Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերային թատրոնում ամեն ինչ հավակնոտ է…»

Հունիս 30,2023 12:30

Հարցազրույց Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունեւի հետ

–  Հարգարժան Պյոտր, Երեւանի օպերային թատրոնում առաջին անգամ որպես բեմանկարիչ եւ թատերական զգեստների դիզայներ  իրականացնում եք Պուչինիի «Տուրանդոտ» օպերան, որին մեր թատրոնն անդրադառնում է առաջին անգամ՝ իր 90-ամյա գործունեության ընթացքում։ Հաճախ չի պատահում, որ բեմանկարիչը նաեւ նույն բեմադրության զգեստների դիզայներն է՝ ինչպես օպերային, այնպես էլ դրամատիկական թատրոններում։ Հետեւաբար, ձեր կարծիքով՝ որո՞նք են այդ երկու ժանրային տարբեր թատրոններում աշխատանքի առանձնահատկությունները։

– Դրանք բոլորովին այլ գործունեություն են։ Օպերային թատրոնում ամեն ինչ հավակնոտ է, մանրակրկիտ կամ նման բան։ Դրաման այլ ոլորտ է, բայց երկուսն էլ հավասարապես հետաքրքիր են եւ շատ տխուր կլիներ սահմանափակվել միայն երաժշտական կամ դրամատիկ թատրոնի շրջանակներում։ Կարիերայիս սկզբից միշտ զուգահեռ աշխատել եմ այդ երկու ժանրային տարբեր թատրոններում։ Ընդ որում, նկարչի եւ դեկորատորի գործիքները ըստ էության նույնն են երկու թատրոններում էլ, պարզապես դրանք տարբեր աշխատանքներ են։ Երաժշտական թատրոնում ամեն ինչ գալիս է երաժշտությունից, որտեղ ռեժիսորը բոլորովին այլ կերպ է աշխատում՝ մանրուքների նկատմամբ այնքան էլ ուշադիր չէ, այնտեղ ամեն ինչ շատ մասշտաբային է։ Իսկ դրամատիկական թատրոնում հակառակն է, քանի որ այստեղ ամեն ինչ ավելի մտերմիկ է ու հաստատ։ Այնուամենայնիվ, թատրոնը սինթետիկ ժանր է եւ շատ կարեւոր է, որ բոլոր բաղադրիչները փոխազդեն ու ներդաշնակ լինեն։

– Ձեզ համար ռեժիսորի խոսքը վերջնակա՞ն է, թե՞… Որքանո՞վ եք պատրաստ պաշտպանել սեփական տեսակետը։

– Ես միշտ փորձում եմ երկխոսել ռեժիսորի հետ, նրան չճնշելով։ Բայց եթե ինձ երբեւէ բախտ վիճակվի աշխատել մի մարդու հետ, ով կարող է լսել, ընկալունակ լինել ուրիշների գաղափարների նկատմամբ, դա հիանալի կլինի։ Այդժամ ես կարող եմ նրան բացատրել սեփական միտքս այնպես, որ դա նրան դուր գա։ Եվ հակառակը՝ նա ինձ բացատրի իր տեսակետը, ինչի կողմը բռնեմ ու հասկանամ, որ դա իսկապես ճիշտ բան է։ Հաճախ է պատահում, որ ռեժիսորը համաձայնում է իմ տեսլականին կամ երկար մտածելուց հետո ես եմ հասկանում, որ ռեժիսորը ճիշտ է, եւ սկսում ենք աշխատել այն ուղղությամբ, որը նա է ցույց տալիս։ Մի բան էլ. ռեժիսորները շատ տարբեր են եւ որպես կանոն՝ բարդ ու արտասովոր մարդիկ են ու պետք է ինչ-որ չափով հոգեբան լինել՝ նրանց հետ ընդհանուր լեզու գտնելու համար։

– Ժամանակակից գործիքները՝ վիդեոպրոյեկցիաները, լուսային համակարգերը, կարճ ասած՝ նոր նյութերն ու տեխնոլոգիաները օգնո՞ւմ են ձեզ եւ գուցե գա մի ժամանակ, որ ձեր աշխատանքին լիովին փոխարինի տեխնիկան, էլ չխոսենք արհեստական բանականության մասին։

– Հրաշալի է, որ կան նման գործիքներ։ Բայց դրանք դեռեւս ոչ թե տարրական են, այլ լրացուցիչ, հարստացնում են բեմանկարչության հնարավորությունները։ Բայց եթե կենտրոնանանք միայն դրանց վրա, հատուկ էֆեկտների վրա, ապա դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Իհարկե, բոլոր գործիքները պետք է օգտագործվեն։ Իսկ այսօր ցանկացած ներկայացման մեջ կարող են լինել ձեռագիր դեկորացիաներ, հին տեխնիկա, որոնք, հավատացնում եմ, ժամանակակից տեխնոլոգիաների հետ համատեղ միայն օգուտ են բերում։ Այս պահին մտաբերեցի Մարիինյան թատրոնի Պրիմորսկիի բեմում «1000 ու մեկ գիշեր» պիեսը, որտեղ մենք հին տեխնոլոգիայով պատրաստված վարագույր ունեինք, որի վրա տեսահոլովակ նկարահանեցինք։ Արդյունքը պարզապես հիանալի էր ու անվիճելի։  Մարդիկ, որոնք կարծում էին, թե անհրաժեշտ է օգտագործել միայն ժամանակակից տեխնոլոգիաներ, պարզապես սխալվեցին։

– Իսկ կա՞ գույն, որը դուք չեք սիրում։

– Կա, նարնջագույնը։ Բայց եթե այն պետք է օգտագործել, ուրեմն օգտագործում եմ։

– Դուք ճանաչված բեմանկարիչ ու թատերական զգեստների դիզայներ Օկունեւների ընտանիքից եք։ Ձեր հայրը՝ Վյաչեսլավ Օկունեւը, քանիցս համագործակցել է Երեւանի օպերային թատրոնի հետ, իսկ նրա վերջին՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի համար արված աշխատանքը, ավելի քան գոհացրել էր մեր հանդիսատեսին…

– Այո, իմ ծնողները տասնամյակներ շարունակ զբաղվում են բեմանկարչության եւ արտիստիկ զգեստների դիզայնով, եւ թույլ տվեք բարձրաձայնել, որ այդ ոլորտում նրանք են իմ կուռքը։

– Պյոտր, մենք հանդիպել ենք երեւանյան «Տուրանդոտն» իրականացնողի՝ Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցեւի հետ, ով իր կարիերան սկսել է 2016-ին՝ հենց «Տուրանդոտով»։ Մեզ հետ զրույցում նա հավաստիացրել է, որ օպերային ներկայացման մեջ ոչինչ չպետք է «քանդի» երաժշտությունը, ասենք՝ բեմանկարչությունը պետք է ավելի ընդգծի այն եւ օգնի, որ երաժշտությունը դառնա թատրոն։  Նշել էր նաեւ, որ ինքը փորձել է ստեղծել ոչ թե պատմական, ռեալիստական բեմադրություն՝ ինչպես սովորաբար արվում է, այլ, ուղիղ ասած՝ միստիցիզմով բեմադրություն…

– Առաջին անգամը չէ, որ համագործակցում եմ Վյաչեսլավի հետ. մենք համատեղ  բազմաթիվ օպերային եւ դրամատիկական ներկայացումներ ենք իրականացրել։ Առաջինը Պրիմորսկիի բեմում Ստրավինսկիի «Մավրա» օպերան էր, հետո մեր համագործակցությունը շարունակվեց Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում, Սանկտ Պետերբուրգում եւ հիմա՝ Երեւանում։ Ասեմ, որ երեւանյան «Տուրանդոտն» ավելի դասական ձեւաչափի մեջ է, քան ժամանակակից։ Թույլ տվեք վստահեցնել, որ այն դուր կգա հայաստանցի հանդիսատեսին։ Այս պահին մտաբերեցի, որ Իռկին Գաբիտովը տարիներ առաջ ձեր թատրոնում իրականացրեց Ռախմանինովի «Ալեկո» օպերան, որի դիզայները իմ գործընկեր Օլգա Օկունեւա-Շաշմելաշվիլին էր։ Տեղեկացված եմ, որ հանդիսատեսն այն ընդունել է մեծ ոգեւորությամբ։

Ասեմ, որ «Տուրանդոտը» իմ առաջին աշխատանքն է Երեւանում։ Հրավերը ստացել եմ ռեժիսորից՝ Վյաչեսլավ Ստարոդուբցեւից, որին հրավիրել է մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Իհարկե, հիացած եմ ձեր հյուրընկալությամբ։ Հավանաբար շատ եք լսել, բայց կարճ ասեմ՝ ինձ ամեն ինչ դուր է գալիս Երեւանում։ Կոնկրետ թատրոնում՝ ոչ միայն ստեղծագործական կազմը, այլ բոլորն անտարբեր չեն, լծված են գործին, ցանկանում են հաջողված ներկայացում լինի, ինչը պակաս կարեւոր չէ բարձրակարգ բեմադրություն իրականացնելու համար։ Այս ամենի մասին շատ էի լսել հորիցս, ով գովեստի խոսքեր չի խնայում ներկայացնելու Հայաստանը, Երեւանը, ձեր օպերային թատրոնը։ Այս պահին ես ընտանիքով եմ ժամանել Երեւան, որ նրանք էլ վայելեն, զգան հորս պատմածը։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում երեւանյան «Տուրանդոտի» Պյոտր Օկունեւի բեմանկարչական ու արտիստիկ դիզայներական աշխատանքների էսքիզներն են։

«Առավոտ» օրաթերթ
29.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930