Շփման գծում նախօրեի արյունալի միջադեպի հետևանքով երկու զոհված զինծառայողների դիերն Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել, «Ազատությանը» հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշել է, որ ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է. ծնողները ցանկանում են նրան Եռաբլուրում հուղարկավորել, մյուս զինծառայողը՝ 20-ամյա Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում են բնակվում։
Արցախի օմբուդսմենը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե երկու զոհված զինծառայողները Հայաստանի զինված ուժերից են, ու դրանք որակեց «հերթական մանիպուլյացիա»։ Ստեփանյանը փոխանցել է, որ դիերը Հայաստան տեղափոխելու համար արցախյան կողմը փորձել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ հարցը լուծել, սակայն դեռ չի հաջողվում։
Ստեփանակերտից նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին են դիմել տեղափոխումը կազմակերպելու համար։