Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր նկատմամբ վարույթի հարուցումն ապօրինի է, կայացվել է Սահմանադրության եւ օրենսդրության խախտումներով»․ դատավոր Տիգրան Պետրոսյան

Հունիս 29,2023 11:13

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդության քննությունը։

Նշենք, որ դատավորների կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 2019 թվականին հրապարակված վճիռը։ Ըստ արդարադատության նախարարի միջնորդության՝ ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքներ են հայտնաբերվել։

Դատավոր Տիգրան Պետրոսյանը (լուսանկարում) ներկայացրեց իր պատասխանը։ Նա նշեց, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այս տարվա մարտի 27-ին կայացվել է որոշում՝ չորս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին, իսկ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լեւոն Բալյանի կողմից մայիսի 24-ին կայացվել է որոշում՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին։ «Մենք գտնում ենք, որ որոշումն անհիմն է, կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 73-րդ, 164-րդ հոդվածների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի, ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք հոդվածների խախտումներով։ Իսկ միջնորդությունը ենթակա է մերժման կամ կարգապահական վարույթը ենթակա է կարճման՝ հետեւյալ պատճառներով։ Դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2010 թվականի մարտի 19-ի՝ «Շոլց ԱԳ» գերմանական կորպորացիայի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հիման վրա հարուցված ՄԻԵԴ 2019 թվականի վճիռը, որով արձանագրվել է ՀՀ կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի խախտում։ Լիազոր մարմինը, ՀՀ Սահմանադրությունը կիրառելու փոխարեն, կիրառել է դրան հակասող օրենքը։ Այսպես, ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածում կատարվել են Սահմանադրության 73-րդ հոդվածի առաջին մասի պահանջին հակասող լրացումներ եւ փոփոխություններ, ինչի արդյունքում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսացող օրենքով նախկինում նախատեսված նյութական կամ դատավարական իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտման հիմքերը վերաշարադրվել են որպես նույն նորմերի սովորական յուրաքանչյուր խախտման հիմքեր, իսկ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու՝ նախկինում սահմանված դատական վարույթն ավարտվելուց հետո 5 տարի առավելագույն ժամկետները 2020 թվականի լրացմամբ երկարացվել եւ դարձվել է 8 տարի, իսկ 2022 թվականի լրացմամբ՝ ՄԻԵԴ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 տարի։ Կատարված փոփոխությունները խախտել են Սահմանադրության 164-րդ հոդվածի առաջին մասի պահանջը՝ դատավորների անկախության վերաբերյալ, քանի որ գործադիր իշխանությանը հնարավորություն են տվել վաղեմության չափազանց երկար ժամկետներն անցած լինելու պայմաններում ձեւավորել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու արատավոր պրակտիկա»,- ասաց դատավորը։

Նա նշեց, որ իրենց նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի առաջին մասի կոպիտ խախտմամբ, քանի որ իրենց վիճակը վատթարացնող՝ պատասխանատվություն սահմանող եւ այդ պատասխանատվության ժամկետները երկարացնող օրենքին տրվել է հետադարձ ուժ։ Օրենսդրական այդ փոփոխությունների կապակցությամբ բացասական կարծիքներ են հայտնել մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները, իսկ 2022 թվականի օրենսդրական փոփոխության՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իր եզրակացության մեջ նշել է ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը։

Տիգրան Պետրոսյանն ասաց, որ այս վարույթի հարուցումն ապօրինի է, հետեւաբար, ապօրինի է նաեւ դրա ողջ ընթացքը, այդ թվում՝ ԲԴԽ-ին միջնորդությամբ դիմելը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930