Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե չբանակցել, այլ՝ հստակեցնել օրակարգը

Հունիս 29,2023 10:00

ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով-Բլինկեն բանակցությունների ժամանակ Արցախի ՊԲ բանակի դիրքերի վրա հարձակվելը եւ 4 զինծառայող սպանելը, իհարկե, Ադրբեջանի հերթական լկտի ցուցադրական ակցիան էր: Նպատակը պարզ է՝ աշխարհին, տվյալ դեպքում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին ցույց տալ, որ նրանք «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն: Այդ լկտիության համար հիմք է տալիս նաեւ Հայաստանի «խաղաղասեր» դիրքորոշումն, ըստ որի Արցախն իսկապես «Ադրբեջանի տարածք» է:

Ադրբեջանի հերթական հարձակմանը Արցախի իշխանությունների արձագանքը զուտ էմոցիոնալ էր՝ բանակցություններից հրաժարվելու կոչը: Հայաստանյան «արեւմտամետները» դրան արձագանքեցին՝ հերթական անգամ արցախցիներին «ռուսական լրտեսի» պիտակը կպցնելով: Մեր քաղաքականացված զանգվածի մոտ պիտակների պակաս չկա, եւ դա բնական է՝ այս կամ այն իրադարձությունը բացատրելու փոխարեն, այն վերագրում ես քո չսիրած ուժի կամ երկրի դավերին, որից հետո կյանքը, կարծես թե, ավելի դյուրին է դառնում: Հայտնի հոգեբանական օրինաչափություն է՝ երբ գիտես, թե որտեղ է «չարիքի որջը», դա անվտանգության պատրանք է ստեղծում:

Այդքանով հանդերձ չբանակցելու կոչն, իհարկե, սխալ էր: Նույնքան սխալ կլիներ, իհարկե, բանակցությունների ժամանակ ձեւ անել, որ ոչինչ չի պատահել, որ ադրբեջանական բանակն արցախցիների վրա չի հարձակվում, կամ՝ չնկատել, որ արդեն 10 օր է, որ ռուս խաղաղապահների ոչ մի բեռնատար որեւէ մարդասիրական բեռ չի հասցնում Արցախ: Ես չգիտեմ, թե ինչպես էին ընթանում կոնկրետ այս բանակցությունները, բայց՝ որ հայկական կողմն իր անիմաստ «խաղաղասիրությամբ» անընդհատ վատթարացնում է մեր բանակցային դիրքերը, դա ակնհայտ է:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները» լղոզված բանաձեւը ոչինչ չի ասում: Ադրբեջանը մտադիր չէ այդ «անվտանգությունն ու իրավունքները» ապահովել, հակառակը՝ մտադիր է Արցախում ցեղասպանություն իրականացնել: Դրա մասին պետք է ասվի բոլոր տեսակի բանակցությունների ժամանակ եւ բոլոր տեսակի միջազգային հարթակներում: Հարցի լուծումները, այսինքն՝ այդ դատարկ բանաձեւը բովանդակությամբ լցնելու մեթոդները պետք է առաջարկվեն բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Իրանին: Բայց առաջարկելուց առաջ, հայկական դիվանագիտությունն այդ լուծումները պետք է հստակ ձեւակերպի եւ բարձրաձայնի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930