Լրահոս
Օրվա լրահոսը

Քասթիլիոն շեշտում է՝ «Pegasus»-ի միջոցով մարդկանց թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի լրջագույն խախտում է. «Ամերիկայի ձայն»

Հունիս 29,2023 12:13

«Ամերիկայի ձայն». «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով հայաստանյան գործիչների թիրախավորումը շարունակում է արդիական մնալ: Այս առիթով «Ամերիկայի ձայնը» զրուցել է «Amnesty International»-ի Անվտանգության լաբորատորիայի ներկայացուցիչ Էլինա Քասթիլիոյի և հաքերային հարձակման ենթարկված փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ:

Հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչներ թիրախավորվել են «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով՝ վերջերս հայտնել էր «Amnesty International»-ը։ Կազմակերպությունը «Pegasus Project» նախաձեռնության անդամ է, որի շրջանակում միավորել են քաղհասարակության և լրատվական դաշտի բազմաթիվ գործիչներ: Նպատակը՝ թվային անվտանգության ոլորտում գործող իսրայելական «NSO Group» ընկերության Pegasus լրտեսող ծրագրի կիրառման դեպքերի բացահայտումն է և դրանց կանխումը:

Հայաստանյան բացահայտումները ևս իրականացվել են այս նախաձեռնության շրջանակում՝ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ասում է «Amnesty International»-ի Անվտանգության լաբորատորիայի ներկայացուցիչ Էլինա Քասթիլիոն․ «Հետաքննության միջոցով հաստատել ենք, որ առնվազն 12 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, «Pegasus» լրտեսող ծրագրի թիրախում են եղել 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Թիրախավորված անձինք նույնականացված են։ Թիրախավորման պատճառներից կարող է լինել [Լեռնային Ղարաբաղի] հակամարտությունը»:

Քասթիլիոյի խոսքով, հայաստանյան հետաքննությունը սկսվել է պետական աջակցություն վայելող լրտեսող ծրագրերի կիրառման մասին 2021 թվականի նոյեմբերին «Apple»-ի տարածած հաղորդագրությունից հետո: Հայտնաբերվել են 12 անձինք, որոնց «Apple» սարքերը տարբեր ժամանակներում թիրախավորվել են «Pegasus»-ի միջոցով՝ 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Ըստ զեկույցի, ապացույցները վկայում են, որ թիրախավորումը կապված է ղարաբաղյան հակամարտության հետ։ Սա՝ միջազգային հակամարտության համատեքստում «Pegasus» լրտեսական ծրագրի կիրառման առաջին փաստագրված ապացույցն է: Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ կիրառողն ամբողջական վերահսկողություն է ստանում թիրախավորված անձի հեռախոսի նկատմամբ՝ այն վերածելով հեռախոսի սեփականատիրոջ դեմ գործող լրտեսող սարքի:

Ըստ Քասթիլիոյի, «Pegasus-ը կարող է ներթափանցել թե՛ «iOS», թե՛ «Android» համակարգերով գործող հեռախոսներ: Թիրախավորումից հետո ծրագիրը սկսում է վերահսկել սարքը՝ ներթափանցելով առանց որևէ զանգի, տեքստային հաղորդագրության կամ կապ հաստատելու այլ միջոցի:

Հայաստանում «Pegasus»-ի զոհերից, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ում հեռախոսը «կոտրել» են 2021 թվականի մայիսին, ընդգծում է՝ ի տարբերություն այլ լրտեսող ծրագրերի՝ «Pegasus»-ն ունի վտանգավոր առանձնահատկություններ, քանի որ չի պահանջում որևէ քայլ օգտատիրոջ կողմից․ «Այն որևէ կերպ՝ խաբեությամբ չի ստիպում օգտատերին սեղմել որևէ լինք, որը շատ հաճախ պատահում է, կամ այլ կերպ թույլատրել ծրագրի մուտքը: Այն ներթափանցում է այլ ճանապարհով՝ առանց օգտատերի որևէ մասնակցության… Եթե ունես հաշիվ «iCloud»-ում, այդ միջոցով հնարավոր է ներթափանցել՝ առանց օգտատերի մասնակցության»:

Ըստ Մելիքյանի, թիրախավորման հետևանքով հասանելի է դառնում հեռախոսի ողջ պարունակությունը: Մտահոգված է՝ այդպիսով, խախտվում են ոչ միայն իր, այլև իր վստահորդների իրավունքները:

«Իմ հեռախոսը՝ որպես փաստաբանի հեռախոս պարունակում է փաստաբանական գաղտնիքի մեծ ծավալ, որին նույնպես ինչ-որ մարդիկ հասանելիություն են ստացել, որը տհաճ է ինձ համար՝ որպես փաստաբանի, հատկապես իմ նախկին ու ներկա վստահորդների իրավունքների պաշտպանության համատեքստում»,- ասում է Ռուբեն Մելիքյանը:

Էլինա Քասթիլիոն շեշտում է՝ «Pegasus»-ի միջոցով մարդկանց թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի լրջագույն խախտում է․ «Այն միանշանակ սպառնալիք է մարդու իրավունքներին: Կարծում եմ, առկա են բավականաչափ ապացույցներ, որոնք հաստատում են մեր և մեր գործընկերների հետաքննության արդյունքը, որ այն բացարձակ սպառնալիք է մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալողների համար, հետևաբար՝ պետք է արգելվի»:

Հետաքննության հեղինակների համաձայն, իսրայելական լրտեսող ծրագիրը հասանելի է միայն պետություններին, ոչ անհատներին: Դժվարանում են նշել, թե որ պետությունն է կանգնած թիրախավորման հետևում։

Միևնույն ժամանակ, զեկույցում նշված է, որ «Pegasus»-ը լայնորեն օգտագործվել է Ադրբեջանում՝ թիրախավորելու լրագրողներին, քաղհասարակության ներկայացուցչներին ու ընդդիմադիրներին: «Pegasus Project»-ը բացահայտել է, որ ավելի քան հազար ադրբեջանական հեռախոսահամարներ են թիրախավորվել: «Amnesty International»-ի անվտանգության լաբորատորիայի ներկայացուցիչը ընդգծում է՝ 2019-2021 թվականներին ադրբեջանական քաղհասարակության և լրատվական դաշտի առնվազն հինգ ներկայացուցչների սարքեր վարակված են եղել «Pegasus»-ով, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նախկին լրագրող Խադիջա Իսմայիլովայի հեռախոսը:

«Մեր տրամադրության տակ եղած բոլոր ապացույցները, ցավոք, թույլ չեն տալիս հաստատել կամ հերքել, թե կառավարության ներսում կոնկրետ ով է հանդիսանում «Pegasus»-ի պատվիրատուն: Բայց վստահ ենք, որ, խոսքը պետական մարմնի մասին է»,- պնդում է Քասթիլիոն:

Միաժամանակ, «Amnesty International»-ը հայտնել է, որ հայաստանյան սերվերային ենթակառուցվածքներում հայտնաբերվել է այլ լրտեսող ծրագիր՝ «Predator», որը մշակել է «Intellexa» ընկերությունը: Ըստ զեկույցի, անվտանգության գծով «Meta»-ի հետազոտողները գտնում են, որ «Predator»-ի հավանական հաճախորդը Հայաստանում է:

««Intellexa»-ի «Preditor» դեպքում ապացույցներ ունենք, որոնք հիմք են տալիս ասել, թե այն օգտագործվել է [հայաստանյան հաճախորդի կողմից], սակայն անհրաժեշտ է լրացուցիչ հետաքննություն, որպեսզի կարողանանք հստակեցնել, թե ում նկատմամբ և որ համատեքստում է այն կիրառվել»,- ասում է Քասթիլիոն:

«Ամերիկայի Ձայնի» զրուցակիցը շեշտում է՝ լրտեսող այս ծրագրերը, անկասկած, սպառնալիք են մարդու իրավունքներին և այդ ուղղությամբ գործունեություն ծավալող մարդկանց համար: Հետևաբար, պետք է արգելվեն։ Նա կոչ է անում կառավարություններին դադարեցնել այդ ծրագրերի կիրառումը, իսկ հանրությանը՝ շարունակել բարձրաձայնել խնդրի մասին՝ հասնելու այդ ծրագրերի արգելքին։

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շաքե ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930