Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սակագինը կմնա անփոփոխ․ Գարեգին Բաղրամյան

Հունիս 29,2023 13:21

Գազի գինը չի փոխվի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանիդլյանը դիմել էր հանձնաժողով գազի գինը 16 դրամով նվազեցնելու նպատակով՝ հաշվի առնելով փոխարժեքը։

Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահն ասաց՝ անկախ նրանից այդ դիմումը կար, թե՝ ոչ, օգոստոսի 1-ը գազի սակագնի վերանայման օրն է եւ սակագնի վերանայման գործընթացն ամեն դեպքում ձեռնարկվելու էր․ «Փոխարժեքը մեկ գործոնն է, որն ազդում է այդ սակագնի ձեւավորման վրա։ Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել, բայց չմոռանանք, որ մեր սպառման 70%-ն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից, որովհետեւ միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին, իսկ մնացած 70%-ի դեպքում՝ փոխարժեքի հետ սահմանված բանաձեւ է գործում, եւ արդեն իսկ իրենց բացարձակ վճարումները ամսական նվազելու են»։

Բաղրամյանի խոսքով՝ փոխարժեքի դրական արդյունքով պայմանավորված՝ հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշում է կայացվելու որոշակի ներդրումային ծրագրի իրականացմանն ուղղել միջոցները․ «Կառավարության նախորդ նիստում ընդունվեց որոշում, որով առաջարկվում էր Երեւանի գազամատակարարման ենթակառուցվածքների վերականգնում։ Դա ենթադրում է, որ մայրաքաղաք մտնող չորս ուղղություններով ամբողջությամբ նոր գազաբաշխիչ կայաններ պետք է կառուցվեն, նոր խողովակաշար կառուցվեն, որի արդյունքում Երեւանում սպառվող գազի ծավալը կկրկնապատկվի»։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ հանձնաժողովի վաղվա նիստում   ներկայացված է նախագիծը, առաջարկվում է գազի գինը պահպանել նույն մակարդակի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխարժեքի տատանման արդյունքում գոյացած գումարներն ուղղվեն ենթակառուցվածքների ներդրմանը։

«Փոխարժեքով պայմանավորված գազի գնի իջեցումը ռիսկային է, այն էլ ամառվա ամիսներին, որովհետեւ ամռանը գազի սպառումը նվազում է, ու եթե ամռանը փոխարժեքով պայմանավորված գնիջեցում արվի, իսկ աշնանը կամ ձմռանը ունենանք փոխարժեքի բարձրացում, ապա ավելի վատ անդրադարձ կլինի բնակչության վրա»,-ասաց Բաղրամյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930