«Մինչեւ 2026 թվականը, ինչպես խոստացել էինք, նվազագույն եւ միջին կենսաթոշակները կհամապատասխանեցնենք սպառողական եւ պարենային զամբյուղի նվազագույն ցուցանիշներին»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցով ընդունեց որոշում, ըստ որի՝ հուլիսի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու հաշմանդամության համար նպաստները։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց՝ հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը կկազմի 36 000 դրամ՝ 31 600-ի փոխարեն, միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1%-ով՝ կազմելով 49 700` 46 100 դրամի փոխարեն։ Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87 590-ի փոխարեն կդառնա 91 600 դրամ։
Ըստ որոշման, հուլիսի 1-ից աշխատանքային կենսաթոշակը կկազմի 24 000 դրամ՝ 21 000-ի փոխարեն։
Կարդացեք նաև
Զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 1750 դրամ՝ 1600 դրամի փոխարեն։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կկազմեն` ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով՝
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50 600 դրամ՝ 46000-ի փոխարեն,
2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41400 դրամ՝ 36000-ի փոխարեն
3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38000 դրամ՝ 33000-ի փոխարեն
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 38000 դրամ՝ 33000 դրամի փոխարեն
Երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120000 դրամ՝ 90000 դրամի փոխարեն։
Կբարձրանան ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում տարբերակելով նպաստի չափերը։ Մասնավորապես՝ ծերության նպաստի չափը կկազմի 36000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն։
Ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով՝ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի նպաստը կկազմի 39000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն։
2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի նպաստը կկազմի 37500 դրամ՝ 31600 դրամի փոխարեն։
3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի նպաստը կկազմի 36000 դրամ՝ 31600 դրամի փոխարեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ