Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ է այցելել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։
Իտալիայի ռազմաօդային ուժերի կազմավորման 100-ամյակի կապակցությամբ ԵԹԿՊԻ-ի մեծ դահլիճում ցուցադրվեց ռեժիսոր Մարիո Վիտալեի 2023 թվականի արտադրության «Երկնքի որսորդները» ֆիլմը։ Իտալական ռազմական ավիացիայի ծննդյան հուզիչ պատմությունը ներկայացվում է երեք մարդկանց սխրագործությունների միջոցով։
Իտալիայի դեսպանը կարևորեց ֆիլմի ասելիքը բոլոր ժամանակների համար, այնուհետև մի շարք ընդգծումներ արեց։
«Այս ֆիլմը ոչ միայն խոսում է այն ծանր հետևանքների մասին, որ թողնում է պատերազմը, այլ ստիպում է հասկանալ, որ մեր կյանքի ամենադժվար պահերին՝ պատերազմական շրջանում, կան նաև դրական, անգամ ռոմանտիկ պահեր։ Հետագայում նույնպես հնարավորություն կունենանք ֆիլմեր դիտելու այս հրաշալի միջավայրում»,- նշեց Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։
Կարդացեք նաև
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանն ասաց, որ այս ֆիլմը չափազանց կարևոր է մասնագիտական առումով։
«Ֆիլմում մենք կարողացանք տեսնել համաշխարհային կինոյի նոր միտումները, հատկապես վավերագրական կինոյի։ Տեսանք, թե ինչպես է աշխատում անիմացիան վավերագրության մեջ և թե ինչպես է ամբողջությամբ վավերագրական նյութի վրա կառուցվում խաղարկային ֆիլմը։
«Երկնքի որսորդները» ֆիլմը ռեժիսորական, դերասանական, օպերատորական բարձրորակ աշխատանքի արդյունք է։ Իրականում այս ֆիլմը նաև հայերիս համար շատ զգայուն, ցավալի թեմայի է անդրադառնում՝ պատերազմին, դրա անհեթեթությանը, մարդկային ճակատագրերին»,-հավելեց Սառա Նալբանդյանը։
Նշենք, որ այս իրադարձությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Իտալիայի դեսպանության համագործակցության առաջին և կարևոր քայլն է։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ