Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Մնացականյանի մահվան դեպքով քրեական 2-րդ վարույթն է նախաձեռնվել

Հունիս 28,2023 23:23

2022  թվականի ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքով  երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել:

«Վարորդի վերաբերյալ վարույթի շրջանակներում  շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետախուզում չհարուցելու որոշում էր  կայացվել: Այդ որոշումը բողոքարկել էի դատական կարգով եւ հիմնավորել էի, որ այդ որոշում ընդունելը դեռ վաղաժամ է, որովհետեւ ամբողջական  քննություն չեն կատարել այդ հանգամանքները պարզելու համար, հատկապես՝ ավտոմեքենայում գործող ռադիոկապի ձայնագրությունը չեն հայտնաբերել, բավարարվել են ոստիկանության գրությամբ առ այն, որ տեխնիկական պատճառով ձայնագրություն չի կատարվել, ինչը կառավարության որոշմամբ պարտադիր է:

Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքս, արձանագրեց՝ առկա  է տուժողի իրավահաջորդի իրավունքի  եւ շահերի խախտումներ վարույթի ընթացքում, քանի որ շարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել,  մինչդեռ վաղաժամ է եղել, համապատասխան ապացուցողական գործողությունները չեն կատարվել:

Փաստացի նոր քրեական վարույթ նախաձեռնելը պարտադիր դարձավ շարասյան ղեկավար կազմի արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար: Վարույթը նախաձեռնվել է նախկին քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»,- Aravot.am-ին ասաց Սոնա Մնացականյանի մահվան դեպքով տուժող ճանաչված Մնացական Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը (լուսանկարում):

Ըստ նրա՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ շարասյան ու կորտեժի ղեկավարները պատասխանատվություն են կրում ավտոմեքենաների արագության համար. «Դատախազությունը, երբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում էր կայացրել, նշել էր, որ այդ պատասխանատվությունը, թեեւ նախատեսված է, սակայն իրագործման մեխանիզմներ չկան: Այսինքն՝ անորոշ է՝ ինչ կերպ պետք է այդ պատասխանատվությունը կրեն, ինչ կերպ պետք է իրենց պարտականությունները իրացնեն: Գտել էին, որ այդ անորոշության պատճառով հնարավոր չէ տվյալ անձանց մեղադրանք ներկայացնեն: Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ այդպիսի հետեւությունները վաղաժամ են, որովհետեւ ամբողջական քննություն չի արվել, որ խոսվի անորոշության մասին»:

Փաստաբանի խոսքով՝ նոր քրեական վարույթի շրջանակում կարգավիճակ ունեցող անձինք չկան, միայն մահացած Սոնա Մնացականյանի հայրն է ճանաչվել  տուժող. «Մեր ասելիքը հետեւյալն է, որ նախ քննություն իրականացրեք, ձեռք բերեք ռադիոկապի ձայնագրությունները, ձեռք բերեք ներքին գերատեսչական ակտերը, թե յուրաքանչյուրն ինչ պարտականություն ունի, ամբողջական քննություն անելուց հետո նոր կարող եք անդրադառնալ անձանց արարքներին, ասել՝ արդյոք որոշակի է, թե անորոշ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930