Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է համահայկական ամառային 8-րդ խաղերի մայրաքաղաք Գյումրի։
ՀԽՀԿ նախագահին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ուժային կառույցների պատասխանատուները։ Ի. Զաքարյանը ներկայացրել է համահայկական ամառային 8-րդ խաղերի մինչև այս պահը կատարված աշխատանքների ընթացքը և տվել համապատասխան հանձնարարականներ Գյումրիում կայանալիք բացման արարողության կազմակերպչական աշխատանքների հետ կապված։
Անդրադառնալով արդեն մեկնարկած աշխատանքների ընթացքին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ օր օրի ավելանում է խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած երկրների ու մարզիկների թիվը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, որից հետո տեղի կունենա վիճակահանություն։
Կարդացեք նաև
Այս պահի տվյալներով, ամենամեծ պատվիրակությունը կժամանի Ռուսաստանի Դաշնությունից՝ 18 քաղաքից շուրջ 430 մասնակից, այնուհետև Թուրքիայից՝ 5 քաղաքից 374 մասնակից, Վրաստանից՝ 7 քաղաքից 301 մասնակից, 247 մասնակից 10 քաղաքից կժամանի ԱՄՆ-ից, 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից, պատվիրակություններ կլինեն Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից՝ Հայաստանի մասնակիցների հետ ընդհանուր մինչ այժմ գրանցված մարզիկների թիվը հասնում է 5500-ի։ Առաջիկա օրերին կձևավորվի մարզային շտաբ, որն համակարգելու է խաղերի բացման արարողության կազմակերպչական աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի անցկացմանն ու մասնակիցների կեցությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր, մասնավորապես, քաղաքի արտաքին ձևավորմանը, առավել բանուկ հատվածներում էկրաններ տեղադրելուն, կապի, արագ սննդի, անվտանգ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև բոլոր մարզադահլիճներում և կեցության վայրերում ոստիկանական հսկողության ուժեղացմանը, արտակարգ իրավիճակների և շտապօգնության ծառայությունների աշխատանքին առնչվող հարցեր: Շիրակի մարզպետը կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունը մարզի մարզամշակութային կյանքի աշխուժացման գործում՝ ընդգծել է, որ կարվի ամեն հնարավորը բարձր մակարդակով դրանք անցկացնելու ուղղությամբ։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե