Լրահոս
Օրվա լրահոսը

Դա նաեւ հիմք է, որ դիմենք ԲԴԽ մյուս անդամներին՝ պարոն Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար. «Հրապարակ»

Հունիս 29,2023 10:45

Երեկ Բարձրագույն դատական խորհրդում քննվում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ արդարադատության նախարարության ներկայացրած կարգապահական միջնորդությունը։ Միջնորդության հիմքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն են, որոնցով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում սխալներ են գտել, եւ դրանց հիմքով էլ այս դատավորների նկատմամբ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը վարույթներ են հարուցել, որ լիազորությունները դադարեցնեն: Ի դեպ, երեկվա նիստին Արտակ Բարսեղյանը չէր ներկայացել` ինչպես նախորդ նիստին չէր ներկայացել: Նկատենք նաեւ, որ այս երկու դատավորները դատական համակարգի ամենահարգված եւ ամենաանաչառ դատավորներն են համարվում, ամենակարեւորը` ծառայամիտ դատավորների թվին չեն դասվում: Այդ կարծիքին են ինչպես նրանց դատավոր գործընկերները, այնպես էլ փաստաբանները: Նախքան նիստի մեկնարկը մի քանի հարց ուղղեցինք դատավոր Տիգրան Պետրոսյանին։

– Պարոն Պետրոսյան, երեկ տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութ, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը սրճարանում հանդիպել են, նրանց էր միացել նաեւ ԲԴԽ անդամ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը։ Ձեր դեմ կարգապահական վարույթ է հարուցել արդարադատության նախարարությունը, ի՞նչ եք կարծում՝ Կարեն Անդրեասյանը կարո՞ղ է վարույթն անաչառ քննել։

– Դե, եթե այդ փաստը հաստատված համարենք, ուրեմն դա արդեն դատավորի վարքագծի կանոնների խախտում է, որը կոնկրետ նախատեսված է դատական օրենսգրքով։ Հիմա ողջ խնդիրն այն է, որ մենք, եթե այդ հանդիպումը տեղի է ունեցել, ինքներս հարց ունենք ուղղելու ԲԴԽ նախագահին, նա պետք է կա՛մ հաստատի, կա՛մ ժխտի այդ հանդիպումը, իսկ եթե հաստատի, ուրեմն մենք արդեն լրացուցիչ հարցեր ունենք, պետք է հարցնենք, թե ինչ բովանդակություն է ունեցել իրենց զրույցը, իրենց շփումը, արդյո՞ք մեր գործին վերաբերել է, թե ոչ, պարզաբանումներ պետք է ստանանք իրենցից։

– Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելո՞ւ եք։

– Կնայեմ իրավիճակին, համենայնդեպս, եթե այդ փաստը հաստատված համարենք, ապա դա ինքնաբացարկի հիմք է եւ ոչ միայն ինքնաբացարկի։ Դա նաեւ հիմք է, որ դիմենք ԲԴԽ մյուս անդամներին՝ պարոն Անդրեասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար (ինքնաբացարկի միջնորդությունը նիստի հենց սկզբում ներկայացվեց, որը ԲԴԽ-ն այս անգամ եւս մերժեց` Կ․ Ս․)։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930