«Այսօր «ՀայաՔվեի» խորհրդանշական մեկնարկն է: Մենք իսկապես բախվեցինք խուլ դիմադրության`քաղաքապետարանի կամ այսպես ասած քաղաքապետարանում իշխանությունը յուրացրած որոշակի խմբի կողմից: Այդ խումբն այսօր, ըստ էության, ուզուրպացրել է իշխանությունը, որովհետեւ մեր օրենսդրությամբ եթե քաղաքապետարանում չկա ընտրված քաղաքապետ, երկու ամսվա ընթացքում պետք է ավագանու նոր ընտրություններ տեղի ունենան: Այդ երկու ամիսը վաղուց անցել է եւ քաղաքապետարանում նստած են մարդիկ, որոնք այդ լիազորությունը չունեն քաղաքը կառավարելու: Չունենալով այդ լիազորությունը՝ մտածեցին, որ կարող են իրենց օրենքներից վեր դասել: Մենք բնականաբար չէինք պատրաստվում դա հանդուրժել, գնացինք կտրուկ գործողությունների՝ հաղորդում տվեցինք հանցագործության մասին»,- այսօր «ՀայաՔվեի» ստորագրահավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը:

‘HayaKve’ initiative group and its supporters attend the official start of the signature collection at the Kentron district administration of Yerevan, Armenia

‘HayaKve’ initiative group and its supporters attend the official start of the signature collection at the Kentron district administration of Yerevan, Armenia
Հիշեցնենք, «ՀայաՔվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում, պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Քաղաքապետարանը սկզբում խոչընդոտում էր, հետո բավարարեց նախաձեռնողների դիմումը եւ տրամադրեց տարածք:
Չալաբյանն ասաց, որ քաղաքապետարանում հասկացել են, որ նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկի այդ խախտման համար: Ստորագրահավաքի ժամկետը երեք օրով երկարաձգելու պահանջով դիմել են ԿԸՀ-ին, որովհետեւ տարածքի տրամադրման հարցերով 3 օր ուշ են սկսել:
Կարդացեք նաև
Մի քանի համայնք մերժել է տարածք տրամադրել Սպիտակը, Սիսիանը, Ամասիան, Դիլիջանը՝ ասելով, որ մենք տարածք չունենք. «Մենք իրենց բոլորի դեմ եւս հաղորդում ենք տվել հանցագործության մասին եւ իրենց բոլորին կաշխատենք կարգի հրավիրել: Մարզերում ստորագրահավաքը կսկսենք վաղվանից սկսած: Վաղը կսկսենք Գյումրիում, Վանաձորում, աստիճանաբար բոլոր մարզկենտրոններում»:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը երեկ պատճառաբանել է, որ այն տարածքում, որի համար դիմել են, հիմա վերանորոգում է: Չալաբյանի խոսքով՝ Արաբկիրում կան շատ այլ տարածքներ, կարող են այդ տարածքներից տրամադրել, մինչեւ վերանորոգումը կավարտեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ