Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի խաղաղասիրությունն ավելի շատ պտուղներ է բերում Ադրբեջանին, քան Հայաստանին

Հունիս 28,2023 19:01

Հայկական կողմը մշտապես հետաքրքրված է եղել տարածաշրջանային կայունությամբ և խաղաղությամբ: «Խաղաղության դարաշրջան» թեզով, սակայն, առաջնորդվում է միայն ներկա իշխանությունը՝ ստեղծելով խաղաղության «բարիքների» պատրանք:

Զավեշտալին այն է, որ պաշտոնական Բաքուն, համաշխարհային թողտվությամբ, մատների վրա խաղաղեցնում է խաղաղասեր պաշտոնական Երևանին, բայց մեր իշխանությունը շարունակում է լրջորեն առաջ մղել խաղաղության պայմանագրի ձեռքբերումը՝  չգիտակցելով կամ անտեսելով ակնհայտ մի ճշմարտություն–Ադրբեջանը թքած ունի, թե՛ խաղաղության, թե՛ միջազգային իրավունքի, թե՛ իր ստորագրած փաստաթղթերի վրա: Ադրբեջանին հետաքրքրում է միայն Հարավային Կովկաս առանց Հայաստանի:

Այսօր, երբ ԱՄՆ-ում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, հարևան երկիրը կրակ է բացել Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է հայ չորս զինծառայող: Փաստը, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունեցել հենց վաշինգտոնյան Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման օրը, ապացուցում է, որ Ադրբեջանի համար բանակցություններն ընդամենը ժամանակ շահելու միջոց են իր երկարաժամկետ՝ հակահայկական նպատակներին հասնելու համար: Ավելին, այս գիշերվա դեպքերը փաստում են նաև այն, որ նույնիսկ բարեկամ Միացյալ Նահանգները, որտեղ ընթանում են խաղաղության քննարկումները, չի կարողանում (կամ չի ցանկանում) զսպել Բաքվի ծավալապաշտությունը:

Մայիսի վերջին՝ քիշնևյան Փաշինյան-Մակրոն-Միշել-Շոլց-Ալիև  հանդիպմանն ընդառաջ, Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդես էր եկել սպառնալից և ռազմաշունչ հայտարարություններով՝ կրկին ընդգծելով ադրբեջանական ագրեսիվ ոգին և անհավատարմությունը «խաղաղության դարաշրջանին»:

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա: Պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը: Հայկական զորքը պետք է դուրս գա Ղարաբաղից: Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում: Թող չմոռանան, որ այստեղից երևում են Հայաստանի գյուղերը», – հայտարարել էր Ալիևը, շարունակել՝ «Բոլորին լավ հայտնի է, որ մենք հնարավորություն ունենք Ղարաբաղում ցանկացած օպերացիա իրականացնել: Այդ պատճառով, Ղարաբաղի խորհրդարանը պետք է ցրվի, այն տարրը, որն իրեն նախագահ է համարում, պետք է հանձնվի: Նախարարները, պատգամավորները և մյուս պաշտոնյաները պետք է թողնեն իրենց պաշտոնները: Միայն այդ դեպքում կարող է ամնիստիայի մասին խոսք լինել», – ասել էր նա:

«Խաղաղության դարաշրջանով» առաջնորդվող քաղաքական իշխանությունը պարտավոր է հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ շոշափելի և իրատեսական է համարո՞ւմ, արդյոք, խաղաղություն վերը նշված ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականություն ստանձնած պետության հետ: Եթե այսքան ժամանակ «խաղաղության դարաշրջան» ծրագիրը առարկայական արդյունք չի գրանցել, միգուցե՞ պետք է այլ ռազմավարություն որդեգրել տարածաշրջան հարաբերական կայունություն մտցնելու նպատակով, մանավանդ երբ վարչապետ Փաշինյանն ինքն է ասում, որ Ադրբեջանը Արցախում այժմ էթնիկ զտմամբ է զբաղվում:

Ի վերջո պետք չէ մոռանալ, որ հրապարակայնորեն Իլհամ Ալիևը երբևէ չի հստակեցրել, որ ՀՀ տարածքը 29.8 հազար քկմ-է: Եթե նա դա չի անում, ինչո՞ւ են հայկական իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով շեշտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար քկմ-ով:

Եթե մոտալուտ ապագայում կնքվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, Բաքուն այն կնքելուց շաբաթներ, օրեր կամ ժամեր անց կիրագործի արդեն սովորական դարձած պարբերական ագրեսիաներ՝ շարունակելով առաջ մղել ծավալապաշտական նախապայմաններ և շեղվելով խաղաղության պայմանագրի դրույթներից (սահմանագծում և սահմանազատում հնարովի քարտեզներով, միջանցք դեպի Նախիջևան, ԼՂ հայերի էթնիկ զտումներ, «Արևմտյան Ադրբեջան» և այլն): Միջնորդ պետություն(ներն) էլ հանդես կգան երկու կողմին ուղղված՝ խաղաղության պայմանագրին հավատարիմ մնալու սին կոչերով: Կարճ ասած՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կրկնություն:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու հետ միասին հայկական դիվանգիտությունից անհետացավ նաև համարձակությունը: Ադրբեջանի ցանկացած սադրանքի Երևանն անդրադառնում է անհամարժեք և անատամ արձագանքներով: Օրինակ, նախագահ Ալիևի վերոհիշյալ խոսքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «անհասկանալի» որակեց և վերջ, ինչը խոսում է բարձրագույն ղեկավարության՝ իրավիճակը համարժեք գնահատելու անկարողության մասին: Հայաստանին անհրաժեշտ է համարձակ դիվանագիտություն:

Հիմա Վաշինգտոնում կշարունակվեն բանակցությունները, որոնք մեծ հաշվով մեզ ոչինչ չեն տա, իսկ Արցախը կորցրեց ևս չորս հայորդի: Երևանի դիվանագիտության այս չափ անհամարժեքությունը Բաքվի «դիվանագիտությանը» արդեն հասել է վտանգավոր մակարդակի, որի արդյունքը տեսանք անցնող գիշեր:

Իհարկե, պետք չէ կրկնօրինակել այն, ինչ Ադրբեջանն է անում: Սակայն կա մի ճշմարտություն–եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինեք պատերազմի:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930