Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ փոխնախագահ․ Կարող էի պատկերացնել, որ նման վեճ հնարավոր էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց որ ստիպված եմ լինելու այս հարցով վիճել Հայաստանի ղեկավարի հետ․․․

Հունիս 29,2023 11:47

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՐԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ

ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը շարունակում է բացահայտել այն տխրագույն իրողությունը, որ Հայաստանն այսօր կառավարում է մի մարդ, որը չի հասկանում միջազգային քաղաքականության գործընթացները եւ դրանց տրամաբանությունը արտահայտող դիվանագիտական փաստաթղթերի բովանդակությունը, ինչը ծանրագույն բացասական հետեւանքներ ունի Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության համար։

Հունիսի 27-ին նիստին (թ)ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Փաշինյանին է ներկայացրել իմ հարցազրույցներում արտահայտած մի քանի փաստարկներ։ Իմ այն պնդմանը, որ, հակառակ Փաշինյանի ասածին,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերը, առաջարկելով կարգավորման այսպես կոչված Մոդիֆիկացված (կամ՝ Նորացված) Գրաֆիկը, չեն բացառում ղարաբաղյան հակամարտության այնպիսի կարգավորում, որով Լեռնային Ղարաբաղը չի ամրագրվում Ադրբեջանի կազմում, Փաշինյանը պատասխանում է (մեջբերումը բառացի է).

« ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի տեքստը ինքնին բացառում է ձեր մեջբերած տարբերակը։ Ինչո՞ւ. որովհետեւ ասում ա հետեւյալը.

1) Տարածքները օկուպացվել են։

2) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ռեգիոն ա անվանում։

3) Անթույլատրելի է ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու առումով։ Այսինքն, ուժի կիրառման էֆեկտը չի կարող քաղաքական կարգավորման հիմքում դրվել։

Կարծում եմ՝ շատ պարզ, դիվանագիտական, բայց պարզ, բառապաշար եւ մտքերի ընթացք է։ Էլ չեմ ասում, որ Լիսաբոնում դա հետո հաստատվել ա»։

Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության արդեն հինգ տարվա վարչապետը մինչեւ օրս չգիտի, որ.

1) ՄԱԿ-ի անվտանգության բանաձեւերը՝ որպես տարածքները օկուպացնող ուժ՝ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի հայերի «տեղական ուժերը», ինչից հետեւում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը օկուպացված է համարում միայն ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող տարածքները, որովհետեւ պարզագույն տրամադրությամբ Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքն իրեն օկուպացնել։

2) Ավելի կոնկրետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը իր բանաձեւերում որպես օկուպացված տարածքներ նշում է բացառապես Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանները։ Ուշադրություն եմ դարձնում այն կարեւորագույն հանգամանքի վրա, որ օկուպացված տարածքների մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ի որեւէ բանաձեւում նշված չէ Լաչինի շրջանը, ինչով Անվտանգության Խորհուրդը լռելյայն համաձայնությամբ ընդունում է Հայաստանի հետ կապող այդ շրջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից վերահսկողության լեգիտիմությունը։ Ի դեպ, հենց դրա հետեւանքով է, որ կարգավորման 1997 թվականի Փուլային պլանը նախատեսում է հենց վերոհիշյալ շրջանների վերադարձը, բայց նաեւ ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ուժերի լիակատար վերահսկումը։

3) ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի մեջ իսկապես խոսվում է «ուժի կիրառմամբ տարածքներ ձեռք բերելու անթույլատրելիության մասին» (տե՛ս տարբերությունը Փաշինյանի անգրագետ ձեւակերպման հետ), բայց, ինչպես վերոհիշյալ կետերից հասկացանք, խոսքը բացառապես վեց շրջանների մասին է եւ որեւէ կերպ չի կարող վերաբերվել ո՛չ Լեռնային Ղարաբաղին, եւ ոչ է՛լ Լաչինի շրջանին։

4) Չնայած ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը հղում են կատարում ղարաբաղյան հակամարտությանը՝ որպես «հակամարտություն Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոնում», նրանք առաջարկում են հակամարտության կարգավորման եւ Անվտանգության Խորհրդի բանաձեւերի կատարման այնպիսի մեխանիզմ, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը բացառել որեւէ լուծում, որով Լեռնային Ղարաբաղի իր վերջնական կարգավիճակով կճանաչվի որպես Ադրբեջանի մաս։

5) Այդպիսի մեխանիզմ է հռչակվում ԵԱՀԿ-ի այսպես կոչված Մինսկի խումբը եւ նրա կողմից կազմակերպված Մինսկի գործընթացը, մասնավորապես՝ բանաձեւերի կատարման այսպես կոչված «Նորացված Գրաֆիկը», որը նախատեսում է հայկական ուժերի դուրսբերում բացառապես վերոհիշյալ վեց շրջանից եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը ԵԱՀԿ-ի Մինսկի կոնֆերանսում։

6)  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ղարաբաղյան կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման լիազորության պատվիրակումը ԵԱՀԿ-ին` հայ դիվանագիտության ամենանշանակալից նվաճումներից մեկն էր, քանի որ ե՛ւ Նորացված Գրաֆիկի մշակման գործում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման` Մինսկի Կոնֆերանսի հարթակում Հայաստանի Հանրապետությունը ուներ վետո կիրառելու իրավունք՝ ցանկացած անցանկալի որոշման նկատմամբ, ինչից էլ եւ օգտվեց, բացառելով ԵԱՀԿ-ի որեւէ փաստաթղթի մեջ Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես Ադրբեջանի մաս եւ բացառելով ղարաբաղյան հակամարտության որեւէ կարգավորում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կճանաչվեր Ադրբեջանի մաս։

7) 1996 թվականին Հայաստանն օգտվեց հենց այդ իրավունքից՝ վետո դնելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի կազմում ինքնավարություն հռչակելու առաջարկի վրա։ Այսինք, եթե Լիսաբոնը ինչ-որ բան հաստատեց, նա հաստատեց հենց ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով հաստատած մեխանիզմների նպաստելիությունը հայկական կողմի համար։

8) 1997 թվականին Հայաստանը նաեւ մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի այսպես կոչված Փաթեթային կարգավորման պլանը, որով, թեեւ Լեռնային Ղարաբաղը օժտվում էր դե ֆակտո անկախ պետության լիազորություններով, բայց դե յուրե ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս։

9) Լիսաբոնյան վետոյից եւ 1997 թվականի Փաթեթային պլանի մերժումից հետո Մինսկի խումբը վերջապես հանդես եկավ «Նորացված Գրաֆիկի» հիման վրա մշակված Փուլային պլանով, որում այլեւս որեւէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվեր Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ` որպես իրավահավասար կողմերի։ Սրանով ի կատարումն  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի՝ կկարգավորվեր ղարաբաղյան զինված հակամարտությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը կստանար միջազգայնորեն ճանաչված իրավասուբյեկտայնություն որպես միջանկյալ կարգավիճակ՝ անխախտության միջազգային ճանաչման ապագա ճանապարհին։ Ադրբեջանը նույնպես համաձայնություն էր հայտնել այս պլանի իրագործմանը, սակայն, ցավոք, պլանը մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից, որը դրել էր անկախության անմիջական ճանաչման առավելապաշտական եւ անիրատեսական պահանջը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը բացառել են ղարաբաղյան հակամարտության որեւէ կարգավորում, որը չէր ամրագրում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, էժանագին կեղծիք են։ Արդյո՛ք դա պայմանավորված է Փաշինյանի տգիտությամբ եւ ինտելեկտուալ սահմանափակությամբ, թե՛ սեփական վարկը փրկելուն ուղղված չարամիտ կեղծարարությամբ, այդքան էլ կարեւոր չէ: Երկու դեպքում էլ գործ ունենք մի ղեկավարի հետ, որ պիտանի չէ երկրի ղեկավարման համար եւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։

Ես կարող էի պատկերացնել, որ նման վեճ հնարավոր էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց որ ստիպված եմ լինելու այս հարցով վիճել Հայաստանի ղեկավարի հետ եւ տեսնել  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղարաբաղյան բանաձեւերի մեկնաբանության մեջ նրա ամբողջական համերաշխությունը Ադրբեջանի կեղծարար քարոզչության հետ, չէի կարող պատկերացնել անգամ ամենասարսափելի մղձավանջում։

Իմ փաստարկներին Նիկոլ Փաշինյանի մյուս պատասխաններին կանդրադառնամ հաջորդիվ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930