Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Քննչական կոմիտեն պարզել է իմ նկատմամբ բռնություն իրականացնողների ինքնությունը, բայց այս հանցագործության գլխավոր բաղադրիչը պատվիրատուին բացահայտելն է»

Հունիս 29,2023 23:03

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 2022 թվականի հոկտեմբերի 18-ին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք  Առինջ գյուղի 48, 37 եւ 31 տարեկան բնակիչներ են։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Եվ որ վերջիններս որպես մեղադրյալներ ծանուցվել են վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չեն ներկայացել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց, ինչպես նաեւ «Opel Vektra» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Էդգար Ղազարյանը քննության ընթացքի եւ ՔԿ տարածած հաղորդագրության մասին Aravot.am-ին ասաց․«Իմ համար այդ հրապարակումը անակնկալ էր մի քանի առումներով, որովհետեւ ինձ որպես տուժողի նյութը հրապարակելուց առաջ քննչական կոմիտեն չեն հրավիրել, չեն տեղեկացրել, որ իրենց մոտ որոշակի առաջընթաց, բացահայտումներ կան։ Ավելին, մինչ այդ, ես բազմիցս միջնորդություններ եմ ներկայացրել ՔԿ-ին, որոնք բոլորն էլ մերժվել են առանց բացառության։ Այդ թվում, նաեւ քրեական գործերին ծանոթանալու իմ միջնորդությունը։ Պատճառաբանությունն էլ, որ նախաքննական գաղտնիք է։ Բայց ես պարտավորություն ունեմ գաղտնիքը չհրապարակելու։ Գործն ինձ է վերաբերում եւ ես պետք է ծանոթանամ գործի նյութերին։

Երբ հանցագործներին չէին գտնում, ես եմ վաղուց միջնորդել առկա տեսանյութերը հրապարակեն, որ մարդիկ օգնեն իրավապահ մարմիններին։

Հիմա հրապարակում են տեսանյութ, տեղեկություններ, եւ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, իբր կարողացել են գործը բացահայտել։ Բայց դա իրականում ավելի շատ հարցեր է առաջացնում։ Իրենց հրապարակումից պարզվում է, որ իդենտիֆիկացրել են իմ նկատմամբ բռնություն իրականացրած անձանց։ Բայց նշված է միայն նրանց տարիքը եւ որ երեքն էլ Առինջ գյուղի բնակիչներ են։ Անվան անգամ սկզբնատառերը չկան։

Ասվում է, որ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել  է չհեռանալու մասին ստորագրությունը։ Իսկ հետ հրավիրվել են նախաքննական մարմին, բայց  չեն ներկայացել։ Հարց է առաջանում չէ՞․ եթե բացահայտել եք նման դաժան բռնություն գործադրած հանցագործներին, ինչի՞ չեք ձերբակալել, ինչի՞ միանգամից իմ հետ առերեսում չեք կազմակերպել։ Իմ հետ ոչ մի նոր դատավարական գործողություն չի արվել, բացի իմ բոլոր  միջնորդությունները  մերժելուց

Իմ 21-րդ միջնորդությունը ներկայացրել եմ հունիսի 28-ին, որպեսզի հարցաքննության հրավիրեն ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։ Միջնորդության բովանդակությունը պայմանավորված է նրանով, որ Վահագն Ալեքսանյանը 2023 թվականի հունիսի 26-ին ԱԺ նիստերի դահլիճում արտասանել է հետեւյալ միտքը․ «Մենք ենք որոշելու, թե ընդդիմությունը երբ ծեծ ուտի»։ Այսինքն, սրանով պարզ է դառնում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ Վահագն Ալեքսանյանը այդ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի տեղակալն է, իմ նկատմամբ կատարված հանցագործության գլխավոր պատվիրատուն է։ Այսինքն, կուսակցությունում Նիկոլ Փաշինյանի տեղակալը խոստովանում է, որ իրենք ընդդիմադիրներին ծեծելու պրակտիկա եւ գրաֆիկ ունեն, գիտեն, թե որ ընդդիմախոսին երբ պետք է բռնության ենթարկեն։ Միջնորդել եմ, որ ՔԿ-ն Վահագն Ալեքսանյանին հրավիրի հարցաքննության։ Գուցե, նա ինքնախոստովանական ցուցմունք տա»։

Էդգար Ղազարյանի խոսքով, հանցավոր խումբ է ստեղծված գործել, իրականացվել է նախապես պլանավորած  խմբային հանցագործություն, ինչը ծանրացնում է հանցանքի աստիճանը։ Ու դա պարզ երեւում է հենց Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Այդ անձինք, որոնց հետ չկա որեւէ անձնական, կենցաղային, աշխատանքային, ֆինանսական առնչություն, ինչո՞ւ պիտի հենց իրեն ընտրեին որպես թիրախ։ «Նրանք նախապես  պայմանավորվել են, մեքենա հայթայթել, Առինջից եկել-հասել Երեւան՝ իրենց բակ ու սպասել իրեն։ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ են, իսկ այս մարդիկ, որ հանրային վտանգավորություն ներկայացնող հանցագործություն են կատարել,  ազատության մեջ են։ Ընդ որում, ՔԿ-ի տված տեղեկությունն էլ հաստատում է, որ ես այս մարդկանց հետ որեւէ առնչություն չունեմ։ Այնպես որ ակնհայտ է, որ այս ամենը կապված է բացառապես իմ հասարակական-քաղաքական գործունեության հանգամանքների հետ։

Այս հանցագործությունը ունի երկու բաղադրիչ․ իրագործողներ եւ պատվիրատուներ։ Հիմա իրենց հաջողվել է պարզել հանցագործությունն իրականացնողների ինքնությունը։ Եվ այս հանցագործության գլխավոր բաղադրիչը պատվիրատուին բացահայտելն է»,-ասաց մեր զրուցակիցը։

Էդգար Ղազարյանը վստահ է, որ դաժան բռնություն կատարած հանցագործները ազատության մեջ գտնվելով հանրային լուրջ վտանգ են ներկայացնում եւ լուրջ մտավախություն ունի, որ նրանք կարող են իրեն եւ իր ընտանիքի անդամներին նախաքննության փուլում նաեւ ահաբեկելու փորձ անել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930