Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դրոշը հայտնվել է Գյումրու կենտրոնում գտնվող աղբարկղում

Հունիս 29,2023 16:26

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի լուսանկար՝ ահազանգելով, որ հայկական եռագույնը հայտնվել է Գյումրու կենտրոնական հատվածում՝ քաղաքապետարանին հարակից տարածքում գտնվող աղբամանում, և որ բարեբախտաբար, օգտատերերից մեկը նկատել է, հանել ու տուն է տարել։

Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշել էր նաև Երևանի ավտոմաքսատան աշխատակիցներից մեկի պաշտոնազրկումը, որը պատշաճ վերաբերմունք չէր ցուցաբերել հայկական դրոշի նկատմամբ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ազատել նրան։

«Երևի օրինաչափ է, որ Գյումրու հրապարակում պետք է ծածանվեն թրքական լաթանման դրոշները, իսկ մեր ազգայինը հայտնվի աղբամանում։

Հիշեցնեմ

2019 թվականին կապիտուլյանտը մի ամբողջ շոու կազմակերպեց մաքսայինում և աշխատանքից ազատեց մեկին, ում աշխատասենյակում դրոշը ոչ պատշաճ էր դրված։

Հիշեցում 2-րդ՝ այս տարվա հունիսի 1-ին Գյումրու քաղաքապետարանի մանկապատանեական կենտրոնը երեխաներին թրքական լաթանման դրոշներ է բաժանել ու մինչ օրս ոչ մեկը այդ խայտառակության համար պատասխանատվություն չի կրել…», -գրել է Կարապետ Պողոսյանը։

Aravot.am-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասաց, որ սա ոչ միայն զայրացնող կամ մտահոգող փաստ է, այլ վախեցնող։

«Գիտե՞ք ինչու եմ ասում՝ վախեցնող, աղբարկղում հայտնված դրոշի նկարը բավական ժամանակ տարածվում է համացանցում, սակայն իրավապահ համակարգից մինչ այս պահը ոչ մի արձագանք չկա, չեն կապվում իմ կամ այն օգտատիրոջ հետ, որը հայտնաբերել է դրոշը ու ոչ մի քայլ չեն նախաձեռնում պետականության խորհրդանիշն անարգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Հատկապես որ աղբարկղը տեղադրված է ՀՀ դատախազության Շիրակի մարզի շենքի անմիջապես դիմացի հատվածում։

Հիշում եք իբրև թե Գյումրու բարեկեցությունն ապահովելու համար հատուկ հանձնաժողով ստեղծվեց, որի ղեկավար նշանակվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իրականում այն բնավ կապ չունի Գյումրու հետ, Կարս-Գյումրի երկաթգիծը բացելու համար է։

Այդ հանձնաժողովի ստեղծման ֆոնին հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա շքերթին Գյումրու «Պիոներ պալատի» լոգոյի գույները փոխեցին թուրքական դրոշի ոճով։ Հիմա էլ չեն տեսնում, թե իրենց քթի տակ ինչ է կատարվում, թեև ես իմ գրառման մեջ նշել էի նաև քաղաքապետարանին։

Այնպես չէ, որ հայկական դրոշ յուրաքանչյուր ընտանիքում կա ու եռագույնի աղբարկղում հայտնվելը կենցաղային մակարդակում է։ Դրոշները պետական կառույցներում են, և մեղավորին պիտի փնտրել հենց պետական կառույցներում։

Սա պետականության վերջին ազդարարումն է, որ դրոշը հայտնվեց աղբարկղում», -ասաց Կարապետ Պողոսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930