Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ասել են՝ «Տիգրանաշենը մեր հողը» չէ, իսկ այս իշխանությունն ընդամենը 6 տան սեփականության վկայական է տվել»

Հունիս 29,2023 16:42

Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում խուճապ չկա, մարդիկ չեն մտածում Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին։ «Առավոտի» հետ զրույցում Պարույր Սեւակի համայնքապետարանի աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք չեն պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր Տիգրանաշենը հանձնել։

Տիգրանաշենը Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի վարչական կազմում է ներառված, Տիգրանաշենի տարածքում կա 45 բնակելի տուն, իսկ Պարույր Սեւակ գյուղում՝ 110 տնտեսություն։

«Ուզում եմ հավատաք, որ այստեղ չկա խուճապ, ոչ էլ մարդկանց մոտ վախ կա, որ կարող է գյուղից դուրս գան։ Մարդիկ շինարարություն են անում, ես մեկին ասացի՝ համբերեք, տեսնենք ի՞նչ է լինում, մարդն ասաց՝ չի կարող այդպիսի բան լինել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ է Երեւանում թվում, թե մարդիկ այստեղ ճամպրուկները հավաքած սպասում են, չկա այդպիսի բան, հավատացեք»,- նշեց մեր զրուցակիցը։

Այսպես կոչված «անկլավները» հանձնելու պատրաստակամության մասին իր վերջին ասուլիսում հնչեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ «Ադրբեջանը 86,6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»։ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Տիգրանաշենը հանձնելու հնարավորության մասին։ Քարտեզագետները հիմնավորում են, որ Հայաստանի տարածքում «անկլավներ» չկան։ 

Մեր զրուցակիցը նշեց, որ վաղուց է աշխատում Պարույր Սեւակի համայնքապետարանում, եւ յուրաքանչյուր տարի արծարծվել է հարցը, որ Տիգրանաշենի տները պետք է քարտեզագրվեն։ «Լեւոնի ժամանակից սկսած, մինչեւ Քոչարյանի ու Սերժի ժամանակ ամեն տարվա հունվարի 7-ին գալիս էինք աշխատանքի, առաջին գործն այն էր, որ խնդրում էինք մեզ թույլ տային Տիգրանաշենը քարտեզագրել, որ կադաստրային քարտեզ ունենա, որ մարդկանց այստեղ սեփականություն տանք։ Ամեն անգամ մեզ պատասխանել են, որ «Տիգրանաշենը մեր հողը չէ»։ Դա ասել են 1991 թվականին, ասել են 1995 թվականին, ասել են մինչեւ 2018 թվականը։ Ամեն անգամ մեզ ասել են՝ «Տիգրանաշենը մեր հողը չէ, մենք այնտեղ քարտեզագրում չենք կարող անել, մինչեւ այդ հարցը վերջնականապես կլուծվի»,- ասաց նա։ Այսինքն՝ Հայաստանի բոլոր իշխանությունների վարած քաղաքականությունը, մեր զրուցակցի խոսքով, դա է եղել Տիգրանաշենի վերաբերյալ։

«Այս իշխանությունների անփորձության վրա մի պահ խաղացինք, նորից դիմեցինք քարտեզագրման համար։ Մեզ թվում էր՝ չէին թողնելու, բայց ի զարմանաս մեզ՝ թույլատրեցին քարտեզագրում անել։ Մոտ 6 տան սեփականության վկայական տվեցին, հետո գլխի ընկան, թե ինչ է կատարվում, դադարեցրեցին գործընթացը։ Սրանց օրոք մի 6 սեփականության վկայական հանել ենք գոնե, նախկինների օրոք դա էլ չկար։ Այսինքն՝ այնպես չէ, որ խնդիրը նոր է»,- ասաց նա։

Համայնքապետարանի աշխատակիցն ընդգծեց, որ բնակիչներից ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Տիգրանաշենը հանձնել․ «Տիգրանաշենը ոչ մի կողմից շփման գիծ չունի իրենց հետ, ո՞նց են մտնելու ու դուրս գալու, մեր ցամաքային ճանապարհո՞վ են մտնելու, թե՞ օդային, ի՞նչ են անելու։ Ոչ ոք չի պատկերացնում, հետեւաբար, չենք էլ ուզում մտածել, որ այդպիսի բան հնարավոր է»։

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ ԽՍՀՄ տարիներին, երբ ադրբեջանցիներն ապրել են Տիգրանաշենում, ագրեսիվ պահվածք են դրսեւորել, նրանց հետ համակեցություն չեն պատկերացնում մարդիկ։

Բացի դա, Տիգրանաշենը հանձնելու դեպքում ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ կունենա Պարույր Սեւակ գյուղը։ «Ենթադրենք, պետությունը Տիգրանաշենի 45 տների բնակիչներին փոխհատուցեց, բայց մեր կոմունիկացիաները՝ խմելու ու ոռոգման ջուրն անցնում են այնտեղով։ Տարածքով հանրապետական ճանապարհն է նաեւ անցնում, ճանապարհը գուցե կարողանան փոխել, բայց մեր կոմունիկացիաները փոխելու հնարավորություն ու տեղ չկա։ Եթե մեր ջուրն անցնի դրանց միջով, անվտանգ չէ, եթե չանցնի, Պարույր Սեւակ գյուղում ապրելը դառնում է խնդրահարույց, դրա համար չենք ուզում հավատալ, չկա վախ»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930