Սյունիքի մարզի Օխտարի դպրոցի ավտոբուսի վթարի հետեւանքով տուժել են Տիգրանուհի Բադալյանի երկու որդիները։ Փոքր տղան 8-ամյա Գեւորգը, որը դատարան էր եկել, մինչեւ օրս չի քայլում․բժիշկները ասում են նման կոտրվածքներից հետո դեռ երկու տարի բուժում է պետք։ Չնայած սրան՝ Տիգրանուհին, տուժած երեխաների ծնողներն ու մանկավարժները Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին, որ գույքային եւ այլ պահանջ չունեն 75-ամյա վարորդ Լեռնիկ Գրիգորյանից։ Նրանց խոսքով մեղադրյալ վարորդի կողքին՝ նույն աթոռին, պետք է նստեին նաեւ տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ արագացված ու համաձայնեցված դատաքննության ընթացքում, դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճռով Լեռնիկ Գրիգորյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանվեց 2 տարի փորձաշրջան։ Վթարի հետեւանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար՝ Թամարա Դավթյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ մնացած 22 ուղեւորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
Օխտարի միջնակարգ դպրոցը պայմանագիր էր կնքել «Լավ ընկեր» ՍՊ ընկերության հետ, որն էլ իրականացնում էր դպրոցի սովորողների եւ աշխատակիցների տեղափոխումը։ Վթարին հաջորդող օրերին Կապանում տեղեկություններ էին շրջանառվում, որ ավտոբուսը տեխնիկական խնդիր ուներ, նույնիսկ տեխզննում չէր անցել։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաավտոտեխնիկական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի կառավարելիությունը եւ ընթացքի կայունությունն ապահովող համակարգերը, ագրեգատները եւ դետալները, ղեկային կառավարման ու բանվորական արգելակային համակարգերը, ընթացային մասերը, մինչեւ տվյալ պատահարը, նախընթաց շահագործման ընթացքում գտնվել են սարքին վիճակում: Սակայն, Տիգրանուհի Բադալյանը թերահավատորեն է վերաբերում փորձաքննության եզրակացությանը։ «Ես մի փոքր «Տոյոտա Վից» ունեմ։ Այս պահին տանենք փորձաքննության՝ 1500 հատ խնդիր կգտնեն։ Ա՞յդ ոնց եղավ որ ավտոբուսը ոչ մի տեխնիկական խնդիր չուներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Տիգրանուհի Բադալյանը։
Կարդացեք նաև
Ասում է՝ փորձաքննության եզրակացության մեջ անգամ մի բառ չկար, որ «Լավ ընկեր» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը գոնե փոքրիկ անսարքություն ունենար։ Տիգրանուհու համար ի սկզբանե էր պարզ՝ թե ինչպես էր լինելու եզրակացությունը, քանի որ 30 հազար բնակիչ ունեցող Կապանում «քչերն ունեն հնարավորություն՝ վարելու այնպիսի շքեղ ավտոմեքենաներ, որոնք վարում են տրանսպորտային այդ ընկերության ներկայացուցիչները եւ ունենան այնպիսի բարեկամ-խնամիական կապեր, ինչպիսին ունեն նրանք»։ «Լավ ընկեր»-ը սպասարկում է նաեւ Կապանի քաղաքային ու միջքաղաքային երթուղիները, ու Տիգրանուհի Բադալյանը հույս ունի, որ բնակիչները գոնե հիմա կզգաստանան ու կպայքարեն, որպեսզի այլեւս նման վթարներ տեղի չունենան։
Նա խորհրդակցել է մի քանի իրավաբանների հետ, որոնք խորհուրդ են տվել դիմել ու պահանջել նոր փորձաքննություն, սակայն ինքն ու մնացած տուժողներն ո՛չ նյարդեր ունեն, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հավատ՝ արդարությունը վերականգնելու համար։ «Եթե Հայաստանում կա արդարադատություն, թող այդ ոլորտի մի ներկայացուցիչ գտնի նույն փորձագետին եւ պարզի իրականությունը»,-ասաց Տիգրանուհի Բադալյանը։
Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նաեւ «Լավ ընկեր» ՍՊԸ-ի տեսակետը։ Վերջինիս ղեկավար Վահե Համբարձումյանը լրագրողների հետ ունեցած հեռախոսազրույցում նշել է, որ ինքը Երեւանում է։ «Դեպքի օրը ես եղել եմ հիվանդանոցում ու բոլոր տուժողներին ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է»,-ասաց նա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ