ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս հայտարարել է, որ միջին մասնագիտական կրթությամբ 1300 ուսուցիչներ օգոստոսից այլեւս չեն կարող աշխատել դպրոցում, եւ եթե նրանք կամավոր ատեստավորման գործընթացն անցնեն հաջողությամբ ու հավաքեն 60 եւ ավելի տոկոս, այդ դեպքում կունենան հնարավորություն՝ շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը։
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական եւ միջազգայնացման կապերի գծով պրոռեկտոր, «Հորիզոն 2020» ծրագրի Սլովակիայի տնտեսագիտական համալսարանի էթիկայի փորձագետ, ԵԽ կրթության փորձագետ Լուսինե Ֆլջյանից (լուսանկարում)։ Հարցրինք՝ այն իրավիճակում, երբ Հայաստանի դպրոցներում ուսուցիչների մեծ պակաս կա, տեղի՞ն է արդյոք նման որոշումը։
«Միջին մասնագիտական կրթությունը, որ ժամանակին մարդիկ ստացել են Հայաստանի Հանրապետությունում, իր որակներով 90 տոկոսով համապատասխանում է այսօրվա բակալավրիատի կրթությանը՝ եւ տարիների, եւ բովանդակության, եւ կրթական վերջնարդյունքների առումով: Դրան գումարած՝ ավելացել է նաեւ այդ մարդկանց տարիների փորձառությունը, որը տարբեր երկրներում հավասարեցվում է կրթությանը: Այսինքն, դու կարող ես ունենալ ավելի պակաս կրթություն, բայց քո փորձառությունը հաշվի առնվի՝ որոշումներ կայացնելու ընթացքում»,-ասաց Լուսինե Ֆլջյանը:
Նրա խոսքով. «Կրթական եւ մանկավարժական բացերը հեշտությամբ կարելի է լրացնել միկրոորակովորումներով եւ աստիճանաբար կրեդիտներ հավաքելով: Միջին մասնագիտական կրթության եւ բավալավրիատի տարբերությունը մոտ 60 կրեդիտ է: Պետք է հնարավորություն տալ, որ երկու տարվա ընթացքում այդ մարդիկ աշխատանքին զուգահեռ գնան ու անվճար հավաքեն այդ կրեդիտները: Բայց ցավոք, այսօր ուսուցիչը չի կարող գնալ եւ բարձրագույն կրթություն ստանալ իր 40 հազար դրամ աշխատավարձով, որովհետեւ դա նվազագույն սպառողական զամբյուղից էլ ցածր է, հետեւաբար պետք է կամ սնվի, կամ գնա այդ կրթությունը ստանալու: Պետությունն էլ ժամանակին չի հոգացել, որ ապահովի նրանց անվճար բարձրագույն կրթությունը:
Կարդացեք նաև
Եթե պետությունն ասեր՝ պետք է գնանք եւ ձեր աշխատանքին զուգահեռ անվճար սովորեք ու ստանաք բարձրագույն կրթություն, եւ մանկավարժները չգնային, այդ դեպքում կարող էր ասել՝ չեք կատարել իմ պահանջը, դրա համար այսքան ուսուցիչ մնում է, 13000-ը պետք է հեռանան: Բայց պետությունը չի խրախուսել, չի խթանել, որ այդ մարդիկ կրթություն ստանան, բայց հիմա պատժում է աղքատ լինելու, սովորելու հնարավորություն չունենալու համար եւ թողնում է ոչ միայն այդ 1300 հոգուն, այլեւ նրանց ընտանիքի անդամներին առանց հացի: Այդպես այդ ուսուցիչների մի մասը հաստատ կուզենա հեռանալ երկրից, գնալ իրենց բարեկամների մոտ:
Ստացվում է՝ գրչի մի հարվածով ընդունված այդ որոշումը վնաս է պատճառելու նաեւ Հայաստանի ժողովրդագրական՝ առանց այն էլ ծանր վիճակին: Այդ ուսուցիչների մի մասը հիվանդանալու է մտածմունքից, հատկապես, որ նրանք միջինից բարձր տարիքի մարդիկ են: Նրանք այդ հարվածին նրանք չեն կարողանալու դիմակայել:
Հաշվի առնելով պատերազմը, խայտառակ պարտությունը, ծանր վիճակը՝ դրան հետեւելու են շատ ավելի վատ հետեւանքներ: Միջին մասնագիտական կրթությամբ այդ մարդիկ տարիներ շարունակ աշխատել են դպրոցում, եւ հիմա կրթության բարձրագույնի եւ ոչ բարձրագույնի պատճառով մասնագիտական ջրբաժանի առաջ են հայտնվել: Ի դեպ, բակալավրիատը 3 տարի է, այսինքն` հիմնական կրթությունը 3 տարի է՝ կոչվում է գիտելիքահեն՝ knowledge-based: 3 տարի սովորելուց հետո մարդը գնում եւ աշխատում է:
Միջին մասնագիտական կրթությունը կոչվում է skill-based, այսինքն` մասնագիտական գիտելիքի վրա հիմնված կրթություն: Այդ ուսուցիչների մեծ մասը հետազոտական որեւէ բան դասարանում չի անում, փորձառությունը, վերապատրաստումները բավարար են, որ նրանք կարողանան իրենց գործը իրենց գործառնության հիման վրա կատարեն, կիրառական գիտելիքներ հաղորդեն աշակերտին»:
Կրթության փորձագետի համոզմամբ, ի վերջո կարելի է հանձնաժողով ստեղծել եւ այցելել դասերին, գնահատել դրանց որակը եւ մասնագիտական եզրակացություն տալ, ոչ թե մարդկանց վերցնել ու զրկել աշխատելու հնարավորությունից:
«Այդ որոշումը խայտառակ հետեւանքներ է ունենալու մի քանի առումներով: Դպրոցները, հատկապես այն վայրերում, որտեղ ուսուցչի խնդիր ունենք, մնալու են առանց ուսուցիչ, իրենց փոխարինելու են այլ առարկաների ուսուցիչներ՝ շատ ավելի վատ գիտելիքներով: Դա լինելու է սթրես աշակերտների համար, որովհետեւ իրենց ասելու են, որ ձեր ուսուցիչը չուներ բարձրագույն կրթություն եւ որակազրկելու են ուսուցիչներին աշակերտների աչքերում:
Եթե որոշում է կայացվում, օրենքը պետք է գործի ընդունումից հետո, հիմա միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչ այլեւս դպրոցում մի ընդունեք աշխատանքի, դա ուրիշ որոշում է, այլ հարց է՝ տասնամյակներով իրենց ներդրումն ունեցած մարդկանց վերցնել ու ոլորտից հեռացնելը: Այդ որոշման պատճառով Հայաստանը էլ ավելի մեծ կրթական փակուղում է հայտնվելու»,-նշեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Լուսինե Ֆլջյանի ֆեյսբուքյան էջից