Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ ճարտարապետությունը պետք է քաղաքացի դաստիարակի, իսկ արվեստագետը երբեք չպետք է ենթարկվի ռեժիմի թելադրանքին: Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ժամանակին Երեւանի տարբեր մասերում արված միջամտություններին, որի վերաբերյալ Ճարտարապետների պալատի նախագահն ասում է՝ դրանց պատճառով ճարտարապետի պատիվն իջեցվել է մինչեւ ասֆալտ:
«Այսօր էլ կան որոշ փորձեր միջավայրը փոխելու կամ միջավայրի վրա ազդեցություն ունենալու, բայց դրանք գնում են քաղաքամերձ գոտիներում միկրոշրջաններ ստեղծելուն… Միգուցե լավ նախագծեր են, բայց պետք է հասկանալ, թե Երեւանն ինչքան ենք մեծացնում, քանի որ եթե Երեւանը մեծանում է, մյուս քաղաքաներն ինչքանով են նվազում, որովհետեւ այդպիսով ստիպում ենք մարդկանց մտածել, որ լավ կյանքով հնարավոր է ապրել միայն Երեւանում: Իսկ ինչու ոչ Վանաձորում, Գյումրիում, կամ ինչու չզարգացնել Դիլիջանը, Իջեւանը կամ մեռած Ալավերդին, որ կապված է արդյունաբերության հետ: Այն ազդեցությունը, որ պետք է ճարտարապետը եւ ճարտարապետությունը թողնեն, հիմա արդեն նվազել է եւ վերածվել է ընդամենը բողոք ստանալու եւ բողոք արտահայտելու: Ցավոք, այսօր էլ հիանալի շենքերի վրա միջամտություններ են արվում, մինչդեռ դրանցից շատերին ընդհանրապես չէր կարելի մոտենալ, ու կապ չունի, որ այդ շենքերը հուշարձանների ցանկում չեն: Գաղտնիք չէ, որ ցուցակները կազմվել են տարիներ առաջ, եւ տարիներ այդ ցուցակներից հանվել են շենքերից որոշներն այն նպատակով, որպեսզի կարողանան այդ շենքը եւ շրջակայքը վերափոխել»,-նշեց Ալեքսանդր Բադալյանը:
Նա բարբարոսական որակեց որոշ շենքերի հանդեպ վերաբերմունքը. «Չսկսեմ շատ հետ գնալ եւ պատմեմ «ծածկած» շուկայի մասին, դեռ այն ժամանակ ասել եմ, որ եթե թշնամու դեսանտ իջնի քաղաքի վրա, ավելի քիչ վնաս կպատճառի, քան այն սեփականատերը, որը շուկան դարձրեց այդպիսին: Նույնն էլ հիմա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հետ է կատարվում (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան): Շենքը կառուցվել է 1977 թ., այն մշակույթի հիմնական օբյեկտներից է: Ուղղակի բարբարոսաբար են վերաբերվել շենքին: Եթե մշակույթի նախարարությունը չի անդրադառնում դրան, մենք այդ հարցը դնելու ենք՝ ծածկը ծակել են, խողովակներով հավաքել ու ջրհորդաններ են կառուցել: Տնօրինությունը գնացել է ամենակարճ, էժան ճանապարհով ու վնասել է շենքը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ մեկ հարցազրույցի սահմաններում հնարավոր չէ բոլոր նման օրինակները բերել: Անդրադարձավ մեկ այլ կարեւոր խնդրի՝ Շառլ Ազնավուրի արձանի հնարավոր տեղադրմանը՝ Ֆրանսիայի հրապարակում. «Անշուշտ, Շառլ Ազնավուրը համաշխարհային անուն է, ազգի հերոս, պարծանք, շատերը նրա միջոցով են տեղեկացել Հայաստանի ու հայերի մասին, սիրել Հայաստանը: Իհարկե, Շառլի հուշարձանը պետք է անպայման լինի Երեւանում, բայց՝ համապատասխան տեղում: 2011թ. մեծ խաչմերուկը՝ Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի եւ Բաղրամյանի հատման կետը, վերանվանեցին Ֆրանսիայի հրապարակ, եւ տեղադրեցին Ռոդենի քանդակը: Եթե չեմ սխալվում, այն գերեզմանի համար է նախատեսված, Ռոդենի ընկերոջը՝ քանդակագործ, նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժին է նվիրված: Դա կրկնօրինակներից մեկն է, որ բերվել է իբրեւ նվիրատվություն, եւ այդ պահին այլ բան չեն կարողացել որոշել, ու տեղադրել են արձանը, որն իհարկե՝ արժեքավոր է, բայց իր չափը, մասշտաբը թույլ չեն տալիս այն ընկալել: Նաեւ ասվել էր, որ ժամանակավոր է այդտեղ դրվում, որովհետեւ Ֆրանսիայի եւ ՀՀ նախագահները բացում էին Ֆրանսիայի հրապարակը: Բայց անցել է 12 տարի, ու այդ հարցը լուծում չի ստացել: Ավելին, այսօր չգիտեմ ինչու եւ ում առաջարկով, ում քմահաճույքով որոշվում է, որ այդտեղ պետք է դրվի Շառլ Ազնավուրի արձանը:
Կարդացեք նաև
Նախ այդտեղ որեւէ արձան, ֆիգուր չի կարող լինել, որովհետեւ ինքը պետք է ունենա չափ, ու բացի դրանից՝ փողոցների հատման տեղում՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ, որտեղ պրոյեկտվում է Մայր Հայաստանը, պետք է դրվի առնվազն 6 մետրանոց արձան, որ հրապարակի ողջ մասշտաբը վերցնի իր վրա:
Իսկ ի՞նչ է նշանակում այդ հրապարակը. այդտեղ դրված են Կոմիտասի, Թամանյանի, Սարյանի, Արամ Խաչատրյանի արձանները: Ամեն ուղղության վրա մի արձան կա, այդտեղ ավելացել է նաեւ Սարոյանի արձանը եւ ավելանալու են որոշ քաղաքային քանդակներ, բայց հիմնականն այդ մարդիկ են, որոնք մեր ազգի հպարտությունն են: Այնպես որ, ճիշտ չէ այդտեղ դնել Շառլի արձանը, որը քաղաքի կեսին մեջքով է կանգնելու, մյուս կեսին՝ կողքով ու չի հասկացվելու, նաեւ մարդիկ չեն կարողանալու այդ հուշարձանին մոտենալ ու ծաղիկ դնել: Ես դա համարում եմ չմտածված եւ հապշտապ որոշում, եւ որպես ճարտարապետ ու Ճարտարապետների պալատի նախագահ, կարող եմ առաջարկել մեր մասնագիտական օգնությունը՝ արձանի ճիշտ տեղը գտնելու հարցում: Վերջապես մենք ունենք Շառլ Ազնավուրի հրապարակ, որը քաղաքի գեղեցիկ վայրերից է, ինչու այնտեղ չդնել հուշարձանը, իսկ եթե արձանը մասշտաբով մեծ է, հարմար չէ այդ հրապարակի համար, միգուցե ուրի՞շ տեղ գտնենք»:
Ճարտարապետի ձեւակերպմամբ, այս պրակտիկան հիշեցնում է խորհրդային ժամանակները, երբ ով առաջինը հասցնում՝ արձան էր ստեղծում ու ներկայացնում, արժանանում էր գովասանքի ու տեղ էին տրամադրում այն տեղադրելու համար. «Մի քանդակագործ կա, որի անունը չեմ ուզում տալ… Իր անմասշտաբ, առանց գեղարվեստական արժեքների փոքր ու մեծ արձանները դրված են: Սա հիշեցնում է Զուրաբ Ծերեթելուն: Նա էլ էր քանդակներ անում, եւ ասում էր՝ նվիրում եմ: Օրինակ մեկը՝ Կոլոմբոսը նվիրել է Լիսաբոնին: Լիսաբոնը ընկել է կրակը, չգիտի ինչ անել, հատկապես որ նման նվերները հատուցվում էին: Վերջերս սկսել են հրաժարվել նման նվերներից: Ես չեմ ցանկանում, որ այսկերպ լինի Հայաստանում, ու քանդակագործ, որ իր հավանած տարբերակն ունի ու ներկայացրել է ղեկավարությանը, ղեկավարությունն էլ ասել է՝ վայ, ինչ լավ է, ժամանակ շահեցինք, գոնե քանդակի մրցույթ չենք հայտարարի, պատրաստի քանդակ է, տանենք դնենք:
Չի կարելի նման բան անել: Շառլ Ազնավուրի արձանն անպայման պետք է դրվի, բայց չպետք է շտապենք: Եթե ուզում էինք Շառլի հարյուրամյակը հանդիսավոր նշել, պետք էր ավելի շուտ մտածել այդ մասին: Հիմա կարելի է այլ արարողություն անել, իսկ այդ հարգարժան մարդու հուշարձանը Երեւանում տեղադրելու ուղղությամբ շատ լավ մտածել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
28.06.2023
Մեր քաղաքը բզկտվում է քաղաքաշինության պետական ատյանների միջնորդությամբ։ Քաղշին կոմիտեն խմբագրում է քաղշին նորմատիվները, ոչ թե քաղաքի ու քաղաքաշինության համար, այլ նախորդ նորմատիվային խախտումները արդարացնելու, քաղաքը խիտ շենքակույտ դարձնելուն ուղղված կառուցապատողների անհագ նյութական հագուրդները բավարարելու նպատակով։ Իսկ քաղշին տեսչությունը թույլատրում է ակնհայտ նորմատիվային խախտումներով կատարվող կառուցապատումները։ Ասես սարսափ ֆիլմ լինի, չկա գեթ մեկ պետական ատյան, որ կանգնեցնի այս ապօրինությունները։ Կներեք բորբոքված խոսքիս համար, խախտումների մասին բարձրաձայնելն անգամ փորձում են դատարաններով խեղդել. Տպավորությունս այն է, որ նոր իշխանությունները հանձնվել են շինարարական ոլորտին, այս տարիները կոչվելու են ապագայում ոչ թե շինարարական վերելք, այլ կառուցապատողի տեռռոր անվանմամբ։ Դավթաշեն 1 _ 61 հասցեի ապօրինությունը որպես օրինակ։