Այս տարվա մարտի 10-ին Սյունիքի մարզի Օխտարի միջնակարգ դպրոցի ավտոբուսի վթարի գործով մեղադրվող 75-ամյա Լեռնիկ Գրիգորյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարելով, որ լիովին ընդունում է մեղքը եւ զղջում կատարվածի համար՝ դատարանից խնդրեց արագացված եւ համաձայնեցված դատաքննություն։ Լեռնիկ Գրիգորյանը տրանսպորտային ծառայություններ մատուցող «Լավ ընկեր» ՍՊ ընկերության վարորդն էր։ Ըստ մեղադրանքի՝ Լեռնիկ Գրիգորյանը ունենալով տեխնիկական հնարավորություն, համարժեք միջոցներ չի ձեռնարկել երթեւեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու նպատակով։
«Ուշադիր չհետեւելով առջեւում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթեւեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, վարորդն իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն»,-մեղադրական եզրակացության մեջ նշեց հանրային մեղադրող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Արդյունքում, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից եւ Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը։ Վթարի հետեւանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար՝ Թամարա Դավթյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղեւորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով վարորդի առողջությանը եւս պատճառվել է միջին ծանրության վնաս:
Կարդացեք նաև
Լեռնիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրա նկատմամբ կիրառվել էր բացակայելու արգելքը:
Նիստին ներկա տուժողները հայտարարեցին, որ ոչ մի գույքային կամ այլ պահանջ չունեն 75-ամյա վարորդից ու դատարանին միջնորդեցին՝ դատական հաջորդ նիստը շարունակել առանց իրենց մասնակցության։ Հանրային մեղադրող Արթուր Սարգսյանը դատարանին միջնորդեց Լեռնիկ Գրիգորյանին դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։
Մեղադրյալի պաշտպան Մուշեղ Վարդանյանը միջնորդեց՝ իր վստահորդի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան։ Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճռով, Լեռնիկ Գրիգորյանը դատապարտվեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանվելով 2 տարի փորձաշրջան։
Դատարանի դահլիճում էր նաեւ տարիքով ամենափոքր տուժողը՝ 8 տարեկան Գեւորգ Հովակիմյանը։
Թե ինչու տուժողները ոչ մի պահանջ չներկայացրին մեղադրյալին՝ կներկայացնենք առանձին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ