Հակակոռուպցիոն դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Էմին Խաչատրյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի մայր գործից, որից անջատվել է այս գործը և որը գտնվում է Քննչականում, գործի բոլոր նյութերը տրամադրեն իրենց։ Պաշտպանները գտնում են, որ իրենց ամբողջ ծավալով նյութերը չեն տվել։
Փաստաբանը նշեց․ «Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պահանջում են պաշտպանական կողմի ուսումնասիրությունը։ Հնարավոր է՝ գործում առկա լինեն նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություններ, որոնք մեկնաբանելուց, ծանոթանալուց հետո գտնենք, որ դատախազությունն անհիմն է երկարացրել նախաքննության ժամկետը։ Հնարավոր է՝ անձանց ցուցմունքներ լինեն, որ պաշտպանական կողմը կարող է մեկնաբանել հօգուտ իրեն, հրավիրենք այդ անձանց դատարան հարցաքննելու։ Դատախազի կողմից գնահատելը դեռ չի նշանակում, որ դա պաշտպանական կողմի համար ընդունելի են։ Հիմա իրար հակադիր կողմերում ենք, և մեր դիրքորոշումներն ամբողջ նախաքննության ընթացքում, նաև այս դատաքննության ընթացքում չեն համընկնել։ Հետևաբար` զենքերի հավասարության սկզբունքները պահելու համար մեզ անհրաժեշտ են գործի բոլոր նյութերը, որ մենք ինքներս կարողանանք դատողություններ կատարել։ Որևէ մեկը՝ այդ թվում հանրային մեղադրողը, մեր փոխարեն դատողություններ կատարելու իրավասություն չունի»։
Նախագահող դատավորը հարցրեց՝ ինչպիսի՞ մեխանիզմ են պատկերացնում։
Փաստաբանն ասաց․ «Պահանջենք դատախազից, որ ներկայացնի պաշտպանական կողմի նյութերը, քանի որ այն ծավալով, որ ներկայացվել են, կազմում է գործի մեկ հինգերորդ մասը։ Այս ծավալով մենք մեր մարտավարությունը և պաշտպանությունը կառուցել չենք կարող։ Շուրջ 100 հոգանոց քննչական խումբ է աշխատել, հարյուր հազարավոր մարդիկ են հարցաքննվել։ Մենք ծանոթ չենք այդ նյութերին, չենք կարող ասել՝ արդյոք այդ նյութերում մեզ արդարացնող նյութեր կա՞ն, թե՝ ոչ»։
Կարդացեք նաև
Հանրային մեղադրողը միջնորդության հետ կապված առարկեց․ «Որևէ հիմնավորում չբերվեց՝ ինչ նորմերի հիման վրա կարող է նման երևույթ տեղի ունենալ։ Խոսքը զուգահեռ ընթացող վարույթի մասին է։ Խոսել եմ նախաքննական գաղտնիքի մասին, զուգահեռ ընթացող գործընթացների մասին։ Կոնկրետ այս գործը անջատվել է կոնկրետ անձանց վերաբերյալ կոնկրետ մեղսագրվող արարքների շրջանակում, և համապատասխան ապացույցների բազան ուղարկվել դատարան։ Սա առանձին քրեական գործ է և բոլոր հիմնավորումները հերքող ապացույցները դրվել են դրա հիմքում»։
Պաշտպան Երեմ Սարգսյանն արձագանքեց․ «Այն բոլոր սկզբունքները, որոնք մեղադրողը նշում է, դրանք վկայում են այն մասին, որ այս միջնորդությունը պետք է բավարարվի։ Այդ հարցերը կարգավորվում են պրակտիկայով։ Եթե չկա այդ նորմը, ուրեմն պետք է իրավունք խախտե՞նք»։ Նա Վերաքննիչ դատարանի նախադեպային որոշմանը հղում կատարեց։
Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել և ԱԱԾ քննչական դեպարտամենտից պահանջել քրեական գործի բոլոր նյութերը՝ քրեական գործից մաս անջատելով օրվա դրությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ