Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։ Իրենց հերթին այսօր միջնորդությամբ հանդես եկան դատավորները։
Դատավոր Տիգրան Պետրոսյանը ներկայացրեց միջնորդությունը․ «Բարձրագույն դատական խորհրդին միջնորդում ենք՝ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի կարգապահական պատասխանատվության մասով մերժել ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լեւոն Բալյանի՝ 24․05․2023 թվականի որոշմամբ ներկայացված միջնորդությունը կամ կարճել կարգապահական վարույթը»։
Փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ նիստը հետաձգելու մասին։ «Հաշվի առնելով պատշաճ պաշտպանության կազմակերպման անհնարինությունը, միջնորդում եմ ԲԴԽ-ին՝ նիստը հետաձգել առնվազն 5 աշխատանքային օրով՝ ապահովելու համար արդար դատաքննության իրավունքի այնպիսի իրական երաշխիքները, ինչպիսիք են պաշտպանության համար բավարար ժամանակ եւ հնարավորություն ունենալու իրավունքը, կողմերի հավասարության եւ մրցակցության սկզբունքը»,- նշվում է միջնորդության մեջ։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ Սիրանուշ Սահակյանի միջնորդության մեջ նորություն չկա, նախորդ նիստում նույնաբովանդակ միջնորդություն հնչել է։
Կարդացեք նաև
Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 2019 թվականին հրապարակված վճիռը։ Ըստ արդարադատության նախարարի միջնորդության՝ ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքներ են հայտնաբերվել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ