«Ես միացել եմ «ՀայաՔվեի» նախաձեռնությանը, որովհետեւ այն նպատակ ունի մեր սերը ստուգելու՝ մեր ինքնության, պետականության հանդեպ»,- այսօր «ՀայաՔվեի» ստորագրահավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Նրա դիտարկմամբ՝ ով ասում է Արցախը մերը չի, իր համար ինքը հայ չի. «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որ ամեն մեկը արտահայտի իր սերը: Սա ընդդեմ նախաձեռնություն չէ՝ հանուն է, հանուն մեր պետականության եւ ազգային շահերի: Ով ցեղասպանությունը կասկածի տակ է դնում, ինձ համար նա հայ չի: Այս նախաձեռնությունը արդար նպատակ ունի եւ բարոյականության դրսեւորման նպատակ ունի: Այսօր մենք մտածո՞ւմ ենք արցախցիների մասին, թե՞ ամեն մեկս իր համար է մտածում: Մենք մտածո՞ւմ ենք մեր պետականության մասին: Այս նախաձեռնությունը որեւէ մեկին պատժելու համար չէ, սա կանխելու համար է եւ հայի արդարությունը վերականգնելու համար է: Ես հավատով եմ միացել ու վստահ եմ, որ մենք կհաջողացնենք: Սա հակահայ բան չէ, հայի շահին ծառայող նախաձեռնություն է»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, «ՀայաՔվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում, պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։
Ըստ Արսեն Գրիգորյանի, ամոթ է, որ Հայաստանում լինի օրենք, որը քրեականացնում է ցեղասպանության ժխտողականությունը, բայց երբ տեսնում ես այսօրվա մեր իրականությունը, հասկանում ես, որ դա անհրաժեշտություն է. «Մենք ընդհանրապես որեւէ մտավախություն պիտի չունենայինք, որ որեւէ հայ կասկածի տակ կդնի Արցախի հայկական լինելը կամ մտածել, որ Արցախը պիտի լինի այլ պետության ինչ-որ մաս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ