Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կիրառվի և շուրջ 1400 ուսուցիչ աշխատանքից ազատվի, խնդիրները գրեթե անհնար է լինելու հաղթահարել. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Հունիս 29,2023 11:07

Ուսուցիչները, որոնք չունեն մանկավարժի համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն, օգոստոսի 20-ից իրավունք չեն ունենա շարունակելու աշխատանքը։ Պահանջը բխում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծից, որը ներկայացվել է ԱԺ։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մի շարք բարդ խնդիրներ են առաջանալու։

«Եթե կիրառվի, ու օգոստոսի 20-ից շուրջ 1400 ուսուցիչ աշխատանքից ազատվի, նշվածից բխող խնդիրները գրեթե անհնար է լինելու հաղթահարել։ Նրանք հանրակրթության ոլորտում ուսուցիչների գրեթե 5 տոկոսն են կազմում։ Սա առաջարկվում է այն ֆոնին, երբ ավելի քան 100 դպրոցում ուսուցիչների բազմաթիվ թափուր հաստիքներ կան, նաև այն ֆոնին, երբ հանրապետության մանկավարժական բուհերում մանկավարժական մասնագիտությունների համար թե՛ հիմա, թե՛ վերջին տարիներին դիմումներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են։ Եթե դեռ ուսումնական տարին չսկսած այս ուսուցիչներին ազատում ենք, չենք ունենալու մասնագետներ, որոնք կգան ու կփոխարինեն նրանց»,-նշեց կրթության փորձագետը։

Նա տրամաբանական համարեց այն, որ տարիներ շարունակ օրենքի այս պահանջի հետ կապված երկարաձգումներ են եղել։ Մխիթարյանի խոսքով, թեպետ օրենքում ամրագրված էր, որ բարձրագույն կրթություն չունեցողներին չպետք է թույլատրել աշխատել, բայց նրանց հեռացնելն ավելի վնասակար էր լինելու հանրակրթության համակարգի համար. «Այդ ուսուցիչների թիվն այս տարիներին նույնիսկ նվազել է, որովհետև նրանց մեծամասնությունն արդեն թոշակի է անցել։ Իսկ 1400 ուսուցիչները, որոնք դեռևս աշխատում են և բարձրագույն կրթության դիպլոմ չունեն, մոտենում են կամ շատ մոտ են կենսաթոշակային տարիքին։ Սա նշանակում է, որ եթե օրենքի այդ կետի գործունեության ժամկետը շատ քիչ ժամկետով նորից երկարաձգվի, այդ ուսուցիչները բնական ճանապարհով դուրս կգան համակարգից։ Սա մեր կրթական համակարգին հնարավորություն կտա սահուն կերպով նոր ուսուցիչներ ներգրավել հանրակրթության համակարգ, լրացուցիչ ցնցումներ չբերել մեր դպրոցներին, որոնք առանց այդ էլ կրթության որակի ապահովման տեսանկյունից շատ վատ վիճակում են»։

Ըստ նախագծի, եթե ուսուցիչները դիմեն ատեստավորման և առնվազն 60 տոկոս միավոր հավաքեն, կշարունակեն աշխատել։ Կրթության փորձագետը կարծում է՝ չդիմողներն ավելի շատ կլինեն, քան դիմողները։ «Կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն կարողանա հաղթահարել 60 տոկոսի շեմը և դուրս կմնան։ Այսինքն, շուրջ 1400-ից գուցե 100-200-ը մնան, որոնք կկարողանան շարունակել աշխատել։ Հարկ է ընդգծել, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Այդ մարդիկ բազմաթիվ տարիների փորձ ունեն, կուտակել են այնպիսի հմտություններ, որ անգամ գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը միանգամից իրենց չի կարող փոխարինել դպրոցում։ Մենք պարզապես կորցնելու ենք բազմավաստակ ուսուցիչներին, մյուս կողմից՝ նրանց որոշ մասին հեղինակազրկելով ենք հանելու դպրոցից, քանի որ մեծ տարիքում շատ դժվար է թեսթային առաջադրանքներ լուծել։ Ի դեպ, բազմիցս ենք ասել, որ այդ թեսթերը որևէ կապ չունեն ուսուցչի որակավորման, ուսուցչի հմտությունների և կարողությունների հետ։ Նրանց հեղինակազրկելու ենք, որովհետև փորձելու են մասնակցել, թեսթերը չեն կարողանալու հաղթահարել, ինչն ավելի վատ է ազդելու համակարգի վրա. բոլորը խոսելու են այն մասին, թե՝ չկարողացան հաղթահարել ատեստավորման թեսթերը»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930