Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը պատգամավորից բռնագանձման որոշում է կայացրել

Հունիս 30,2023 13:00

Այս տարվա հունվարի 25-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը (ներկայացուցիչ՝ Կարեն Սիմոնյան) հայցով դիմեց դատարան՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ գումարի բռնագանձման մասին պահանջով:

Փետրվարի 10-ին դատավոր Ժաննա Ասատրյանը գործն իր վարույթ վերցնելու որոշում կայացրեց, չնայած ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել եւ դատավոր Ժ. Ասատրյանին էր մակագրվել հունվարի 25-ին:

Այդ նույն օրվա որոշմամբ, դատարանը որոշեց՝ գործը քննել պարզեցված վարույթի կարգով: Դատարանը որոշում է նաեւ վճռի եզրափակիչ դատական ակտը հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով մայիսի 26-ին:

Նկատենք, որ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում նշված է 2022 թվական:

Դատարանը մերժում է հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, իսկ պատգամավոր պատասխանողն առարկություն կամ պատասխան դատարան չի ներկայացնում:

Համալսարանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Վահագն Ալեքսանյանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջեւ 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքվել է թիվ 12 վճարովի կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը: Համալսարանի ռեկտոր Ա. Դարբինյանի 12.02.2021 թվականի թիվ 02/159 հրամանի համաձայն՝ պատասխանողը հեռացվել է համալսարանից։

Պատասխանողը պարտավոր էր կատարել պայմանագրով սահմանված պարտավորությունը, այն է՝ վճարել 655.500 ՀՀ դրամ, որպես ուսման վարձավճար, սակայն չէր կատարել վճարումը, ուստի բուհի համբերության բաժակը «լցվել» էր:

Վահագն Ալեքսանյանը համարվել է դատարանի կողմից ծանուցված: Սակայն այդպես էլ դատարան չներկայացավ, անգամ ներկայացուցիչ չուղարկեց դատարան:

«ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում երեկվանից տեղադրվեց վճիռը, համաձայն որի՝ դատարանը բավարարել է համալսարանի պահանջը:

Ըստ դատարանի պատճառաբանությունների, հայցը հիմնավոր էր, ենթակա բավարարման:

Պատգամավորը տասնհինգօրյա ժամկետ ուներ՝ բողոք բերելու համար…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930