Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին՝ այն շեշտադրումներով, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունները քաղաքական հաստատություններ չեն, նրանք չեն զբաղվում քաղաքական, տարածքային հարցերով, անկախ հաստատություններ են, որոնք կենտրոնացած են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վրա։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
Նա ասաց, որ գրությունում մատնանշել է, որ չափազանց կարեւոր է, որ մեր երկու պետությունների նման ապաքաղաքական հաստատությունները ունենան պատշաճ հաղորդակցություն եւ փորձեն լուծել առաջացող հումանիտար եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։ Դեռ արձագանք չկա։
«Միանշանակ, իրավիճակը շատ մտահոգիչ է առաջին հերթին՝ հումանիտար, տեսանկյունից, մարդու իրավունքների տեսանկյունից եւ դա համադրվում է հայատյացության քաղաքականությամբ»,-ասաց Մանասյանը, նշելով՝ սա միայն իրավական խնդիր չէ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն, պետք է լինի միջազգային հանրության արձագանք։
Հարցին՝ այս իրավիճակում միջազգային ինչպիսի մեխանիզմ կարող է լինել, որը կերաշխավորի արցախահայության ֆիզիկական անվտանգությունն հայատյաց Ադրբեջանի կազմում, Մանասյանը հստակ պատասխան չտվեց, խուսափեց գնահատական տալ, նշելով՝ դա միայն իրավական հարթությունում լուծվող հարց չէ, դա նաեւ քաղաքական հարթությունում լուծվող հարցադրում է․ «Չեմ կարող միանշանակ հայտարարություն անել, թե արդյոք միանշանակ կարո՞ղ է տալ անվտանգության երաշխիք, թե՞ ոչ, բայց մարդու իրավունքների հետ կապված խնդիրները պետք է լուծված լինեն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ