Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ամենամեծ շնորհակալությունը՝ ՀՀ քաղաքացուն, որը մշտապես գնահատել և արժևորել է այս մարդասիրական կառույցի  աշխատանքը. Արմեն Փամբուխչյան

Հունիս 29,2023 15:52

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ վետերաններ, սիրելի՛ քաղաքացիներ,
Իր գործառույթները շուրջ 3 տասնամյակ կառուցվածքային տարբեր ձևաչափերով իրագործելուց հետո ԱԻ նախարարությունն այսուհետ իր գործունեությունը ծավալելու է ՆԳՆ կազմում՝ հավատարիմ մնալով իր կարևորագույն արժեքներին, սկզբունքներին և նպատակներին։

Սկիզբ առնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո տիրող ճգնաժամային պայմաններում՝ կառույցը սկսել է գործել որպես ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն, իսկ 1991թ. հուլիսից ստեղծվում է ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի նպատակն է կազմակերպել բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը։

Երկրի համար պատմական և քաղաքական դժվար պայմաններում հնարավոր է լինում ոչ միայն պահպանել վարչության առաջնային կառուցվածքը, այլև զարգացնել և ընդլայնել ենթակառուցվածքները, այդ թվում՝ արագ արձագանքման փրկարարական ջոկատները, որոնք հիմք են դառնում ԱԻ նախարարության ձևավորմանը։

2008 թվականին ստեղծվում է ԱԻ նախարարությունը, որը ներառում է փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը։

Ստեղծման օրվանից ի վեր գերատեսչությունը կատարել է իր առջև դրված բոլոր առաջադրանքները, նպաստել քաղաքացիական պաշտպանության ձևավորմանը, իրագործել մի շարք կրթական ծրագրեր՝ նպաստելով բնակչության շրջանում բարձր քաղաքացիական գիտակցության ձևավորմանը՝ ներառելով նախակրթարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Անցնող տարիների ընթացքում գերատեսչությունը ունեցել է մի շարք ձեռքբերումներ՝ շենքային, գույքային, տեխնիկական վերազինում, և բարելավումներ։ Միջազգային գործընկերների հետ պարբերաբար շփումները, հանդիպումները, փորձի փոխանակման և համատեղ իրականացրած բազմաթիվ աշխատանքները նպաստել են ԱԻ նախարարության աշխատակիցների զարգացմանը, որի արդյունքում այսօր նրանք կարող են աշխարհի ցանկացած կետում կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Նախարարության անխափան աշխատանքի և հասարակության շրջանում բարձր վստահության ձեռքբերման գրավականը եղել և մնում են գերատեսչության նվիրյալ աշխատակիցները, ովքեր անցնող տարիների ընթացքում իրենց անձնուրաց աշխատանքի, ինչո՞ւ ոչ, կյանքի գնով ապացուցել են, որ մշտապես պատրաստ են առաջինը օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուր իրավիճակում։

ԱԻ նախարարության այսօրվա հաջողությունների մեջ իր անուրանալի դերն է ունեցել յուրաքանչյուրը՝ փրկարարը, սեյսմոլոգը, տեխանվտանգության մասնագետը, հոգեբանը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցը, կրթական մասի պատասխանատուները, վարչական մասի աշխատակիցը․․․ ԲՈԼՈՐԸ, քանի որ ամբողջի հաջողությունը պայմանավորվում է անհատների անմնացորդ և պարտաճանաչ աշխատանքով։

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել այս տարիներին ԱԻ կայացմանը նպաստած գործընկերներիս՝ հիմնավոր ժառանգության համար, ինչպես նաև իմ ղեկավարման շրջանում գաղափարներիս իրագործմանը նպաստած աշխատակիցներին և գործընկերներին։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻ նախարարության ղեկավարումն ինձ վստահելու, գերատեսչությանը մշտապես աջակցելու համար: Շնորհակալություն օրենսդիր, գործադիր և պետական այլ կառույցների գործընկերներիս՝ համատեղ կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն միջազգային մեր գործընկերներին և նախարարության հետ համագործակցած պետություններին։

Դե իսկ ամենամեծ շնորհակալությունը ցանկանում եմ հայտնել ՀՀ քաղաքացուն, որը մշտապես գնահատել և արժևորել է այս մարդասիրական կառույցի կատարած աշխատանքը:

Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930