Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմարդկային ջանքեր են պետք, բացառիկ զգոնություն ու սթափություն մեզանից յուրաքանչյուրից, որպեսզի կանխենք Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրագործումը. Ռուբեն Վարդանյան

Հունիս 28,2023 21:40

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը ժամ ժամի սեղմում է օղակն Արցախի շուրջ: Այդ երկրի իշխանությունները անթաքույց ներկայացնում են իրենց նպատակները՝ կազմաքանդել Արցախի պաշտպանական բանակը, պետական ինստիտուտները՝ միաժամանակ սովի մատնելով ու անելանելի դրության մեջ դնելով 120,000 հայերի:

Նրանք խնդիր են դրել կարճ ժամկետներում իրականացնել էթնիկ զտման ու բռնի տեղահանման իրենց ծրագիրը: Արցախի պաշտպանական բանակի դեմ տարվող տեղեկատվական արշավը ցույց է տալիս, որ իրենք փորձում են մեզ թողնել առանց պաշտպանության, զինաթափել: Բոլորս էլ գիտենք հենց մեր իսկ ցավոտ պատմությունից թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ այստեղ ապրող հայերի համար:

Ես բազմիցս նշել եմ, որ թե՛ ռուս խաղաղապահները, թե՛ միջազգային գործընկերները, թե՛ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հստակ անելիքներ ունեն նման վտանգավոր սցենարը կանխելու հարցում: Բայց ես ուզում եմ նաև խոսել՝ մեր՝ Արցախում ապրողներիս քայլերի մասին: Որքան էլ որ մեզ թվա, որ մենք մենակ ենք, որքան էլ իրավիճակը անելանելի թվա ու ծանր, իմացեք միայն պայքարի, չհանձնվելու դեպքում մենք կկարողանանք ապահովել արժանապատիվ կյանք մեր ու մեր երեխաների համար Արցախում:

Վերջին երեսուն տարվա մեջ Արցախը շատ դժվարություններ է տեսել, այստեղ ապրողներից շատերը երեք պատերազմ են տեսել, ցավ, մարդկային կորուստներ, դաժանություններ, բայց Արցախում աներևակայելի ուժ կա, որ օգնում է դիմակայել այս ամենին:

Այսօր իսկապես գերմարդկային ջանքեր են պետք, բացառիկ զգոնություն ու սթափություն մեզանից յուրաքանչյուրից, որպեսզի կանխենք Ադրբեջանի հանցավոր ծրագրի իրագործումը:

Այսօր ևս չորս երիտասարդ կյանք մենք կորցրեցինք: Մենք՝ ապրողներս պարտք ունենք նրանց առաջ: Պարտք ունենք շարունակել նրանց գործն ու հայկական պահել Արցախը»:

 

Լուսանկարը` Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930