Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 141.1-ին հոդվածի կիրառության իմաստով՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները): Որոշմամբ՝ առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը: Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը: Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը: Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտանիքի անդամների շրջանակը: Միաժամանակ, առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են կարգավորումներ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով եկամտային հարկի վերադարձման համար:
Վարչապետը կարևորել է Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը՝ համարելով այն չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ներդրվող համակարգերի վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովման և լավարկումների արդյունքում այն հնարավորինս քաղաքացիների համար պարզ ու հասկանալի դարձնելու կարևորությունը: «Մենք մեր քաղաքացիների շրջանում պետք է ամրացնեք այդ գիտակցումը, որ սա կառավարության կամ ինչ-որ քաղաքական ուժի քմահաճույք չէ, սա պետական ինստիտուտների և պետականության ուժեղացման գործընթաց է, որը մենք պետք է անենք: Դա կառավարությանը չէ պետք, դա պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու», -ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարությունը 18,9 մլրդ դրամ կհատկացնի 47.3 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար
Կարդացեք նաև
Կառավարությունը հերթական գումարը կհատկացնի հանրապետության ճանապարհների վիճակի բարելավման նպատակով՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրերով նախատեսված 24 ճանապարհահատվածի և մեկ տրանսպորտային օբյեկտի աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհի ընդհանուր երկարությունը 47.3 կմ է, որի իրականացման համար նախատեսվում են 18,9 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։ 2023 թ. մեկնարկող ճանապարհներն են՝ Շիրակի մարզում Աշոցքից դեպի Բավրա հիմնանորոգման աշխատանքները, Երասխից Տիգրանաշեն ավտոճանապարհը, Գորիսից Կապան հատվածը, Մարտունիից Ծովակ ճանապարհահատվածը, Վերին Պտղնիից Ջրվեժ ճանապարհահատվածը, որը օգնում է նույնիսկ դեպի Արտաշատ գնալիս շրջանցել Երևանը, Կոտայքի մարզի Փյունիկ-Արտավազդ, Գեղարքունիքի մարզի Թթու ջու ճանապարհահատվածը և այլն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ 24 ճանապարհի այն հատվածը, որոնք այս տարի ավարտական տեսքի կբերվեն, 47 կմ է, որոնց մի մասը՝ միջպետական, մի մասը՝ հանրապետական, մնացածն էլ տեղական են։
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն խնդիրներ են առաջանում շինարարների կարողությունների և հմտությունների կամ էլ նախագծումների հետ կապված: «Երբեմն շինարարության ընթացքում պարզվում է, որ նախագծումները սխալ են իրականացվում: Մենք պետք է հետևողական և շարունակական աշխատենք և օբյեկտիվորեն պատժենք կամ աջակցենք մասնավոր հատվածին, ընկերություններին: Պետք է նաև մասնավոր հատվածին խրախուսենք, առավել ևս մեր ծրագրերի շրջանակում՝ ներդրումներ անել և շինարարական ընկերությունների կարողությունները մեծացնել»,- ասել է վարչապետը:
Մեկ տարով կերկարաձգվի բնակարանների ռենովացիայի պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագրում: Արդյունքում մեկ տարով՝ մինչև 2024թ. հուլիսի 1-ը, կերկարաձգվի ծրագրի գործողության ժամկետը, ինչպես նաև նախատեսվում է ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման հարցում որդեգրած նոր մոտեցում: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. հունիսի 1-ից մեկնարկած ծրագրով նախատեսվում էր շուրջ 2000 շահառուի տրամադրել վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։ Փաստացի վարկավորման գործընթացը մեկնարկել է 2022թ. օգոստոս/սեպտեմբեր ամիսներին։ Չնայած դրան, 2023թ. մայիս ամսվա ամփոփված տվյալներով շահառուների թիվ շուրջ 3000 է, որն արդեն իսկ գերազանցում է ամբողջ ծրագրի համար նախատեսված շահառուների թիվը, ինչն էլ իր հերթին խոսում է ծրագրից օգտվելու հարցում քաղաքացիների շահագրգռվածության մասին։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արդեն ընդհանուր առմամբ 6,5 միլիարդ դրամ վարկային միջոցներ են տրամադրվել, նախարարության հետ համագործակցում են 13 բանկեր և 13 վարկային կազմակերպություններ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա նպատակներից է եղել շինարարության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելը. «Սրանով էներգախնայողության հարց է լուծվում, որ մեր հայրենակիցները այս ծախսերի արդյունքում ավելի քիչ կոմունալ վճարներ վճարեն և երկարաժամկետում այս վարկը իրենց համար դառնա կապիտալ ներդրում: Մենք ուզում էինք նաև զբոսաշրջության աճի ֆոնին այս ծրագիրը դառնա օգտակար, որպեսզի մարդիկ, հատկապես գյուղական բնակավայրերում կառուցած իրենց հսկայական տները, որոնց 10-20 կամ 30-50 տոկոսն է օգտագործվում, հարմարեցնեն այդ բնակարանի ռեալ չօգտագործվող հատվածներում հյուրատներ կառուցելու համար»:
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում: Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները, և պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա մայիսն արդեն շատ բարձր, էական տնտեսական ակտիվություն ուներ, եթե չեմ սխալվում 10.8 էր: Այսինքն՝ մենք ունենք նույնիսկ տնտեսական ակտիվության որոշակի արագացում, այդ թվում՝ 5 ամսյա: Ուզում եմ նաև ընդգծել, որ մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերություն աճել է 5.3 տոկոսով, շինարարությունը՝ 18.4 տոկոսով, առևտուրը՝ 28.6 տոկոսով, ծառայությունները՝ 12.3 տոկոսով: Շատ ուրախալի մի փաստ ունենք. մեր մոտ գնաճի որոշակի, այսպես ասած, անկում ունենք, և մայիսին գնաճը կազմել է 1.3 տոկոս:
5 ամսյա ցուցանիշները նույնպես շատ հուսադրող են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հնգամսյա 12.5 տոկոս: Ուզում եմ հիշեցնել, որ 4 ամիսների տվյալով 12.2 տոկոս էր, այսինքն՝ մեր մոտ տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում, ինչը շատ ուրախալի է: 5 ամսվա տվյալներով արդյունաբերությունն աճել է 3 տոկոսով, շինարարությունը 16.7 տոկոսով, առևտուրը 24 տոկոսով, ծառայությունները 19.9 տոկոսով: Ուրախալի է, որ նաև ունենք արտահանման էական աճ՝ շուրջ 93 տոկոսով: Սա մեզ բավականին ուրախացնում է:
Նաև պիտի արձանագրեմ, որ բանկային համակարգում ունենք շատ կարևոր ցուցանիշներ, որոնք նույնպես ռեկորդային են: Հայաստանի Հանրապետության բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 547 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլինն էլ էր ռեկորդային ցուցանիշ: Այդ ցուցանիշները ռեկորդային բարելավվում են, և նախորդ ամսվա համեմատ 12 մլրդ 841 մլն դրամի աճ ենք ունեցել: Սրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները, հաճախորդները բանկերի դրամ են պահում, այսինքն՝ իրենց խնայողությունները: 2018 թվականի մայիսի նկատմամբ 2023 թվականի մայիսին, ըստ էության, ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է, ավելի է ավելի քան 2.5 տրիլիոն դրամով, կամ 96.7 տոկոսով: Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են»:
Վարչապետն ընդգծել է բոլոր մարտահրավերներին ՀՀ կառավարության նման արձագանքի կարևորությունը. «Տնտեսական զարգացումն այն ամենաէական արձագանք ու գործոնն է, որը մեզ պիտի հնարավորություն տա հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովում են այս տնտեսական ակտիվությունը, տնտեսական ցուցանիշները: Իհարկե, կառավարությունը, կառավարության քաղաքականությունը, կապիտալ ծախսերը շատ էական են դրանում, բայց դա մեր պարտականությունն է, որը մենք իրականացնում ենք: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանում գործող ձեռներեցներն ամեն օր իրենց տաղանդով, աշխատանքով, ջանասիրությամբ ապահովում են տնտեսական այսպիսի ակտիվություն և պետական բյուջեի պատշաճ եկամուտներ: Ամեն տարի, երբ պետական բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնում ենք, դա միշտ համարվում է ռիսկային, բայց պիտի գոհունակությամբ նշեմ, որ առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման առումով ոչ միայն խնդիրներ չենք ունեցել, այլև էականորեն գերակատարում ենք: Իհարկե, կիսամյակը կամփոփվի, ավելի կոնկրետ տվյալներ կունենանք, բայց այսօրվա ցուցանիշները կարող են միայն գոհունակություն հարուցել»:
Գործադիրը հաստատել է ՀՀ 2024-2026 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ, միջնաժամկետ հատվածում կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդնում, ինչը կապահովի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը: Նախատեսվում է աշխատանքային և այլ կենսաթոշակների բարձրացում՝ ապահովելով նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի, իսկ միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին մոտարկումը, նվազագույն աշխատավարձերի աստիճանական բարձրացում, ընտանեկան/ անապահովության նպաստների համակարգի բարելավում, 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցության ծավալների ավելացում, առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի առաջանցիկ աճ ՀՆԱ-ի նկատմամբ, հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համակարգի վերանայում՝ ամբողջությամբ անցում կատարելով դասարան-թվով ֆինանսավորման նոր մոդելին, հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում ուսուցիչների աշխատավարձերի շեշտակի աճի ապահովում: Նախատեսվում են նաև մինչև 2026թ-ը առնվազն 500 մանկապարտեզների և 300 դպրոցների կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման՝ ՀՀ կառավարության ծրագրով սահմանված թիրախի ապահովում՝ այդ թվում ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, շարունակվելու են ջրային պաշարների մակերևութային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովվի ջրային ռեսուրսների պաշարների ավելացում և ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, շարունակվելու են ՀՀ-ում ճանապարհային ցանցի զարգացմանն ուղղված՝ տարեկան առնվազն 500կմ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը, կշարունակվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը և այլն: Վերոհիշյալ նպատակներն ու թիրախներն ապահովելու նպատակով, միջնաժամկետ հատվածում ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7% մակարդակում։ Միջնաժամկետում կանխատեսվող բարձր տնտեսական աճի պայմաններում, հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շարունակական բարելավում՝ 2023թ. 0.8, իսկ միջնաժամկետում տարեկան 0.75 տոկոսային կետով (որից 0.5 տոկոսային կետի չափով հարկային վարչարարության, և 0.25 հարկային քաղաքականության բարեփոխումների ազդեցությունները), 2026թ․ այն հասցնելով 25.7%-ի՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշն առնվազն 25.0% մակարդակին հասցնելու թիրախին համահունչ:
Նիկոլ Փաշինյանը Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համարել է չափազանց կարևոր փաստաթուղթ, որի հանրային իրազեկման համար առավել ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն. «Կարող եմ ասել, որ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը քաջալերող է, որով, ըստ էության, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տրված նախընտրական խոստումների իրականացումն ենք ապահովում»:
Հուլիսի 1-ից կբարձրանան կենսաթոշակների չափերը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է 2023 թ. հուլիսի 1-ից սահմանել՝ նվազագույն կենսաթոշակի չափը` 36000 դրամ (31600 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 դրամ (1600 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջարկվում է սահմանել` ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50600 դրամ (46000 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41400 դրամ (36000 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38000 դրամ (33000 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 38000 դրամ (33000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120000 դրամ (90000 դրամի փոխարեն)։
Որոշմամբ առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում տարբերակելով նպաստի չափերը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել. ծերության նպաստի չափը՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39000 դրամ (31600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37500 դրամ (31600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն)։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որոշմամբ իրականացվում է ՀՀ կառավարության ծրագրում տրված խոստումը՝ նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային, սպառողական զամբյուղների արժեքներին: Ըստ նախարարի՝ այս տրամաբանությամբ դեռևս 2022 թ.-ին երկու անգամ կենսաթոշակների չափերը բարձրացվել են և ներդրվել է հետվճարի նոր ինստիտուտ: «Ներկայացվող նախագծով միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 տոկոսով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Այս բարձրացումով 2026 թվականի նվազագույն կենսաթոշակի պարենային զամբյուղին հասցնելու կառավարության ծրագրով ամրագրված նպատակը գրեթե ապահովվում է 2023 թվականի հուլիսի 1-ին, որովհետև այդ հարաբերակցությունը 99,5 տոկոս է»,- ասել է նախարարը:
Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի առաջնահերթությունների մեջ է մտնում այս նվազագույն և միջին կենսաթոշակի չափերի համապատասխանեցումը զամբյուղների արժեքներին. «Մենք նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով: Այս պահին 68,9 տոկոս է, բայց հուլիսի 1-ի բարձրացմամբ մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 տոկոսի»:
Նախարարը նշել է նաև, որ նվազագույն կենսաթոշակը 2018 թ.-ից ի վեր այս պահի դրությամբ բարձրացվել է 225 տոկոսով. 16,000 դրամից դարձնելով 36,000 դրամ. «Այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73 տոկոս է, իսկ կենսաթոշակինը՝ 225 տոկոս»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որոշմամբ, միջնաժամկետ ծախսերի ծրագրով տեմպը պահելու, ինչպես նաև անկանխիկի համակարգը լավարկելու արդյունքում էական բարձր ցուցանիշ կապահովվի: «Այս ամեն ինչը տեղի է ունենում աշխատող, արդյունք ստեղծող և ՀՀ օրենսդրության համապատասխան հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»,-ասել է վարչապետը:
Քայլեր են ձեռնարկվում Երևանի տրանսպորտային պարկը լավարկելու ուղղությամբ
Կառավարությունն ընդունել է «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» որոշում: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունները նախատեսված են ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար և միտված են Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը իրականացնելուն: Արդյունքում հնարավոր կլինի համապատասխան պայմանագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանին մատակարարել թվով 30 հատ նոր ավտոբուս պայմանագրում նշված գնով։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունած այս որոշմանը և նշել, որ այն վերաբերում է Երևանի համար 150 «Ժոնգ-Տոնգ» ավտոբուս գնելուն: «Նախկինում պայմանագրի շրջանակում մենք 150 ավտոբուս ենք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի և կապալառուների հետ, և հիմա առանց գնային փոփոխությունների 150 ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է ավելանում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջին 5 տարին Երևանի տրանսպորտային պարկը լավարկելու շատ էական որոշումներ են կայացրել և ուրախությամբ արձանագրել, որ Երևանում ավելի շատ բարձրակարգ ու նոր ավտոբուսներ են օգտագործվում. «Ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականին, որպես Երևանի քաղաքապետի թեկնածու և մասնակցող ուժ, խոստացել էինք, որ Երևանը պետք է ազատենք պայմանական ասած, «հուսահատության» գազելներից և «մահվան» վերելակներից: Իհարկե, այսօր դա ամբողջությամբ իրականացված չէ, բայց, ըստ էության, գործն արվում է շատ մեծ տեմպերով: Եվ եթե չեմ սխալվում, արդեն այս տարի Երևանի երթուղային տրանսպորտային ցանցում մենք մեզ հայտնի գազելները չենք ունենա: Դրանք փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով»:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշել է, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում, և գնալով մոտենում են Երևանի տրանսպորտային համակարգի համար ավելի կարևոր ու առանցքային որոշումներ կայացնելու փուլին, որի համար պետք էր նախապատրաստվել. «Մյուս կողմից հետևյալ աշխատանքն ենք անում, որպեսզի բեռնաթափենք մեր մարզերի միջև կապի պարագայում Երևանից օգտվելը»:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագիրը երթևեկության անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներ համատեքստում:
Կառավարությունը շարունակում է կրթական հաստատությունների շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովումը
Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմաններն և գույքային հագեցվածությունը բարելավելու նպատակով: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի թվով 11 դպրոցում կատարված շինարարական աշխատանքներն ավարտի հասցնելու նպատակով: Մասնավորապես՝ 2 դպրոցում ավարտի կհասցվեն ջեռուցման համակարգի կառուցման, գազաֆիկացման աշխատանքները (Արագածոտնի մարզում), 1 դպրոցում ավարտի կհասցվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքները (Արագածոտնի մարզում), 8 դպրոցում ավարտի կհասցվեն մարզադահլիճի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքները (որից՝ 6-ը՝ Արագածոտնում, 2-ը՝ Գեղարքունիքում): Միաժամանակ, գումար է հատկացվում նաև Գեղարքունիքի մարզի թվով 100 դպրոցի գույքով ապահովման համար:
Կընդլայնվի հիվանդությունների բուժման համար անվճար տրամադրվող դեղերի ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է փոխհատուցվող հիվանդությունների ցանկում ավելացնել թվով 6 նոր հիվանդություն: Այդ հիվանդությունների դեղերը երբևէ չեն տրամադրվել պետության կողմից: Ըստ այդմ՝ դեղերը շահառուներին կհատկացվեն դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ: Ցանկում ներառվել են հետևյալ հիվանդությունները՝ պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, Կավասակիի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր, ցրված սկլերոզ, անվճար կտրամադրվեն նաև անհաս նորածինների համար նախատեսված դեղերը: Ըստ հիմնավորման ՝ ներկայումս գործող իրավական ակտի համաձայն 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով: Կառավարության որոշմամբ առաջարկվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց (նախկին 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով, անվճար տրամադրել հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը: Հիմնական դեղերի անվանացանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլևս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձևակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ: Մասնավորապես՝ օրինագծով ընդլայնվել է նոտարի պատասխանատվության ռիսկի ապահովագրությունը՝ նոտարին, բացի պարտադիր ապահովագրությունից, հնարավորություն տալով ըստ անհրաժեշտության ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նաև առանձին գործարք(ներ)ի մասով։
Օրինագծով առաջարկվում է վերանայել նոտարի թեկնածուների որակավորման ստուգման արդյունքում ստուգումը հաղթահարած անձանց կողմից նոտարի թափուր պաշտոնի համալրման ընթացակարգը՝ սահմանելով, որ որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարությունը տրվում է կոնկրետ նոտարական տարածքի համապատասխան նստավայրի նոտարի թափուր մնացած, ինչպես նաև նոր ստեղծված հաստիքի համար՝ նոտարական տարածքի և նստավայրի նշմամբ՝ տվյալ հաստիքը համալրելու համար:
Հավանության է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնավորման՝ անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2023 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 240 մլն մ3: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Սակավաջրության հետևանքները մեղմելու համար կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ
Կառավարությունը հաստատել է Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թ.սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները: Հիմնավորման համաձայն՝ սակավաջրությամբ պայմանավորված վտանգված է առավել ինտենսիվ մշակվող գյուղատնտեսական տարածքների՝ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում գյուղատնտեսական հողերի բնականոն ոռոգման ջրամատակարարումը: 2023 թ. ընթացքում Ախուրյան-Արաքս ջրավազանում հաշվարկվել է շուրջ 72.35 մլն մ3 ջրի դեֆիցիտ, իսկ Սևան-Հրազդան ջրավազանում հաշվարկվել է շուրջ 121.4 մլն մ3 ջրի դեֆիցիտ: Ախուրյան-Արաքս համակարգում սակավաջրության ռիսկերը մեղմելու նպատակով այլընտրանքային ջրաղբյուրներից հնարավոր կլինի արտադրել լրացուցիչ շուրջ 20,8 մլն մ3 ջրաքանակ, որի համար կծախսվի լրացուցիչ շուրջ 344 մլն դրամ: Սևան-Հրազդան համակարգում 2023 թվականի հնարավոր սակավաջրության ռիսկերը մեղմելու նպատակով այլընտրանքային ջրաղբյուրներից հնարավոր կլինի արտադրել լրացուցիչ շուրջ 51 մլն մ3 ջրաքանակ, որի համար կծախսվի լրացուցիչ շուրջ 784 մլն դրամ:
6 ամսով արգելք կսահմանվի մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման նկատմամբ
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ, արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։
Հաստատվել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը
Գործադիրը հաստատել է Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Ռազմավարության հիմնական նպատակներից են՝ պարենային անվտանգության, այդ թվում կենսապես կարևոր պարենային ապրանքների ինքնաբավության մակարդակի բարձրացումը, նյութական պահուստի պաշարների համալրումը և ընդլայնումը, ինչպես նաև բնակչության բոլոր խավերի համար առնվազն ֆիզիոլոգիական նվազագույն նորմերին համապատասխանող սննդի ձեռքբերման տնտեսական հնարավորությունների և օգտագործվող սննդամթերքի անվտանգության ապահովումը: Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել, մասնավորապես, բնակչության բոլոր խմբերի համար նվազագույն պարենային զամբյուղի հասանելիություն:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան իրականացված աշնանացան ցորենի ցանքի դիմաց ստանալ ծրագրով նախատեսված փոխհատուցում: 2023 թ. պետբյուջեով «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով փոխհատուցման տրամադրում» ծրագրի շրջանակում նախատեսված էր 2,825,000 հազ դրամ 32500 հա ցանքի համար, որից 11000 հա հավատարմագրված սերմով և 21500 հա չհավաստագրված սերմերով ցանքի իրականացման համար: Սակայն, համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության, ծրագրի շրջանակում կատարվել է 55198 հա աշնանացան ցորենի ցանք, ընդ որում 14310 հա ցանքն իրականացվել է հավաստագրված սերմերով, իսկ 40888 հա ցանքը՝ չհավաստագրված սերմերով: Արդյունքում, առաջացած կարիքը բավարարելու համար անհրաժեշտ է տրամադրել ևս 1,754,335 հազ դրամի գումար: Ծրագիրը իրականացվել է 2022-2023 թթ. և դեռ շարունակվում է իրականացվել ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքմամբ նախատեսվում է 6.5 մլն եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհի տրամադրում: Ֆինանսավորման համաձայնագրի ընդհանուր նպատակներն ուղղված են էներգետիկայի բնագավառում Հայաստանում էներգետիկ աղքատության մեղմացմանը, էներգետիկ անվտանգության ու անկախության բարձրացմանը, բնապահպանական տեսանկյունից կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ու բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը: Այդ նպատակներին հասնելու համար նախատեսվում է գյուղական վայրերում բարելավել հասանելիությունը էներգաարդյունավետ և կայուն էներգիայի լուծումներին: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի չորս շրջաններում՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում և համայնքային շենքերում, որտեղ կայուն էներգիայի նկատմամբ ընդհանուր մատչելիությունը բարդ է, կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Միաժամանակ կիրականացվեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ էներգաարդյունավետ սարքավորումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգախնայող միջոցառումների վերաբերյալ:
Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։
Այլ որոշումներ. 6 ամսով կերկարաձգվի կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը
Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ` առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ
Կառավարության որոշմամբ «ՊՐՈՖ ԱԼ» ՍՊԸ կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել լուսաթափանց ալյումինե կոնստրուկցիաների, ապակեփաթեթների, բազմաշերտ և թրծված ապակիների արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսվում է իրականացնել 5.7 մլրդ դրամի կապիտալ ներդրում՝ հողի ձեռքբերման, նոր գործարանի կառուցման և սարքավորումների ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 257 նոր աշխատատեղ՝ մինչև 620 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 41.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.8 մլրդ դրամ:
***
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վերջին անգամ է մասնակցել որպես նախարար: Վարչապետը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարարին և նշել․ «Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նոր նախարարություն ունենք՝ ՆԳՆ-ը, որը Ոստիկանության, ԱԻՆ-ի և մի քանի այլ ստորաբաժանումների արդյունք է։ Ուզում եմ հիշեցնել մեկ խոստում՝ 2018 թվականին մենք խոստացանք, որ պետական կառավարման համակարգը պետք է մաքսիմալ օպտիմալ դարձնել։ 2018 թվականին մենք ունեինք 17 նախարարություն, այսօր ունենք 12։ Իհարկե, ԱԻՆ-ի հետ կապված իրադրությամբ թիվը չի փոխվել, բայց շնորհակալ եմ պարոն Փամբուխչյանին ԱԻ նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, դրանից առաջ նա ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար և համոզված եմ, որ ձեր ներուժը, հմտությունները կօգտագործվեն պետական կառավարման համակարգում՝ ի բարօրություն մեր պետության»։
ԱԻ նախկին նախարարը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին․ «Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար, գործադիրի և պետական, օրենսդիր մարմինների այն ներկայացուցիչներին, որոնց հետ այս ընթացքում աշխատել ենք, և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում ՆԳՆ-ին, պարոն Ղազարյան արդյունավետ աշխատանք»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ