Երբ գալիս է քաղցկեղով հիվանդ երիտասարդ կին՝ բոլորովին այլ զգացողություններ ես ունենում, բայց, երբ գալիս է 18 տարեկան որդուն կորցրած մայր ու ուզում նորից հղիանալ՝ բոլորովին այլ է: Իսկապես աստվածահաճո գործ է, երբ կարողանում ենք այդ կանանցից որևէ մեկին օգնել ու կրկին պարգևել մայրանալու բերկրանքը: Այս մասին «Նոյան տապանի» մամուլի սրահում ասաց Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով, թեպետ կենտրոնի բժիշկները առանձնահատուկ ուշադրությամբ ու հոգատարությամբ են վերաբերվում կրկին մայրանալ ցանկացող որդեկորույս մայրերին, այդուհանդերձ նրանք հոգեբանական շփման, արտահայտվելու կարիք են զգում:
«Պետք է կարողանալ մարդկանց հասկացնել, որ քաղցկեղը դատավճիռ չէ և նրանք փրկվելու են ու շարունակել ապրել: Այդ ամենը պետք է մարդկային, խիստ հասարակ լեզվով բացատրել»,-ասաց տիկին Հակոբյանը՝ նշելով, որ կենտրոնի գործունեությունը սկսել են 22 աշխատակցով, իսկ հիմա այդտեղ աշխատում են ավելի քան 150 հոգի, եթե այցելությունների թիվը կենտրոնի մեկնարկին օրական 2-3 հոգի է, ապա հիմա՝ 200-300 հոգի:
Անդրադառնալով, կենտրոնում ձևավորված վերականգնողական բաժանմունքին՝ նշեց, որ այն նախաձեռնել են հաշվի առնելով հայ կնոջ ինքնամոռաց նվիրվածությունն ընտանիքին: Այս կենտրոնի միջոցով հոգ են տանում, որպեսզի կանայք անցնեն պրոֆիլակտիկ հետազոտություններ: Որքան վաղ հայտնաբերվի քաղցկեղը, այնքան ավելի արագ կարողանում են անհետևանք՝ առանց քիմիայի, առանց ճառագայթման, ընդամենը վիրահատական միջամտությամբ բուժել ու վերականգնել առողջությունը:
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ քովիդից առաջ հոգեբանական խմբակներ են կազմակերպել, որի ընթացքում արդեն առողջությունը վերականգնած կանայք իրենց բուժման ուղին ու փորձառությունն են փոխանցել նոր բուժառուներին: «Այդ վերականգնողական բաժնի ստեղծումն անմիջականորեն կապված է բուժառուների խնդիրների հետ՝ ողնաշարի, թևերի այտուցների, որոնց հետ ապրելը շատ դժվար է, դա ամենօրյա խնդիրներ է ստեղծում կնոջ համար, թեկուզ ճաշ եփելն արդեն շատ մեծ դժվարություն է: Դրա համար մեր կենտրոն հրավիրեցինք մի երիտասարդի, ով 6 տարի աշխատել էր ԱՄՆ-ում և շատ լավ տիրապետում է լիմֆոդրենաժին: Հիմա մեր կենտրոնում վիրահատված կանայք անցնում են այդ վերականգնողական ծառայության ողջ փաթեթը՝ անվճար: Այս ծառայությունից կարող են օգտվել նաև այլ կլինիկաներում վիրահատված բուժառուները»,-տեղեկացրեց Խաչանուշ Հակոբյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ