Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2022 թ. ՀՆԱ-ն կազմել է նախապատերազմյան ՀՆԱ-ի 84,3 տոկոսը: Այնուամենայնիվ պետությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները». Վահրամ Բաղդասարյան

Հունիս 29,2023 18:04

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել:

Նիստի սկզբում խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման արդյունքում զոհված հայորդիների հիշատակը:

Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Նա մեկ անգամ ևս հավաստել է հայրենիքում արժանապատվորեն ապրելու արցախահայության վճռականությունը:

Այնուհետև հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովը: «Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը»,-ասված է խորհրդարանի հայտարարության մեջ:

Ադրբեջանի գործողությունները դատապարտող ելույթով հանդես է եկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նա դիմել է միջազգային դերակատարներին՝ շեշտելով, որ «Արցախն առանց հայերի» քաղաքականությունից տուժելու են նաև նրանք:

Անցնելով օրակարգային այլ հարցերի պատգամավորները քննարկել են «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը:

Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քննարկմանը: Խմբակցության անդամները լքել են նիստերի դահլիճը:

Հաշվետվությունը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ 2022 թվականի ՀՆԱ-ն կազմել է նախապատերազմյան ՀՆԱ-ի 84,3 տոկոսը: Այնուամենայնիվ պետությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները:

Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Նա հաստատել է բյուջեի կատարման հաշվետվության արժանահավատությունը:

Տեսակետներ ներկայացնելուց հրաժարվել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունները, «Արդարություն» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ հաշվետվությունը դրվել է քվեարկության. քվորում չլինելու պատճառով որոշումը չի ընդունվել:

Ընդմիջումից հետո նիստը վարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

ՄԻՊ 2022թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է Գեղամ Ստեփանյանը: Նա ներկայացրել է արցախցիների ոտնահարված իրավունքների փաստագրման ու հանրայնացման աշխատանքները:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդհատվել էր Գերագույն դատարանի որոշման ակնկալիքով:

Նիստը վարող Գագիկ Բաղունցը տեղեկացրել է, որ Գերագույն դատարանը փոփոխությունը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Վերջնական քվեարկությամբ փոփոխության նախագիծը ընդունվել է:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծն արժանացել է խորհրդարանի հավանությանը:

Հիմնադրամների նկատմամբ արդարադատության նախարարության վերահսկողական գործառույթների ընդլայնմանն ուղղված «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթին պատգամավորները կողմ են քվեարկել: Այն ներկայացնելիս նախարար Սրբուհի Արզումանյանը նշել է, որ հիմնադրամների հաշվետվողականությունը մինչ այժմ կազմել է 20 տոկոս:

Հաջորդիվ ընդունվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները:

Հարկային ոլորտին առնչվող 8 օրինագծից բաղկացած փաթեթը ևս ընդունվել է:

Քննարկվել և գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացություններով ընդունվել են նաև «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները:

Առաջին ընթերցմամբ ներկայացված «Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի քննարկումը ընդհատվել է 24 ժամով, առաջարկությունների համար երեքական ժամ հատկացվել:

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավակարգավորումները սահմանող «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին պատգամավորները կողմ են քվեարկել:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930