«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Վաշինգտոնում Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հիմա ընթացող՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ ընթացող բանակցություններին՝ ասաց. «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների պահին, մի պայմանագրի շուրջ, որի կետերից մեկը միջազգային երաշխիքներն են, միջազգային երաշխիքների ներքո Ադրբեջանը երեկ գիշեր բանակցություններին զուգահեռ կրակել է Արցախի Մարտակերտի եւ Մարտունու շրջանների վրա, կրակել է ծանր զինատեսակներով, որի արդյունքում մենք ունենք չորս զոհ: Ալիևն, ըստ էության, կրակեց այն միջազգային երաշխիքների վրա, որից կախված՝ Հայաստանի իշխանությունն ուզում է Արցախը տեղավորել Ադրբեջանի կազմում, որի գործընթացը , ըստ էության, դե յուրե, կարելի է ասել, սկսված է:
Կրկին հիշեցնում եմ, երեկ գիշեր, այն պահին, երբ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանը ծանր զինատեսակներից կրակում է, որից զոհվել են Արցախի պաշտպանության բանակի չորս զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադեւոսյանը եւ Գագիկ Բալայանը: Ահա Նիկոլի բերած ապագան: Եվ այդ մշտական հոգեհանգիստը, այս հարատեւ մահերը չեն դադարելու, քանի իշխանության է Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական թիմը»:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր ելույթի պահին ավարտվել է Արցախի խորհրդարանի նիստը, որում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարություն: «Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլեւ նրան հասցրել է բնաջնջման եզրին: Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ-ոք իրավունք չունի խախտել»,- ասված է հայտարարությունում, որին հետեւել է պահանջը՝ անմիջապես դադարեցնել բանակցությունները:
«Ես կարծում եմ, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը պիտի միանան Արցախի խորհրդարանի հայտարարությանը եւ պահանջեն Արարատ Միրզոյանից՝ հենց հիմա ընդհատել բանակցությունները, որոնց ավարտը, ըստ որոշ աղբյուրների, շարունակվելու են մինչեւ հունիսի 29-ը: Արարատ Միրզոյան, դու պարտավոր ես հենց հիմա ընդհատել ֆեյք խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները, որին զուգահեռ Ադրբեջանը գնդակահարում է հայ զինվորներին՝ դրանով ասելով, որ թքել եւ միզել է միջազգային հանրության բոլոր խոշոր դերակատարների վրա, եւ վերադառնաս Հայաստան: Կամ պահանջես, որ Միացյալ Նահանգների պետդեպը խստորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիան»,-ասաց տիկին Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ