«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին», «Արցախ», «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսներով՝ ՀՀԿ երիտասարդները լուռ ցույց իրականացրեցին Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի: Երիտասարդներն Արմեն Աշոտյանի լուսանկարով շապիկներ էին կրում:
Մինչ հանրապետական երիտասարդները կմոտենային ՀՀ կառավարությանը՝ շենքը շրջապատված էր ոստիկանության մեծաթիվ ուժերով: «Մենք այսօր լուր ցույց ենք իրականացնում ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի, մեր ակցիան լուռ բնույթ է կրում, քանի որ դավաճանական վարչակազմը փորձում է լռեցնել ազգային գործիչներին, մենք այստեղ ենք՝ ասելու, որ մենք չենք լռելու»,-հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
Կարդացեք նաև
Այնուհետև հանրապետական երիտասարդները միացրեցին հատվածներ՝ Արմեն Աշոտյանի ելույթներից, ձեռքներին պարզած Արմեն Աշոտյանի լուսանկարները, երթ սկսեցին Հյուսիսային պողոտայի ուղղությամբ, Թումանյան փողոցով շրջապտույտ գործեցին ու Աբովյան փողոցով վերադարձան կառավարության շենք: Ի դեպ, կառավարության շենքի մոտով անցնելիս, ցույցի մասնակիցները տեսնելով ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանին՝ բացականչեցին «դավաճա՜ն»:
«Մեզ հնարավոր չէ լռեցնել, ևս մեկ անգամ կրկնում ենք՝ Արցախը հայկական է». ժամանակ առ ժամանակ գոչում էին երթի մասնակիցները:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարները` Նարեկ Ավագյանի