Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հունիս 30,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

6.Արցախը Գլենդե՞լ են տեղափոխում

Հաջորդ շաբաթ օրը Սոնայի հետ Մարինա դել Ռեյի Խաղաղ օվկիանոսյան լողափ գնացինք:

Լողափի ավազուտով քայլելիս հիշեցի Բաթումի քարքարոտ լողափը: Սակայն ես այնտեղ հետաքրքիր ձեւերի ու գույների քարեր էի հավաքում, կոմպոզիցիաներ ստեղծում, ու այդ ամենը լուսանկարում:

Խաղաղ օվկիանոսի լողափին թուխ եւ սպիտակ երկու աղջիկներ պառկել են արեւի տակ: Նրանց հարեւանությամբ հայ տղան հայացքը չէր կտրում կիսամերկ աղջիկներից: Քայլեցինք տախտակամածով: Այդտեղից երեւում է օվկիանոսի գերհզոր ուժը: Սա սահմանն է ցամաք ու ջրի աշխարհների միջեւ, չնայած եւ գիտենք, որ իմաստային առումով մեկը մյուսի շարունակությունն է: Շատ կենդանիների նախահայրենիքը օվկիանոսն է:

Հետո քայլեցինք «Վենետիկի ջուրը» ջրանցքով, որի երկու կողմերում միհարկանի տնակներ են: Այստեղ եւս ճարտարապետական առումով տները չեն կրկնվում: Մի տան վրա Արցախի դրոշն էր ծածանվում: Դա նման էր չվող թռչներամի մեջ այլ տեսակի թռչնի հայտնվելը: Օվկիանոսի օտար ափին հայտնված արցախցին դրոշով է փորձում  պահպանել սերն ու կարոտը դեպի հայրենիքը: Դա գուցե եւ ազդում է պատահականորեն այդտեղով քայլող արցախցու վրա, մի փոքր հուզմունք ու հպարտություն եւ ոչ ավելին: Ինձ թվում է, որ երբ երամը ցանկանա, դուրս կմղի օտար թռչունին, եթե նա, իհարկե, չկարողանա երամի հետ համընթաց թռչել:  Բայց հայերը հեշտ են հարմարվում օտար պայմաններին, ու այս դրոշը երկար կմնա հայի տան կտուրին:

Հաջորդ օրը «Հայրենիք եւ Սփյուռք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող տիկին Ալինա Խաչատրյանի հյուրն եմ: Հաղորդման թեման Արեւմտյան Հայաստանի մինչեւ 1915թ. լուսանկարների հավաքածուն է, որը բերել եմ ցուցադրելու ԱՄՆ-ի հայաշատ վայրերում:

Երբ բնակարան վերադարձա, Սոնան առաջարկեց արցախյան ժենգյալով հաց ուտել:

-Ո՞նց թե, նման բան կա՞ Գլենդելում, -զարմանքով ասացի ես:

-Այո, այս կողմերում է: Հիմա մտնենք Վուդրո Վիլսոնի փողոցի այս խանութը՝ կասեն տեղը:

Խանութում մտագար մի աղջիկ ձեռքը պարզել էր մեր կողմն ու աղաղակում էր: Մայրը գրկել էր ու ձգտում էր հանգստացնել: Միջին հասակի մի մարդ կանգնեց իմ դիմաց, հայացքը գամեց աչքերիս ու ասաց.

-Բակո՞ւր…

Ծանոթ դեմք էր, բայց չկարողացա տեղը բերել: Ըստ երեւույթին, հիշողությանս մեջ դեռ խափանումներ կան:

-Կամոն եմ՝ Արամի եղբայրը: Արամն ասել էր քո՝ Գլենդել գալու մասին:

-Դե իհարկե, մենք հանդիպել էինք Երեւանում, -ասացի ես, -իսկ ես մտածում էի, թե ինչպես քեզ հրավիրեմ մեր լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Բայց մի կարեւոր բան էլ է մեզ այստեղ բերել: Ինչպե՞ս գտնենք ժենգյալով հացի խանութը:

-Արցախյան ժենգյալով հացի խանութը Բրոդվեյ փողոցի  խաչմերուկում է, -ասաց Կամոն:

Իվետա Մանուկյան

Խանութի ճակատին անգլերենով գրված էր. «ZHENGYALOV HAZH»: Դիմեցի խանութի աշխատակցուհուն՝ Իվետա Մանուկյանին.

-Էս ի՞նչ է, Արցախը իր ժենգյալի հացով Գլենդե՞լ եք տեղափոխում:

-Ո՞ւր է, թե կարողանանք…,- ասաց Իվետան:

-Ոչ մի դեպքում, -խիստ ասացի ես, -Արցախը պետք է մնա իր բնօրրանում:

-Բայց կորցրինք…

-Ոչ, Արցախի պատմությունում ավելի վատ օրեր են եղել, բայց նա հաղթել է այդ դժվարությունները: Իսկ ո՞ւր է խանութի տերը: Նա Արցախի՞ց է:

-Այո, Վրեժ Օսեփյանը Արցախի Ավետարանոց գյուղից է:

-Իսկ կանաչ ժենգյալը Արցախի՞ց եք բերում:

-Չէ, Ֆրեզնոյից…

-Հա, Սարոյանն իմանար… Իսկ Ավետարանոցը դավաճանորեն թուրքերին հանձնեցին…, -ասացի ես:

Գործարար Վրեժ Օսեպյան

Քիչ անց եկավ Վրեժը: Միջին հասակի, հաղթանդամ տղամարդ էր:

-Վրեժ, ինչը քեզ դրդեց, որ ԱՄՆ-ում ժենգյալով հացի խանութ բացես:

-Երեւանում Կոմիտասի վրա էլ նման խանութ ունեմ…

-Հա՞, ես ձեր մայրիկին գիտեմ, նա ուսուցչուհի է եղել ձեր Ավետարանեցում:

-Մոսկվայում էլ նման խանութ ունեմ: Հիմա ուզում եմ Փարիզում բացել: Տնտեսականից բացի, նպատակս՝ հենց ժենգյալի միջոցով ճանաչել տալ Արցախը:

-Իրար նման ենք մտածում: Ես արցախյան մշակույթի, ազգագրության միջոցով եմ ուզում ճանաչել տալ Արցախը: Ֆիլմաշար եմ ուզում անել դա:  Իսկ ովքե՞ր են հաճախորդները:

-Մեծ մասամբ ամերիկացիք ու չինացիք, -ասաց Վրեժը, -Սակրամետո քաղաքից մեկը հատուկ եկել էր ժենգյալով հաց գնելու:

-Համտեսել եմ, զգում եմ ճռճռոկի, կնձմնձուկի համը: Ասեմ, Ստեփանակերտի շուկայի հացից ավելի լավն է, չոր է կանաչին:

Ժպիտ փայլեց դեմքին:

-Կենտրոնախույս պտտվող սարք ունեմ, կանաչին չորացնում եմ, հետո խմորի մեջ դնում: «Նյու Յորք Թայմս» թերթում են գրել այս խանութի մասին:

-Կինդ՝ Իվետան ասաց, որ Ավետարանոց գյուղում ես մեծացել:

-Այո, 17 տարիս նոր էր լրացել, գնացի, միացա ազատամարտիկներին:

-Իսկ խանութի աջ կողմում ինչ-որ նորությո՞ւն կունենաս:

-Այո, արդեն ածուխի վրա շաուրմա պատրաստելու սարք եմ  տեղադրում, վեց ամիս տեւեց մինչեւ թույլտվություն ստացա:

-Հրաշալի է, միայն միջավայրն ավելի արցախյան դարձնելու համար կառաջարկեմ Արցախից լուսանկարներ կախես պատերին: Այդ խնդրով արդեն կարող եմ համապատասխան լուսանկարներ առաջարկել:

Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930