Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Գյումրիում՝ օգոստոսի 5-ին։ Այս քաղաքն արդեն նախապատրաստությունների մեջ է․ հյուրանոցային սենյակներ են ամրագրվում, քաղաքի արտաքին տեսքն են զարդարում․ բանուկ հատվածներում էկրաններ տեղադրում, արագ սննդի կետերն ավելացնում, ինտերնետ կապի հասանելիությունը բարելավում։
Այդ ընթացքում ոստիկանական ուժեղ հսկողություն են իրականացնելու։
Գյումրու ավագանին այսօր բավական մեծ գումար հատկացրեց այս խաղերին մասնակցելու համար․ 13 միլիոն դրամ, որից 8 միլիոնը կծախսվի համազգեստների, 5 միլիոնն էլ մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։
Կարդացեք նաև
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության, Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների ու ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ այսօր կազմակերպչական աշխատանքներին առնչվող խորհրդակցություն է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի առանձնասենյակում։
Մարզպետը, կարևորելով համահայկական խաղերի նշանակությունը Շիրակի մարզի մարզամշակութային կյանքի, ինչու չէ նաև Գյումրու տնտեսական աշխուժացման գործում, խոստացել է՝ անել ամեն հնարավորը դրանք բարձր մակարդակով անցկացնելու համար։
Համայկական խաղերին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի փաստմամբ, օր օրի ավելանում են հայտ ներկայացնող երկրների ու մարզիկների թիվը։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ որոշակի մանրամասներ են տեղադրված մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից։
Իշխան Զաքարյանը, ըստ մարզպետարանի պաշտոնական լրահոսի, տեղեկացրել է․
«Այս պահի տվյալներով, ամենամեծ պատվիրակությունը կժամանի Ռուսաստանի Դաշնությունից՝ 18 քաղաքից շուրջ 430 մասնակից, այնուհետև Թուրքիայից՝ 5 քաղաքից 374 մասնակից, Վրաստանից՝ 7 քաղաքից 301 մասնակից, 247 մասնակից 10 քաղաքից կժամանի ԱՄՆ-ից, 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից, պատվիրակություններ կլինեն Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից՝ Հայաստանի մասնակիցների հետ ընդհանուր մինչ այժմ գրանցված մարզիկների թիվը հասնում է 5500-ի»։ Իհարկե, հայտերի ընդունումից հետո տեղի կունենան վիճակահանություն։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, առաջիկա օրերին կձևավորվի նաև մարզային շտաբ, որն համակարգելու է կազմակերպչական աշխատանքները։
Ջահը կվառվի հուլիսի 22-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի