Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չփակվեց վարագույրը

Հունիս 29,2023 12:00

Գրետա Մեջլումյանի գլխավոր դերակատարմամբ ներկայացումից հետո

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրերս Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» ներկայացման ավարտին վարագույրն իսկապես չփակվեց։ Ասում են՝ սա 92-ամյա թատրոնի պատմության մեջ առաջին դեպքն էր։ Միանգամից նշենք, որ այստեղ ինտրիգ փնտրելու հարկ չկա, թեեւ ոչ հաճախ, բայց մեր որոշ թատրոններում վարագույրը չի փակվել՝ կապված թատրոնի ներսում ծագած խնդիրների հետ, որոնք, չգիտես ինչու, որոշվել է հրամցնել նաեւ հանդիսատեսին։ Իսկ Վանաձորի թատրոնի դեպքում առիթը վերոնշյալ պիեսում գլխավոր դերակատարուհու՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Գրետա Մեջլումյանի ծննդյան հոբելյանն էր։


Քաջատեղյակ լինելով, որ սիրված դերասանուհին խուսափում է հոբելյանական երեկոներից, մեծարման արարողություններից, նրա երբեմնի սաներն ու ուսանողները որոշել էին անակնկալ մատուցել։


Ներկայացումից հետո բեմադրված միջոցառման ռեժիսուրան թատրոնի եւ կինոյի դերասան Նարեկ Հայկազյանինն էր, իսկ սցենարը՝ դրամատուրգ, Աբելյանի անվան թատրոնի դերասան Էլֆիք Զոհրաբյանինը, որոնք էլ հենց վարում էին անսպասելի տեսարաններով երեկոյի հոբելյանական մասը։ Ընդ որում, նման առիթների մեխը հանդիսացող շնորհավորանքները ներկայացնում էին թե՛ սունդուկյանցիները, թե՛ աբելյանցիները։


Իսկ էկրանին ժամանակ առ ժամանակ երեւում էր հայտնի արտիստների ու արվեստագետների, մտավորականների խոսքը՝ ուղղված տաղանդավոր դերասանուհուն։ Ծաղիկներով ողողվել էր բեմը, որ նետում էին նրա ոտքերի տակ ուսանողները, գործընկերները, հանդիսատեսը։ Ըստ սցենարի՝ դերասանուհու ուսանողները հայտնվում էին թե հանդիսասրահում, թե բեմում, ցուցադրելով բեմական խոսքի վարժանքներ (Գրետա Մեջլումյանը տասնամյակներ շարունակ դասավանդում է բեմական խոսք)։ Սպասելի էր նաեւ, որ կներկայացվեն նաեւ դերասանուհու ստեղծագործական կյանքի դեռեւս չհանրայնացված դեպքեր, պատմություններ։


Երեկոն վարողները պատմեցին, թե ինչպես Արցախում Ռուզանի փայլուն դերակատարումից հետո տիկին Մեջլումյանին է մոտեցել բառացիորեն երեք օր առաջ որդուն հողին հանձնած մի մայր ու մանուշակներ շաղ տվել նրա ոտքերի տակ, իսկ հանդիսատես զինվորները՝ ներշնչված դերասանուհու խաղով, լիցքավորել են զենքերը՝ ի նշան թշնամուն ոչնչացնելու պատրաստակամության։ Հիշեցին նաեւ նշանավոր թատերագիր Լեւոն Հախվերդյանի խոսքը. «Այս դերասանուհին շատ շնորհքով է, լավ ապագա ունի, լավ կնայեք»։

Ընթերցվեց ուղերձ-շնորհավորանք, որը տեղեկացնում էր, թե Սունդուկյանի անվան թատրոնում կնշվի դերասանուհու հոբելյանական երեկոն եւ կկայանա նրան նվիրված գրքի շնորհանդեսը։ Տեսաուղերձում էլ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Էլբակյանը նշեց, որ Գրետա Մեջլումյանն արդի հայ թատրոնի պարծանքն է…

Մեզ հետ զրույցում ճանաչված լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, որը խիստ տպավորված էր երեկոյից, մասնավորապես ասաց. «Թատերասեր հասարակությունը իսկապես միշտ բարձր է գնահատել երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի ոչ միայն ռեժիսորական տաղանդը, այլեւ նմանօրինակ միջոցառումների նրա կազմակերպման կատարելության նշաձողը, մտքի թռիչքը, ու թվում էր՝ նրանից հետո մեծարման օրիգինալ երեկոյի այլեւս ներկա չենք գտնվելու։ Երջանիկ եմ, որ սխալվեցի։ Երիտասարդ արվեստագետները գերազանցեցին, կարող եմ ասել՝ բոլորիս ակնկալիքները։ Այդ օրն այնպիսի սցենարով պատվեցին Գրետային, որ դահլիճում տեղ զբաղեցրած դերասանների խաղընկերային բեմականացումներով ու ուսանողների դասապրոցեսի մեջլումյանական «նեկայացումներով» ապշեցրին հանդիսատեսին։ Հիանալի է, կյանքը շարունակվում է երիտասարդ, համարձակ մտքերի թռիչքներով…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներն արված են Գրետա Մեջլումյանին նվիրված երեկոյի ընթացքում։

«Առավոտ» օրաթերթ
28.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930