին ձեռնտու է: Դա պետք է հիմնված լինի ծանրակշիռ, աշխարհի բոլոր ուժային կենտրոնների համար հասկանալի փաստարկների վրա, ոչ թե գեղջկական խորամանկությամբ պայմանավորված «ֆռիկների»: Հակառակ դեպքում՝ նույնիսկ մեր նկատմամբ ակնհայտ համակրանք ունեցող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նյարդերը կարող են տեղի տալ:
Հայաստանում «արեւմտամետներն» ամենաակտիվն են, ամենաագրեսիվը եւ ամենաբարձր գոռացողները: Նրանց դիրքորոշումը հաստատ հիմնված չէ արեւմտյան, եվրոպական արժեքների վրա՝ հակառակ դեպքում նրանք մարտի չէին նետվի բոցավառ բոլշեւիկների նման՝ փորձելով լռեցնել իրենց ընդդիմախոսների ձայնը: Արդյոք նրանք մեծամասնությո՞ւն են կազմում՝ դժվարանում եմ ասել: Համենայնդեպս, «վերեւից» գալիս են համապատասխան քարոզչական իմպուլսներ, որոնք շարքային քաղաքացիների մոտ արտապատկերվում են հետեւյալ ասույթի մեջ՝ «սաղ նախկիններն ու ռուսներն են մեղավոր, խեղճ Նիկոլն ի՞նչ անի»: Այսպիսով «արեւմտամետությունը» դառնում է «մեյնսթրիմ», իսկ նրանք, ովքեր կոչ են անում որեւէ ուժային կենտրոնում հրեշների կամ հրեշտակների չփնտրել, հայտարարվում են Կրեմլի գործակալներ:
Կարդացեք նաև
Բայց այդ, ակնհայտորեն քարոզչական, օպերացիան վարկաբեկում է իրական արեւմտամետությունը՝ իրապես ազատ քաղաքացիներ եւ ուժեղ պետություն ստեղծելու այն ծրագրերը, որոնք դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը: Ավելին՝ արեւմտյան որոշ շրջանակներ նույնպես այս պարագայում իրենց բացասական դերն են խաղում՝ ձեւ անելով, թե իբր Հայաստանում այդ ծրագրերն արդեն իրականացվում են: Այդ երեսպաշտության պատճառը նույնպես զուտ քաղաքական հաշվարկներն են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Ձեր գրածը ընդամենը արևմտյա, կամ երոպական արժեքների իդեալական ներկայացում է։ Արևմտյան արժեքի կրող են արդյոք Ալիևին հուսալի գործընկեր անվանողները , կամ ֆաշիստական կազմակերպությունների վրա աչք փակողները, միայն թե վերջիններն Պուտինի դեմ լինեն և սա շատ երկար շարունակելի ցանկ է ինքներտ գիտեք։
Ձեզ ընդհանուր առմամբ համարում եմ Հայաստանի քիչ թե շատ օբյեկտիվ ժուրնալիստներից, բայց հենց խոսքը Հայաստանի և Ռուսաստանի երկրորդ նախագահների մասին է գնում օբյեկտիվությունն Ձեր մոտ , ըստ իս, վերանում է։
Շատերի համար, նաև իմ, եթե բոլոր լիրիկական մասերը մի կողմ թողնենք, այսօրվա արևմտամետությունն քաղաքական դաշտում Հայաստանի պարագայում հակառուսականություն և հակաիրանություն են։ Հետևաբար թրքամետություն։
Հուսով եմ կհրապարակեք։ Լավ օր
Եթե դու մեծ երկրի հույսին ես, ապա երբ գա այդ մեծ երկրի ճգնաժամի պահը, առաջինը նա իր հույսին մնացած թույլերին է որպես բալաստ շպրտելու, որ ինքը թեթեւ տանի ճգնաժամը, իսկ այսօր բոլոր մեծ ու փոքր պետությունները կռիվ են տալիս ապագայում իրենց տեղը նոր աշխարհակարգում ապահովելու համար: Թե ուզում ես ուժեղ ու արդար երկրի աջակցությունը ստանաս, դու էլ քո ուժերի չափով պետք է աջակցես ուժեղ ու արդար երկրին, քեզ նմանները որ դառնան ուժեղ եւ արդար, ապա հզոր ուժ կկազմեն եւ արդյունավետ կերպով կարող ենք համագործակցել ուժեղ եւ հզոր երկրների հետ: Սովետը միայն իր մեծաքանակ ժողովուրդների հնարավորություններով չէր հաղթի կամ շատ ավելի դաժան զոհերով կհաղթեր հզորագույն թշնամուն, իսկ լիքը մեզ նման փոքրաքանակ ժողովուրդների միաձայն արդյունավետ աջակցությամբ մենք մեր ընդհանուր հաղթանակին հասանք: Այն ժամանակ բռնապետություն էր եւ ոչ մի մեզ նման փոքրաքանակ ժողովուրդ չէր կարող չմիավորվել, այսօր մենք ազատ ենք ընտրություն կատարելու, դե եկեք ազատորեն միավորվենք մեզ նման փոքրաքանակ ժողովուրդների հետ եւ ստեղծենք մեր հզոր վերպետությունը եւ միաձայն աջակցենք այն հզորներին ու արդարներին, որոնց դրական վերաբերմունքն ենք այսօր ակնկալում: Վրաստանից սկսենք, մեր քաղաքացիական հասարակությունները բավականին զարգացած են:
1970ական թուականներէն սկսեալ, գոնէ Հայաստանի մէջ, իսկապէս բռնատիրութի՞ւն էր… Կամ էլ՝ ի՞նչ առումով…
Օրինակի համար, մեծ թիւով Հայերը ապրած են – ու դեռ կ’ապրին – երկիրներու մէջ, որոնք բռնատիրական էին ու այդպէս մնացին: Սակայն մեզ խանգարող չկար, այդտեղ:
Եւ «գաղտնիքը», շատ պարզ է՝ այդպիսի երկիրներու մէջ, մինչեւ այն ատեն որ չես խառնուիր քաղաքականութեան, կարող ես անել՝ ինչ որ ուզես: Առաւել, կը վայելես կարգ ու կանոն, եւ անվտանգութիւն:
ես ինքս կը նախընտրեմ Արեւմուտքը, իր բոլոր թերութիւններով: Սակայն վերեւ պարզուած իրականութիւնները տեսական չեն, այլ հիմնուած են ուղղակի ծանօթութիւններու եւ անձնական փորձառութեան վրայ:
Համամիտ եմ ՝գաղտնիքի՝ հետ: Սովետի ժամանակ դեֆիցիտ էր, բայց ամեն ինչ կար ՝տակից՝, բացի քաղհասարակությունից, իսկ քաղհասարակությունը նա է, ով կարող է ազդել լեգիտիմ իշխանության քաղաքական որոշումների վրա, ինչպիսին օրինակ նույն ֆրանսիական քաղհասարակությունն է: Մենք ավելի շուտ նման ենք ժողովուրդների բանտից դուրս եկած, բանտերում ծնված ու մեծացած սերունդներին, որոնք չգիտեն ինչ անեն հանկարծակի իրենց վրա վերեւից ընկած ազատություն անկախության հետ: Սովետն էլ, այսօրվա զարգացած կապիտալիզմն էլ ունեն իրենց դրականն ու բացասականը, բայց վաղվա արդյունավետ համակարգը՝ դա այդ երկուսի դրականի միավորումն է եւ երկուսի բացասականի մերժումն է: Մենք ունենք քաղաքագետների ու վերլուծաբանների մի մեծ աշխարհասփյուռ բանակ, որը պետք է առաջնորդի մեր ժողովրդի քաղհասարակությունը եւ իրենց պայքարով ու հաջողություններով ժողովրդի քաղաքական լիկբեզն անցկացնի: Մենք, հատկապես երկար դարեր մեր պետականությունը կորցրած, նույնն է՝ ժողովուրդների բանտերում հայտնված, շատ ենք հետադիմել եւ հայտնվել ենք այսօրվա պրիմիտիվ խնդիրների առջեւ: Մակարդակ կլինի այն ժամանակ, երբ տարբեր աղբյուրներից սնուցվող եւ չսնուցվող տարբեր մետերի քաղաքագետները ստեղծեն իրենց աքսիոմատիկան՝ կարմիր գծերը եւ լեգիտիմ իշխանությանը ստիպեն իրենց բարձր կարգի քաղաքական որոշումները:
. Արդարեւ, Արեւմուտքի քաղաքակրթական դիմագիծէն շա՜տ հեռու են, Անդրկովկասի արեւմտապաշտները: Մինչ, զարգացած – եւ բարդոյթներէ զերծ – «ռուսամէտներ»ը, նրանցից շատ աւելի եւրոպացի են: Ինչ որ բնական է, ի մտի ունենալով ռուսական մշակոյթի եւ քաղաքակրթութեան ակունքները:
Ի դէպ, Թուրքիան կը գտնուի Հայաստանին՝ Արեւմուտքը, սակայն Ռուսաստանը Թուրքիայից շատ աւելի մօտ է՝ Եւրոպային:
. Հայաստան/Արցախի համար, այժմու, անմիջական եւ ամենահրատապ խնդիրը այն է, որ Ռուսաստանի տկարացած վիճակում է:
Եթէ ոչ – նշելու համար միայն ներկայի ծայրագոյն աղէտը -, նկատի ունենալով 09 Նոյեմբեր 2020ի պայմանագիրը, թուրքերը չէին համարձակեր անգամ՝ փակել Բերձորի ճանապարհը:
. Ներքաղաքական դաշտի վրայ, հակառուս խմբակների ելոյթները յաճախ, բառացիօրէն՝ ծիծաղելի են:
Խորապէս մտահոգիչը այն է որ, սակայն, ես գոնէ՝ կը ծիծաղէի նաեւ անցեալին, երբ որ այդ նոյն խմբակները անդադար կը յայտնէին թէ, հեսա, շուտով փլուզումի կ’ենթարկուի ՀՀԿ վարչակարգը…
Մ. Հայդուկ Շամլեան