Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «փրկել» Մոսկվային

Հունիս 29,2023 11:00

Ո՞րն է պաշտոնական Երեւանի վերջնական նպատակը, ի՞նչ հաշվարկ ունի հայկական կողմը տարածաշրջանային վտանգավոր խաղերի ու «առեւտրի» մեջ

Ճիշտ այն օրը, երբ Վաշինգտոնում մեկնարկում են Միրզոյան-Բայրամով բանակցությունները Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո, մի քանի ժամ անց այս բանակցություններից, հունիսի 28-ին` ժամը 1:30-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացում Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաեւ անօդաչու թռչող սարքեր:

Արցախի Պաշտպանության բանակը հաղորդում է` հայկական կողմն ունի չորս զոհ: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, եւ, մասնավորապես, հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար», – ասված է Արցախի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրը երեկոյան տարածած հաղորդագրությամբ արդեն հող էր նախապատրաստել հետագա քայլերի համար, հաղորդելով` «Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին», որը Ստեփանակերտը հերքել էր: Բաքուն պնդել էր, թե պատասխան գործողություններ է իրականացնում:

Որպեսզի հայկական կողմի «մեղքը» արժանահավատ երեւա` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը դժգոհել է, թե «հայկական կողմը ցանկանում է խոչընդոտել խաղաղության գործընթացին եւ սադրանքների է դիմում»: Բայրամովն ասել է, որ խաղաղության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է դուրս բերել հայ զինվորականներին, որոնք «դեռեւս լիարժեք դուրս բերված չեն Ադրբեջանի տարածքից, եւ հետեւել ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ոչ թե խոսքով, այլ գործով»:

Ալիեւն, այսպիսով, Վաշինգտոն գործուղեց Բայրամովին` ի սկզբանե վաշինգտոնյան բանակցությունների ելքը կանխորոշելու նպատակով:

Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հայտնի է. Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար հղում են կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության վրա, մի շարք պահանջներ ներկայացնում Հայաստանին ու Արցախին, նույնիսկ երբեմն սպառնում, եւ ամենագլխավորը` Հայաստանից «միջանցք» պահանջում:

Բաքվի պահանջներին «ձայնակցում» է Ռուսաստանը, որտեղից ամենշաբաթյա ռեժիմով կշտամբում են Արեւմուտքին, մեղադրում են նրանց Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններում «քիթ խոթելու» մեջ, եւ անվերջ հիշեցնում են, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրները կարող են բացառապես լուծվել հենց ռուսական եռակողմ ձեւաչափում եւ այդ ձեւաչափում ձեռքբերված պայմանավորվածությունները կողմերն անշեղորեն պետք է կատարեն:

Այստեղ կարեւոր է կրկին արձանագրել, որ ընդդեմ Հայաստանի ու Արցախի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու եռակողմ փաստաթղթի պահանջների չկատարումը ամենեւին էլ Մոսկվայի կողմից չի նշվում որպես խաղաղ բանակցություններն արգելափակող գործոն: Ավելին, պաշտոնական Երեւանից են Մոսկվայի ու Բաքվի բոլոր ակնկալիքները:

Ահա, այս իրավիճակում կարեւոր է հասկանալ, առհասարակ, թե որքան լուրջ է պաշտոնական Երեւանը տրամադրված ընդհանրապես Արեւմուտքի ջանքերը կյանքի կոչելու հարցում: Խաղն, անշուշտ, բարդ է, բոլոր խաղացողներն իրենց շահերն ունեն: Սակայն կարեւոր է հասկանալ` ո՞րն է պաշտոնական Երեւանի վերջնական նպատակը, ի՞նչ հաշվարկ ունի հայկական կողմը ու ո՞ր ուղղությամբ է շարժվում:

Մասնավորապես, հարցը հետեւյալն է` Երեւանը խաղո՞ւմ է ռուսական կողմի եւ Արեւմուտքի հակասությունների վրա, հասկացնելով, որ եթե «իր ուզածը չլինի` կընդունի մյուսի առաջարկը»… Թե՞ մի կողմին դուր գալու, նրա վստահությանն արժանանալու համար պատրաստ է ձգձգել, տապալել մյուս կողմի ջանքերը` անհասկանալի պահվածքով ու վարքագծով:

«Զարմանալի» զուգադիպությամբ հունիսի 27-ին, երբ Վաշինգտոնում մեկնարկում էին հայ-ադրբեջանական բանակցությունները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Երեւանում նախաձեռնում է 24-ժամյա նստացույց՝ Հայաստանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների եւ ԵՄ ներկայացուցչության դիմաց: Նրանք, իհարկե, արդարացիորեն հիշեցնում են, որ գոյություն ունի ՄԱԿ-ի միջազգային արդարության դատարանի վճիռ, կան ԵԽԽՎ-ի բանաձեւերը, բայց Ադրբեջանն անտեսում է այդ ամենը:

Բայց… Չի ասվում ամենակարեւորի մասին. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, որը, ինչպես խոստովանել է Վլադիմիր Պուտինը` «ինքն է գրել», դրա բոլոր կետերը Ադրբեջանը ոտնահարել է` 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո: Գրեթե 3 տարի Ադրբեջանն անպատիժ է, որովհետեւ այդ փաստաթղթի երաշխավոր Ռուսաստանն անտեսում է Ադրբեջանի վարքագիծը: Բանը հասավ նրան, որ Ադրբեջանն արդեն արգելափակեց Հայաստանից Արցախ հումանիտար բեռ մատակարարող ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաների տեղաշարժը: Ադրբեջանական կողմը սպասեցնում, ստուգումեր էր իրականացնում ռուսական խաղաղապահ զորակազմի բեռնատարներում:

Ընդամենը մի քանի օր առաջ Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձ եղավ, ադրբեջանցիները փորձել էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում` ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ: Մինչդեռ ՀՅԴ-ն իր ցույցով ընդամենը հավասարության նշան դրեց Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ԵՄ-ի միջեւ` արդյունքում, դարձյալ «արդարացնելով» Ռուսաստանի անգործությունն Արցախում, թեեւ ցուցարարներն այդ օրը որոշ հայտարարություններ արեցին, որոնցով Ռուսաստանի կրավորական կեցվածքն էին մատնանշում: Այնուամենայնիվ, այդ ցույցով Ռուսաստանի պատասխանատվության հարցը դարձյալ հավասարեցվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի հետ, որոնց հետ Հայաստանն ու Ադրբեջանը հետպատերազմյան որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, եւ ամերիկյան ու եվրոպական զորքեր չեն տեղակայվել Արցախում ու չեն պարտավորվել ապահովել արցախահայության ազատ տեղաշարժը:

Այս անգամ բավական օպերատիվ աշխատեց նաեւ Արցախի խորհրդարանը, որը հունիսի 28-ին կոչ արեց` «վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները…»։ Պահանջելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներից՝ կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել կոնկրետ գործնական քայլեր, մասնավորապես, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, Արցախի խորհրդարանը Ռուսաստանից ընդամենը պահանջեց՝ «խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները»:

Ինչի՞ արդյունքում Ադրբեջանն սկսեց իրեն ավելի անպատիժ զգալ` 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, ու ինչպե՞ս է ստացվում, որ հենց վաշինգտոնյան բանակցությունների օրերին սրացումներ են տեղի ունենում Արցախում, իսկ վերջին բանակցությունների օրերին` Արցախը չորս զոհ է ունենում…

Պաշտոնական Երեւանի աններելի սխալն այն էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը միայն Արցախը չէ, որ այդ փաստաթղթի որեւէ կետ չի կատարվում, եւ Արցախի դեմ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից «միջանցքն» է Անկարայի ու Բաքվի գլխավոր նպատակը, եւ Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը սկսեցին միահամուռ պահանջել այդ «միջանցքը» Երեւանից` Հայաստանի իշխանությունները համաձայնեցին թե՛ Մոսկվայի, թե՛ Արեւմուտքի հովանու ներքո բանակցությունների գնալ:

Բավական ուշացումով Արցախի խորհրդարանը պաշտոնական Երեւանից պահանջում է դադարեցնել բանակցություններին մասնակցել, սակայն այստեղ ամենահետաքրքրականն այն է, որ պահանջում են դադարեցնել ոչ թե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կազմակերպած բանակցություններին մասնակցությունը, այլ` հենց Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասնակցությունը:

Հետաքրքիր է` ինչո՞ւ…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 29.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930