Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը խուսափեց հստակեցնել՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ

Հունիս 29,2023 14:16

«Ես այդ պահին գործուղման էի, Արմեն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի  այլ ներկայացուցիչներ՝ պաշտպանի հանձնարարությամբ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

Պաշտպանի վստահեցմամբ՝ Աշոտյանը պահման պայմանների վերաբերյալ բողոք չի ներկայացրել, նրա մտահոգությունները հիմնականում վերաբերել են քրգործի հանգամանքներին եւ դրա քննությանը, ինչպես նաեւ խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին․ «Այդ բոլոր հարցերը  արձանագրել եւ փաստաթղթավորել ենք։ Անընդհատ կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ։ Այդ առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար գրություններ ենք ուղարկել համապատասխան մարմիններին, պատասխանները ստանալուց հետո՝ ՄԻՊ հետագա գործողությունները կորոշենք»։

Արդյոք Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է կամ քաղաքական հետապնդման է ենթարկվում, հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց՝ ՄԻՊ-ի համար շատ կարեւոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ եւ ինչ դիրքորոշումներ է ներկայացնում․ «Բայց նաեւ շատ կարեւոր է հասկանալ պետական մարմնի դիրքորոշումը հարցի վերաբերյալ եւ դրա համադրման միջոցով ենք հնարավորություն ունենում եզրահանգում անել»։ Մանասյանը հորդորեց սպասել պետական մարմինների պարզաբանումներից հետո ՄԻՊ պատասխանին։

«Քաղբանտարկյալ լինելու համար ոչ միայն պարտադիր է այն հանգամանքը, որ անձը քաղաքական, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ է զբաղվում, այլ կարեւոր է, որ այն քրեական վարույթը, որ առկա է, լինի բացառապես այն պատճառով, որ դու հենց քաղաքական գործունեությամբ ես զբաղվում։ ՀՀ-ում ունենք մի շարք վարույթներ, որով անցնում են անձինք, որոնք զբաղվում են նաեւ քաղաքական գործունեությամբ։ Սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղաքական բանտարկյալ են։ Սա նշանակում է, որ մենք այս գործերին պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ պետությունն ու իրավասու մարմինները պետք է շատ ուշադիր լինեն առաջին հերթին այն հանգամանքին, որ եթե նույնիսկ այս գործով  անցնող անձը իրավական տեսակետից որեւէ արարք կատարել է, բայց նրա հետ հավասար նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք եւս թե՛ հանցավոր, թե՛ դատապարտելի այլ արարքներ են կատարել, եւս պատասխանատվության ենթարկվեն։ Հետեւաբար, մեզ համար շատ կարեւոր է, որ այս հավասարությունը երաշխավորվի բոլորի տեսանկյունից, նաեւ բոլորին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից»։

Դիտարկմանը՝ վերջին տարիներին կալանավորումը որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում, պաշտպանը պատասխանեց՝  կալանքը որպես խափանման միջոց կիրառելը  միշտ մտահոգիչ է եղել եվրոպական չափանիշների տեսանկյունից, եւ ոչ միայն այս տարիներին, մշտապես է եղել․ «Որոշակի բարելավումներ եղել են, բայց խնդիրը չի լուծվել,  ես էլ միշտ արձանագրում եմ,  դա եւ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մեկ -երկու գործով, այլ ընդհանուր մեթոդաբանությունը ճիշտ ձեւավորելու տեսանկյունից»։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը հունիսի 16-ին կալանավորվեց երկու ամսով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930