Լույս է տեսել Մարիետա Խաչատրյանի «Դեպի կյանք» նոր գիրքը, որտեղ ներառված են նույնանուն վիպակ, պատմվածքներ եւ մանր պատումներ, նաեւ չափածո գործեր: Ինչպես եւ նախորդ՝ «Արտաժամանակ» գրքում, նոր գրքում եւս, հատկապես համանուն վիպակում նկարագրվում է հեղինակի ապրած ամենակարեւոր ժամանակը՝ դարափոխն իր վայրիվերումներով, քաղցրուլեղիով եւ դարափոխի դաջը կրող մարդկային ճակատագրերով:
Դարափոխը, անցումը նախորդ դարից դեպի նորը հայերիս մի ողջ սերնդի համար հակասությունների, երկրի ճակատագրի վերաբերյալ մտահոգությունների եւ առարկայական քայլերի ժամանակաշրջան էր, որի գեղարվեստական նկարագրությունը կրում է տեղի ունեցած իրադարձությունների վավերագրական բալաստը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հեղինակը լրագրող է: «Դեպի կյանք» վիպակը նկարագրում է ազգային զարթոնքի ժամանակն ու նրա լույսնուստվերը՝ գլխավոր հերոսների հետ կատարվողի, այդ բոլորին նրանց հայացքի միջոցով:
Պատմվածքներն ավելի մոտ են ներկա ժամանակին, վերջին արցախյան պատերազմի անմիջական արձագանք-պատումներ եւս կան, որոնցից մեկը պարզապես իրապատում է:
Մանր պատումներում փոխանցվում է վերջին տասնամյակում միջին երեւանցու շուրջբոլորը կատարվողի մտահայեցումը: Դրանցում կարելի է գտնել եւ երեւանյան կոլորիտ, եւ բարքերի նկարագրություն, եւ կենցաղի նկարագրություն:
Գրքում հեղինակը փորձում է տալ իր ժամանակի անկեղծ, չխաղարկված, չմիջնորդավորված, գրականորեն անճանաչելի չդարձրած համապատկերը, ինչպես գրքի նախաբանում է նշված: Այնտեղ երեւանցին կգտնի վերջին տարիներին իրեն հուզած թեմաները, անմիջականորեն իր մասնակցությամբ ապրված կյանքի նկարագրությունը:
Գիրքը տպագրել է «Վան Արյան» հրատարակչատունը, գրքի ձեւավորման հեղինակը Կարինե Արզումանյանն է, գիրքը ձեւավորվել է հեղինակի գեղանկարչական աշխատանքներով:
«Առավոտ» օրաթերթ
28.06.2023