ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին:
«Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը:
– ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ Քննիչ հանձնաժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունների հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնք առնչվում են ԱԽ նիստերում, մասնավորապես 2020 թվականի օգոստոսի 14-ին ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:
– Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը:
Կարդացեք նաև