Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի կնքմանը հավելյալ կարող է նպաստել ՄԱԿ-ը. Մարիա Զախարովայի պատասխանը` «Առավոտ»-ին

Հունիս 28,2023 22:30

«Ռուսական կողմի համար կարևոր նշանակություն ունի այն փաստը, որպեսզի հնարավոր Խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև լինի կայուն և անխաթար։ Պատմության մեջ, ինչպես նաև նորագույն պատմության, մենք գիտենք շատ օրինակներ, երբ կատարած լինելու նշան (галочка) դնելու նպատակով կնքվում են մեծ թվով պայմանագրեր, որոնք հետագայում իրականություն չեն դառնում», – պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ռուսական կողմի համար ունի՞ արդյոք, սկզբունքային նշանակություն այն հանգամանքը, թե որտե՞ղ կամ ու՞մ հովանու տակ կկնքվի հնարավոր Խաղաղության պայմանագիրը, հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում։

«Դուք շատ լավ հիշում եք, որ նույնիսկ, Հայաստանին վերաբերող և մեծ միջնորդական ջանքեր պահանջած պայմանավորվածություններ են եղել, որոնք իրականություն չեն դարձել՝ տարբեր պատճառներով։ Դրանից իսկ ելնելով՝ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի կայուն և հաշվի առնի Հայաստանի ու Ադրբեջանի հետաքրքրությունների հավասարակշռությունը։ Հասնել նման արդյունքի հնարավոր է միայն այն պարագայում, երբ հետևողականորեն կիրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը»,- փաստեց Զախարովան։

Ըստ նրա, այդ ճանապարհային քարտեզը իր մեջ ներառում է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերի հավաքական համալիրը, որը ընդունվել է 2020-2022 թթ ընկած ժամանակահատվածում։ Հավելյալ ջանքերի անհրաժեշտության դեպքում, իսկ նման բան հնարավոր է, քանզի իրավիճակը զարգացումներ է ապրում, ըստ ԱԳՆ խոսնակի, կարելի է մտածել այն ուղղությամբ, որ, օրինակ, գործընթացին նպաստի ՄԱԿ-ի համապատասխան որոշումը։ Սակայն, դրա համար անհրաժեշտ է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համաձայնությունը։

«Իսկ եթե մենք խոսում ենք գործընթացին ուղղված Արևմտյան երկրների միջնորդական ջանքերի մասին, որը հիմա շատ է քննարկվում, որպես այլընտրանք, ապա տպավորություն է ստեղծվում, որ գնում է ինչ-որ խանդագին մրցակցություն Մոսկվայի հետ, այն ձգտմամբ, որ այդ օրակարգը վերաձևավորվի Արևմուտքի կողմից և վերցվի սեփական ձեռքերի մեջ։

Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղ համակեցությունը Արևմուտքին հետաքրքիր չէ։ Գլխավորը այս պարագայում նրանց համար Մոսկվային հակառակվելն է, գլխավորը իրենց մասին բարձրաձայնելն է, գլխավորը գրելն է իրենց անունը պատմության մեջ և իհարկե, հնարավորության դեպքում ազդեցության գոտիներ ստեղծելը։ Եթե նրանք ուզում են լինել իրական միջնորդներ, ապա պետք է վերջ դնեն զրոյական արդյունքով «нулевая сумма» խաղերի առաջ բերմանը։ Արևմուտքի ջանքերը՝ բերել խաղաղություն Անդրկովկասում կարող են կենսունակ լինել միայն այն պայմանով, երբ չունենան հակառուսական ուղղվածություն և չմրցեն մեր ջանքերի հետ»,-եզրափակեց Մ․ Զախարովան։

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930