Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԼՂ-ում և հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ինքնության աղավաղման հարցերին

Հունիս 29,2023 18:45

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի ոլորտի կոնվենցիաների կիրարկումն ապահովող աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը «Մոնդիակուլտ 2022» համաժողովի եզրափակիչ հռչակագրի դրույթներին, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մշակվող Մշակույթի և գեղարվեստական կրթության զարգացման փաստաթղթին: Կարևորվել են նաև մշակութային և լեզվական բազմազանության հարցերը, ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն խմբի գործունեությունը։

Քննարկման ընթացքում նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ինքնության աղավաղման հարցերին, այդ թվում՝ Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու մասին անցյալ շաբաթ հայտնի դարձած Ադրբեջանի ծրագրերին։ Ներկայացվել է հայկական կողմի խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից մշակութային և մարդու հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորության բացակայության կապակցությամբ։ Շեշտվել է նաև, որ շրջափակման հետևանքով խախտվում է նաև արվեստագետների շարժունության սկզբունքը։ Այս կապակցությամբ մեկ անգամ ևս կարևորվել է Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի սահմանամերձ տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Էռնեստո Օտտոնեն բարձր է գնահատել Հայաստանի հետ ՅՈւՆԵՍԿՕ-ի համագործակցությունը՝ այդ թվում ընդգծելով Հայաստանի ակտիվ մասնակցությունը և աջակցությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելությունների իրականացման և վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցում։

Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։  Գլխավոր տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ներսես Շնորհալուն նվիրված ճանաչողական ցուցահանդեսի և գիտաժողովի կազմակերպման համար։

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել Գլոբալ քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, ինչպես նաև կրթության միջոցով ռասիզմի, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, «Կանաչ կրթություն» նախաձեռնության, թվային կրթության զարգացման հարցերի շուրջ։

Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի որոշումը մասնակցել «Կանաչ կրթություն» նախաձեռնությանը: Նախարարը կարևորել է թվային կրթության և թվայնացման գործընթացների ընդլայնումը կրթության ոլորտում, միջբուհական համագործակցության շրջանակների ընդլայնումը, կրթության  համակարգում ներառականության ընդլայնման հարցերը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է տարածաշրջանում խաղաղ կրթության ապահովումը և առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ գործուն մասնակցությամբ  աջակցել այս գաղափարին:

Անդրադառնալով թվային կրթությանը և ուսուցիչների կարողությունների զարգացմանը՝ ժաննա Անդրեասյանն ընդգծել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներին աջակցելու, վերապատրաստման ծրագրերում ներգրավելու  կարևորությունը։ Նախարարն ընդգծել է, որ խախտվում են նաև երեխաների և ուսանողների կրթություն ստանալու իրավունքները. աշակերտները հաճախակի զրկված են լինում դպրոց հաճախելու, իսկ ուսանողները՝ բուհերում առկա ուսուցում ստանալու հնարավորությունից։

Նույն օրը նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ (INALCO) , որտեղ հանդիպել է կառույցի ղեկավար Ժան Ֆրանսու Հյուշեի, հայագիտության բաժնի դասախոսների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այնուհետև նախարարը շրջայց է կատարել և ինստիտուտի գրադարանում ծանոթացել հայերեն հնատիպ գրքերին:  Նախարարը բուհի գրադարանին է նվիրել Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական վերջին հրատարակությունը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աջակցել գրադարանային ֆոնդի համալրմանը, կազմակերպել հայագիտական կենտրոնների ուսանողների հավաք Հայաստանում, աջակցել կենտրոնի գիտական ուսումնասիրությունների ծրագրերին։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930