Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպոլը պատրաստ է օժանդակելու ԵՄ անդամ կամ գործընկեր հանդիսացող երկրներում գործող կոնտակտային կետերին Հայաստանի առավել ինտեգրմանը

Հունիս 28,2023 18:35

Հայաստանում գտնվող՝ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել անդրազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարում, բացի Եվրոպայի միության անդամ երկրներից, նաև ԵՄ-ի հետ համագործակցող երկրներին փորձագիտական, տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու՝ Եվրոպոլի առաքելությունը։ Արգիշտի Քյարամյանը հույս է հայտնել, որ տիկին գործադիր տնօրենի այցը նոր էջ կբացի Եվրոպոլի և ՀՀ քննչական կոմիտեի միջև սերտ համագործակցության համար։ Քննչական կոմիտեի նախագահը դրա անհրաժեշտությունը պայմանավորել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցագործությունների, կրիպտոարժույթների կիրառմամբ փողերի լվացման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության խթանման, ինչպես նաև՝ երկրից հանցավոր ճանապարհով դուրս բերվող կապիտալի վերադարձմանը և ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն աջակցելու կարևորությամբ։

Տիկին դը Բոլը շեշտել է իր այցի կարևորությունը՝ ՀՀ իրավապահ համակարգի հետ գործակցության ընդլայնման, Հայաստանին Եվրոպոլի աջակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու առումով։ Նա նշել է, որ Եվրոպոլը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է օժանդակելու ԵՄ անդամ կամ գործընկեր հանդիսացող երկրներում գործող կոնտակտային կետերին Հայաստանի առավել ինտեգրմանը, որի նախադրյալներն արդեն դրվել են։ Հաղորդակցության միջազգային այս հարթակը հնարավորություն կտա նաև ՀՀ քննչական կոմիտեին կտրուկ բարձրացնելու ցանցում ընդգրկված երկրների իրավասու կառույցների հետ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, իրավական խնդիրներին արձագանքելու օպերատիվությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ձեռք են բերվել համագործակցությունն առարկայական դարձնելուն ուղղված պայմանավորվածություններ։

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930